Ժանտախտն իրենից ներկայացնում է հատուկ վտանգավոր սուր վարակիչ հիվանդություն բարձր վարակելիության և մահացության բարձր տոկոսի պատճառով: Այն ախտահարում է ավշահանգույցները, թոքերը և այլ օրգանները:

Պատճառներ
Հիվանդության հարուցիչը ժանտախտի ցուպիկն է: Հարուցիչները լվի օրգանիզմ են թափանցում հիվանդ կենդանու կամ մարդու արյունը ծծելիս: Մարդը վարակվում է լվի խայթոցից, վնասված մաշկի միջոցով հիվանդ կենդանիների հետ անմիջական շփումից, ինչպես նաև հիվանդ մարդուց: Որպես վարակի աղբյուր` առողջ մարդկանց համար հատուկ վտանգ է ներկայացնում ժանտախտի թոքային ձևով հիվանդ մարդը, որը խոսելիս, հազալիս և փռշտալիս տարածում է ժանտախտի ցուպիկ պարունակող խորխի կաթիլներ:

Պաթոգենեզ
Ժանտախտի հարուցիչը, ընկնելով մարդու օրգանիզմ, մի քանի ժամից մինչև 3-6 օր հետո առաջացնում է հիվանդության կլինիկական ախտանշաններ: Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 30-40°C: Նկատվում են ուժեղ գլխացավեր, գլխապտույտ, հաճախ` սրտխառնոց և փսխում: Հիվանդներին անհանգստացնում է անքնությունը, առաջանում են զգայախաբություններ: Ժանտախտի մաշկաբուբոնային ձևի ժամանակ հարուցչի թափանցման տեղում նաև առաջանում է կարմիր բիծ, որը վերածվում է արյունաթարախային արտադրությամբ լցված թարախաբշտիկի: Թարախաբշտիկը պատռվում է` առաջացնելով խոց: Հիվանդության առաջին իսկ օրերին ավշահանգույցներում առաջանում են, այսպես կոչված, բուբոններ: Թոքերի ախտահարումը ուղեկցվում է հազով, արյունախառը խորխարտադրությամբ, օդի անբավարարության զգացումով և հաճախ ավարտվում է մահով: Արյունավարակային ժանտախտի դեպքում ախտահարվում են աղիքները: Այն հաճախ ուղեկցվում է լուծով: Երբեմն կղանքում ի հայտ է գալիս արյան ու լորձի խառնուրդ:

Բուժում
Ժանտախտ հիվանդության բուժումն իրականացվում է միայն հատուկ հիվանդանոցում: Չնայած ժամանակակից բժշկությունն իր տրամադրության տակ ունի բուժման բավական արդյունավետ մեթոդներ, սակայն ժանտախտը դեռևս մնում է խիստ վտանգավոր հիվանդություն:
Ժանտախտի կասկածի դեպքում հիվանդին հարկավոր է անհապաղ մեկուսացնել առանձին սենյակում, իսկ նրա հետ շփված անձանց թույլ չտալ բնակարանից դուրս գալ: Հարկավոր է շտապ բժիշկ կանչել և հիվանդության մասին հաղորդել մոտակա հիգիենային և հակահամաճարակային հսկողության կայան կամ առողջապահության բաժին: Ժանտախտ գրանցված բնակավայրերում հայտարարվում է կարանտին:

Կանխարգելում
Ժանտախտի կանխարգելման համար անհրաժեշտ է մշտապես վերահսկել կրծողների քանակը և անհրաժեշտության դեպքում դրանց ոչնչացնել: Վարակի տարածման կասկածի դեպքում կատարում են իմունացում` հակաժանտախտային վակցինայով: Էական նշանակություն ունի նաև արտասահմանից այդ վարակի ներբերման կացեցումը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին