Տրանսը մի վիճակ է, երբ մարդը մտածում է մի բան, սակայն անում մեկ այլ բան: Այլ կերպ ասած` պարզապես շեղվում է: Տրանսին հակադրվում է գիտակցության վիճակը, երբ գիտակցական ուշադրությունը կենտրոնանում է ակտուալ գործողությունների և իրադարձությունների վրա: Մյուս կողմից, ֆիքսելով ուշադրությունը մի բանի վրա, մենք ակամա շեղվում ենք մնացած ամեն ինչից: Այդ իսկ պատճառով տրանսը նաև մի վիճակ է, երբ մարդու ուշադրությունը կենտրոնանում է միայն մեկ բանի վրա:
Ինչպես տեսնում ենք, իրավիճակների մեծ մասը կարող է բնորոշվել որպես տրանսի վիճակ: Ամեն անգամ, երբ մենք կենտրոնանում ենք ոչ թե ակտուալ խնդրի, այլ մեր մտքերի վրա` լինեն դրանք հիշողություններ, ֆանտազիաներ, մտորումներ, թե մտահոգություններ, մենք ընկնում ենք տրանսի մեջ: Երբ մենք կենտրոնանում ենք միայն ակտուալ խնդրի վրա, մենք դարձյալ տրանսի մեջ ենք. հեռուստացույց դիտելիս, գիրք կարդալիս, աշխատելիս, ուտելիս:
Ասում են` տրանսային իրավիճակներում ուղեղն այլ կերպ է աշխատում: Որոշ մարդիկ ակտիվանում են, մյուսները` պասիվանում: Առաջին պլան է մղվում ոչ տրամաբանական աջ կիսագունդը. տրամաբանությունը հանգում է: Ասում են` այդ պահերին բացվում են դռները դեպի ոչ գիտակցական աշխարհ, և ի հայտ է գալիս փոփոխությունների հնարավորությունը:
Ինչպե՞ս բնորոշել տրանսի վիճակը: Դրա համար անհրաժեշտ է կողմնորոշվել տրանսի ներքին նախանշաններով.
- Ուշադրության կիզակետի նեղացում,
- Արտաքին տեղեկատվության մի մասի բացթողում (դրվագային ընկալում),
- Մարմնի ջերմաստիճանի փոփոխություն,
- Թուլություն,
- Սեփական գործողությունները վերահսկելու անկարողություն,
- Շարժվելու ցանկության բացակայություն,
- Ժամանակի ընկալման խախտում,
- Սևեռուն հայացք,
- Տեսողության կենտրոնացման կորուստ,
- Հարուստ ներքին պատկերներ:
Մի խոսքով այն ամենն, ինչ մենք հաճախ անվանում ենք "մտորումների մեջ ընկնել”, ինչպես նաև "գլուխը կորցնել”:
Խոսակցական հիպնոզի տեսանկյունից տրանսը չափազանց հարմար է ներգործության առումով: Եթե մարդ ընկղմված է հույզերի մեջ, նրան չի հուզում տրամաբանությունը: Վերապրելով անցյալի իրադարձությունները` նա կարող է գիտակցաբար չընկալել մեր որոշ ներշնչանքները, սակայն ոչ գիտակից վիճակում միևնույն է կլսի և կիրականացնի դրանք:
Ակնհայտ է, որ տրանսը մարդու բնական վիճակներից է: Եվ ոմանք նույնիսկ պնդում են, որ տրանսն անհրաժեշտ է գոյատևելու համար: Մասնավորապես հենց կարճաժամկետ տրանսն է հնարավորություն տալիս վերակազմակերպելու մեր ներքին փորձը, որպեսզի ադապտացվենք մշտապես փոփոխվող իրականության մեջ: Այդ իսկ պատճառով, բախվելով անսպասելի կամ տհաճ իրավիճակների հետ` մարդիկ ժամանակավորեապես ընկղմվում են տրանսի մեջ, որի օգնությամբ հարմարավետություն են զգում: Ամեն անգամ տրանսից "վերադառնալիս” մարդը հայտնվում է ավելի հաճելի վիճակում, քան առաջ էր, եթե իհարկե հակառակ բաներ իրեն չի ներշնչել:
Հավանաբար նկատել ենք, որ յուրաքանչյուր մեկուկես-երկու ժամը մեկ մենք միառժամանակ դժվարանում ենք կենտրոնանալ աշխատանքի վրա, և ի հայտ է գալիս ինքներս մեր մեջ ընկղմվելու ցանկություն: Դա բնական տրանսն է: Եթե այդ վիճակին չդիմակայենք, ապա քսան-քսանհինգ րոպե անց մեր մարտկոցները կվերալիցքավորվեն, և կվերականգնվի մեր աշխատունակությունը: Ի հայտ կգան նոր գաղափարներ, նոր ներշնչանք, կբացվի "երկրորդ շնչառությունը”, ինչը նշանակում է, որ մենք հանգստացել ենք:
Մարդը շատ հաճախ է ընկնում տրանսի մեջ: Ամեն անգամ, երբ "դրսում” ամեն ինչ չափազանց ձանձրալի է թվում, նա ընկղմվում է իր մտքերի մեջ: Եվ դա հենց տրանսն է: Ամեն անգամ, երբ "արտաքինից” ամեն ինչ սարսափեցնող է կամ ոչ հարմարավետ, մեզանից շատերը "թաքնվում են” տրանսի մեջ: Ցանկացած հուզական բռնկում տրանս է` աութային վիճակ, որում գրեթե ոչինչ կախված չէ գիտակցությունից:
Հարկավոր է նկատել և օգտագործել զրուցակիցների առօրյա տրանսերը, որովհետև հենց այդ պահերին են վերջիններս բաց ձեր ներշնչանքների համար: Իսկ ինչպե՞ս նկատել դա: Տրանսն ունի բնորոշող արտաքին նախանշաններ, և բավականաչափ ուշադիր լինելու դեպքում կարելի է նկատել, որ հանգիստ տրանսի մեջ ընկղմված մարդկանց մոտ առկա է.
- Կենտրոնացված տեսողություն,
- Կանգնած հայացք,
- Լայնացված բիբեր,
- Սառեցված շարժումներ,
- Փոփոխված շնչառություն,
- Դանդաղեցված թարթում,
- Կախված ծնոտ,
- Թուլացած մարմին:
Մի խոսքով նրանք ասես քնելիս լինեն: Նաև հարկ է իմանալ, որ ոչ բոլոր մարդկանց մոտ են անմիջապես ի հայտ գալիս տրանսի բոլոր այս նախանշանները:
Ի՞նչ անել, որպեսզի ձեր բնական տրանսի վիճակը չօգտագործվի ձեր դեմ:
Պատասխանը պարզ է. Հարկավոր է սովորել տրանսի վիճակին: Որքան հաճախ եք լինում տրանսի մեջ և որքան հաճախ եք նրանում լուծում ձեր խնդիրները, այնքան պաշտպանված եք: Դա կարելի է անել ինքնուրույն կամ թրեյնինգների ժամանակ: Ընդ որում, կարելի է անհրաժեշտ մարդու հետ հանդիպումից առաջ ընկղմվել ոչ մեծ կառավարելի տրանսի մեջ անվտանգ պայմաններում, և այդ ժամանակ առաջիկա կես ժամվա ընթացքում ձեր օրգանիզմը տրանսի կարիք չի ունենա: Այն արդեն լիցքավորված կլինի:
Prisma.am