Ամառը հրաշալի է ոչ միայն տաք եղանակով, այլեւ մրգերի ու բանջարեղենի բազմազանությամբ: Այս սեզոնին ամենասպասվածը, թերեւս, ձմերուկն է, որն ամռան տապին իսկական փրկություն է: Սակայն բժիշկները խորհուրդ են տալիս խելամիտ չափաբաժիններով ուտել այն հատկապես նրանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն:
Ձմերուկի չարաշահումը կարող է վատ անդրադառնալ այն մարդկանց վրա, որոնք ունեն միզաքարային հիվանդություն, միզարձակման խնդիրներ, շագանակագեղձի ադենոմա եւ այլն:
Ցանկալի է չչարաշահել ձմերուկը նաեւ այն մարդկանց, որոնք ունեն սրտի հետ կապված խնդիրներ՝ ուղեկցված այտուցներով եւ հեղուկի կուտակմամբ, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտի խանգարումների դեպքում:
Ձմերուկի չարաշահումը կարող է առաջացնել սրտխառնոց, լուծ, ստամոքսի խանգարում եւ որովայնի փքվածություն:
Առողջ մարդու համար ձմերուկի նորմալ չափաբաժինն է օրական 0,5 կգ-ը, որը ցանկալի է միանգամից չուտել, այլ բաժանել մասերի: