Ըստ դասական սահմանման՝ հոգեկանը օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ արտացոլումն է հոգեկան տարբեր երևույթների տեսքով։ Հոգեկանը (գիտակցությունը) օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ պատկերն է։



Հոգեկանի մյուս բնութագիրն այն է, որ հոգեկանը մեր զգայություններն ու ընկալումներն է, հույզերն ու զգացմունքները, մտածողությունը, երևակայությունն ու ֆանտազիան, մեր կամքը, համոզմունքներն ու դիրքորոշումները, հակումներն ու հետաքրքրությունները և այլն։

 



Այսինքն՝ հոգեկանը մարդու ներքին աշխարհն է, որն առաջանում, ձևավորվում, զարգանում և դրսևորվում է մարդու և նրան շրջապատող արտաքին աշխարհի փոխազդեցության գործընթացում, այդ աշխարհը ճանաչելու, արտացոլելու, վերափոխելու պրոցեսում։ Հոգեկանի այսօրինակ բնութագրումը հաճախակի է օգտագործվում առօրյա կյանքում։ Օրինակ՝ ասում ենք "հոգիս ազատվեց", "հոգիս պղտորվեց", "հոգիս տակնուվրա եղավ", "նա հոգի չունի", "մեծ հոգի ունի", "հոգիս ցնծում է" և այլն։



Մեզ արդեն ծանոթ "հոգեկան գործունեություն" հասկացությունը նույն բովանդակությունն է արտահայտում, ինչ որ հոգեկանը։ Հոգեբան իդեալիստների կողմից օգտագործվող "հոգի" հասկացությունը հոգեկան հասկացության հոմանիշն է, որի մեջ առաջադեմ, մատերիալիստ հոգեբանները դնում են միանգամայն այլ, սակայն համարժեք բովանդակություն։

"Հոգեկան" ասելով՝ մենք չենք պատկերացնում "հոգի" և "գերբնական ուժերի" ակտիվություն, այլ հասկանում ենք, որ խոսքը գնում է   մարդու գլխուղեղի մասին։ Այդ հատկությունը արտահայտվում է նրանում, որ սուբյեկտը (մարդը) ակտիվորեն արտացոլում է իրեն շրջապատող իրականությունը, աշխարհը, առարկաներն ու երևույթները և գլխուղեղում ստեղծում դրանց պատկերները, որոնց հիման վրա նա կարգավորում է իր վարքն ու գործունեությունը։

Մարդու գլխուղեղում, նույնն է՝ նաև հոգեկանում, ստեղծվում են ինչպես մարդու անցյալի, այնպես էլ հնարավոր ապագայում կատարվելիք իրադարձությունների ու դեպքերի պատկերները։



Օրինակ՝ մեր գլխուղեղում, մեր հոգեկանում, գիտակցության մեջ անցյալի դեպքերը հանդես են գալիս մեր անցյալում կուտակած փորձի տվյալներում՝ հանձինս հիշողության պատկերներում, մեր ներկան՝ պատկերների, ապրումների, մտավոր ակտերի (գործողությունների) ամբողջության մեջ, իսկ հնարավոր ապագան՝ մեր նպատակների, ձգտումների, երազների մեջ։

Այսինքն՝ հոգեկանը անցյալի, ներկայի և ապագայի ամբողջական արտացոլումն է։