Ինչպե՞ս արդյունավետ իրականացնել մանկական ուղեղային կաթված ունեցող հիվանդների բուժումը, վերականգնողական գործընթացը և ինչ առաջընթաց կա այս առումով բժշկության մեջ։

Հունիսի 22-ին Երևանում մեկնարկած արևելաեվրոպական և միջերկրածովյան երկրների միջազգային գիտաժողովի ("Eastern European and Mediterranean Meeting on Cerebral Palsy and Developmental Medicine’’) 4 օրերի ընթացքում քննարկվելու են հենց այս հարցերը:

 

«Ուիգմոր Քլինիք»-ի մանկական օրթոպեդիայի ծառայության ղեկավար, բ․գ․թ․ Կարեն Քոլոյանը մեզ հետ զրույցում նշեց․

«Կոնֆերանսը համախմբել է էնտուզիաստ մարդկանց, որոնք աշխատում են հաշմանդամ երեխաների հետ, հատկապես այն երեխաների, որոնք ունեն մանկական ուղեղային կաթված։

Այն նպատակ ունի մեր տարածաշրջան բերել այս թեմայի վերաբերյալ նորագույն գիտելիքներն ու մոտեցումները երեխաներին հնարավորինս որակյալ բուժում առաջարկելու համար»։

 

Այս տարի գիտաժողովի խոսնակները 10 երկրների (ԱՄՆ, Շվեյցարիա, Ֆրանսիա, Հունաստան, Իսրայել, Լեհաստան, Վրաստան, Իտալիա, Կանադա, Հայաստան) առաջատար մասնագետներ են, մասնակցում են  200 մասնագետներ՝ առավելապես օրթոպեդներ, ֆիզիոթերապևտներ, լոգոպեդներ, հոգեբաններ։

«Շատ ուրախ եմ լինել Հայաստանում։ Նշեմ, որ մանկական ուղեղային կաթվածի թեման մշտապես իմ անձնական հետաքրքրությունների ու հետազոտությունների շրջանակում է եղել։ Գիտաժողովի ժամանակ ես ներկայացնելու եմ ՄՈՒԿ-ի առաջացման պատճառները, ինչ ռիսկի գործոններ կան, որքան հաճախ է այն հանդիպում։ Ամենակարևոր հարցերից մեկն է բացահայտել, թե որ դեպքերում կարելի է կանխարգելել ՄՈՒԿ-ը և ինչ կարող ենք անել դրա համար ժամանակակից բժշկության հնարավորությունների շնորհիվ»,- մեզ հետ կիսվեց գիտաժողովի հույն խոսնակ, մանկական նյարդաբան Անտիգոնե Պապավասիլեուն։

 

Կոնֆերանսին ներկա էր նաև կոսմետիկ, պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ամերիկահայ հայտնի մասնագետ Գրեգորի Դումանյանը, որը նաև գիտաժողովի հովանավորներից է։ Նրա խոսքերով գիտաժողովի կարևորագույն նպատակներից է տարբեր երկրների մասնագետներին մեկ վայրում հավաքելն ու նրանց համագործակցությանը նպաստելը, քննարկելը, թե ինչպես են տարբեր երկրների կլինիկաները բուժում միևնույն խնդիրը։

Հավելենք նաև, որ այս գիտաժողովը իրականացվում է երկու տարին մեկ։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել 20 տարի առաջ 2002 թ․-ին։