Յուինգի սարկոման ոսկրածուծային  ծագման ուռուցք է: Առաջին անգամ նկարագրվել է Յուինգի կողմից 1921 թ., որպես ոսկրի դիֆուզ էնդոթելիոմա: Տղամարդիկ հիվանդանում են երկու անգամ ավելի հաճախ, քան կանայք: Բավականաչափ հաճախ հանդիպում է մանկական տարիքում` 10-14 տարեկանում: Ուռուցքը մեծամասամբ տեղակայվում է երկար խողովակավոր ոսկրերի դիաֆիզներում, կարող է նաև տեղակայվել տափակ և կարճ  խողովակավոր ոսկրերում: Ավելի հաճախ, քան օստեոգեն սարկոմայի ժամանակ, պրոցեսի մեջ ներգրավվում են տափակ ոսկրերը` կոնքի ոսկրեր, թիակոսկրեր, կողերը և այլն:

Բնորոշ է արագ սկիզբը: Ցավերն ունեն պարբերական և նույնիսկ ալիքաձև բնույթ, անընդհատ չեն, ինչպես օստեոգեն սարկոմայի ժամանակ: Յուինգի  սարկոմայի գերակշռող և առավել կարևոր  նշանն է հանդիսանում ուռուցքի հայտնաբերումը, որը կարող է առաջին զննման ժամանակ իրականանալ:
Ռետիկուլոբջջային  սարկոման նման է Յուինգի սարկոմային, բայց ունի նաև նշանակալի տարբերություններ: Այն հանդիպում  է ավելի հազվադեպ, քան Յուինգի սարկոման, սովորաբար 30-ից 40 տարեկանում: Գործնականում չի հանդիպում մանկական հասակում:
Տղամարդիկ հիվանդանում են երկու անգամ ավելի հաճախ, քան կանայք:

Ոսկրերի ռետիկուլոսարկոման  80%-ից ավել դեպքերում տեղակայվում է ստորին վերջույթների երկար խողովակավոր ոսկրերում: Հաճախ ախտահարվում են նաև զստոսկրերը, ողերը, թիակոսկրերը, գանգի ոսկրերը, կողերը:Հիվանդությունը սովորաբար սկսվում է միջին ինտենսիվության ցավերից, որոնք ուժեղանում են գիշերը, հաճախ թռչող բնույթի` ցավերը կարող են տեղակայվել հոդերում: Բնորոշ է մոտակա հոդի ֆունկցիայի խանգարում` շարժումների սահմանափակումով, հնարավոր է հոդում հեղուկի առկայություն (ռեակտիվ սինովիտ), որը հաճախ ինքնուրույն ներծծվում է:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին