Երևանում գործող Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտը բացվել է 2017 թվականին։ Հիմնադիրը ֆրանսահայ ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Նորբեր Ավետյանն է։ Օրերս անվանի բժիշկը Հայաստանում էր։ Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտի տնօրեն, ուռուցքաբան, վիրաբույժ և գինեկոլոգ  Շուշանիկ Մակարյանի հետ նա  ընդունեց կենտրոնում հընթացս բուժվող և նոր դիմած 70 այցելուի։

«Այժմ ուզում եմ ավելի հաճախ գալ Հայաստան, քանի որ քաղցկեղն այստեղ բավական տարածված հիվանդություն է։ Սա պայմանավորված է նաև քովիդի թողած ազդեցությամբ։ Անհրաժեշտ է իրականացնել անհատականացված բուժում, քանի որ ճիշտ թիրախավորված մոտեցումը կարող է ապահովել ցանկալի արդյունք։ Իմ այցի նպատակն է բարձրացնել այստեղ բուժման մակարդակը և օգնել իմ հայրենակիցներին»,- մեզ հետ զրույցում ասաց Նորբեր Ավետյանը։

Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտի նպատակը քաղցկեղ ունեցող բուժառուներին թե՛ մինչվիրահատական, թե՛ հետվիրահատական շրջանում դեղորայքային բուժման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցումն է։ Ինստիտուտն ապահովում է ամենաարդիական և ամենաառաջադեմ մեթոդներով բուժում, ինչպիսին առաջարկում են աշխարհի զարգացած կլինիկաները։

Ըստ Նորբեր Ավետյանի, դեպքերի մեծամասնությունում կարիք չկա, որ քաղցկեղ ունեցող մարդը բուժման նպատակով ուղևորվի Փարիզ։ Շատ հազվադեպ է նման անհրաժեշտություն լինում։

Մեր զրույցի ընթացքում բազմափորձ բժիշկը նշեց նաև, թե որքան կարևոր է քաղցկեղի կանխարգելումը․ «Օրինակ, կրծքագեղձի քաղցկեղը շատ տարածված է նաև Հայաստանում։ Պարբերաբար հետազոտվելու դեպքում այն կարելի է կանխարգելել կամ հայտնաբերել վաղ փուլերում»։

Հիշեցնենք, որ Նորբեր Ավետյանը նաև Հայաստանում Քիմիաթերապիայի և ընդհանուր ուռուցքաբանության կենտրոնի համահիմնադիրն է, Նյու-Յորքի քիմիաթերապիայի հիմնադրամի, ինչպես նաև Ֆրանսահայ բժիշկների միության անդամ։