Զգայությունը ճանաչողության առաջին աստիճանն է, որն արտացոլում է առարկաների ու երևույթների առանձին հատկությունները (սև, սպիտակ, փոքր, կոշտ, փափուկ, սառը, տաք և այլն) մարդու գիտակցության մեջ։ Սակայն յուրաքանչյուր առարկա կամ երևույթ ունի բազմաքանակ հատկություններ, որոնք գիտակցության մեջ արտացոլվում են իրենց ամբողջությամբ ու փոխադարձ կապերով, որը և կոչվում է ընկալում։ Ընկալման միջոցով մարդը զգում, տեսնում, լսում է արտաքին աշխարհը և ճանաչում Է այն։ Ընկալման խանգարումները բաժանվում են 3 խմբի՝ պատրանքներ, ցնորքներ և հոգեզգայական (պսիխոսենսոր) խանգարումներ։

Պատրանքը (խաբկանք) արտաքին աշխարհի առարկաների ու երևույթների աղավաղված ընկալումն Է, ընկալման խանգարումն է օբյեկտի առկայությամբ։ Պատրանքները կարող են լինել ֆիզիկական հիմնված ֆիզիկայի օրենքների վրա, օրինակ՝ ծուռ երևացող գդալը ջրով լի բաժակում։

Աֆեկտիվ (գերզգայական) պատրանքը, պայմանավորվում է վախի կամ այլ հուզական (առավել հաճախ անկումային տրամադրություն) վիճակներով։ Օրինակ՝ գիշերը միայնակ մարդը վախի աֆեկտի ազդեցությամբ քարը կամ կոճղը ընկալում է որպես կենդանի արարած կամ մութ սենյակում կախարանից կախված վերարկուն՝ որպես մարդ։ Աֆեկտիվ պատրանքներ են դիտվում նաև մանիակալ կամ դեպրեսիվ վիճակների դեպքում, երբ նման հիվանդներն իրենց շրջապատի մարդկանց դեմքերը համապատասխանաբար՝ ընկալում են ուրախ ու խնդում կամ տխուր ու թախծալից։

Վերբալ (խոսքային) պատրանք, շրջապատի մարդկանց խոսակցությունների բովանդակությունը աղավաղված ձևով է ընկալվում։ Նրանց դիտողություններում, իրեն չվերաբերող բոլորովին կողմնակի հարցերի ու պատասխանների մեջ մարդը լսում է իր հասցեին ուղղված մեղադրանքներ, նախատինքներ, նկատողություններ, հայհոյանքներ, սպառնալիքներ։

Պարեյդոլիկ պատրանք, ընկալման աղավաղումը դրսևորվում է գերբնական պատկերների ձևով, օրինակ առաստաղի, պատի վրայի ճեղքերը կամ նկարները ընկալվում են արտասովոր բովանդակությամբ ընդունելով տարօրինակ չափեր, զանազան գերբնական կերպարանքներ։ Պատրանքները կարող են առաջանալ նաև ըստ զգայարանների՝ տեսողական, համի, հոտի, շոշափելիքի։

Ցնորքը, ընկալման խանգարումն է առանց իրական օբյեկտի։ Ցնորքով տառապող հիվանդի համար իր զգայախաբությունը ոչ թե երևակայական, այլ իրական երևույթ է, երբ նա լսում է, տեսնում է, համ ու հոտ է զգում՝ համոզված լինելով դրանց իսկության մեջ որպես գոյություն ունեցող ռեալ իրականություն։

Տարբերում են պարզ և բարդ ցնորքներ։ Պարզ ցնորքի դեպքում ցնորային կերպարը պայմանավորված է մեկ զգայարանով (հիվանդը կամ լսում է, կամ տեսնում և այլն)։ Պարզ ցնորքները կարող են ունենալ տարրական բնույթ։ Տարրական տեսողական ցնորքը կոչվում է ֆոտօպսիա (հիվանդը տեսնում է կրակ, բոց, ծուխ, կայծ և այլն), տարրական լսողական ցնորքը՝ ակոազմ (հիվանդը լսում է զանգ, ղողանջ, կրակոց, անորոշ ձայներ)։ Բարդ ցնորքի դեպքում ցնորապատկերները կապված են մեկից ավելի զգայարանների հետ (հիվանդը և տեսնում է, և լսում, և զգում և այլն)։ Ցնորքները կարող են լինել նաև իսկական և կեղծ։ Իսկական ցնորքների դեպքում ցնորային պատկերները տեղեկայվում են արտաքին աշխարհում հիվանդի շրջապատում։ Նրանք ձայները լսում են դրսից, տեսնում են սարսափեցուցիչ տեսարաններ, պատկերներ, կենդանիներ, զգում են վատ հոտեր և այդ բոլորը ընդունում են որպես իրականություն։ Տվյալ դեպքում ցնորքներն ունեն վառ զգայական հատկություն, իրական ձայների ուժ ու երանգավորում, պատկերների գունագեղություն և այլն։ Կեղծ ցնորքների դեպքում ցնորային պատկերները տեղակայված են ոչ թե իրականության մեջ ու ռեալ ձևով, այլ հիվանդի մարմնի ներսում։ Օրինակ հիվանդը ձայներ է լսում իր գլխի միջից, որովայնի խոռոչից։ Իսկական ցնորքներին հակառակ, կեղծ ցնորքների դեպքում հիվանդը զգում է, որ այդ ցնորքները «սարքովի» են, առաջացել են հատուկ նպատակով, արտաքին ինչ-որ ուժերի կողմից։ Չնայած հիվանդները նշում են, որ այդ բոլորը ստիպողական բնույթ է կրում, իրենց կամքից անկախ է առաջանում, սակայն հիվանդագին այդ ապրումների նկատմամբ քննադատական վերաբերմունք չեն ցուցաբերում։

Ինչպես իսկականը այնպես էլ կեղծ ցնորքները կարող են արտահայտվել ըստ զգայարանների։ Օրինակ՝ լսողական կեղծ ցնորքի ժամանակ հիվանդը ձայներ է լսում գլխում, կրծքավանդակում, մարմնի տարբեր օրգաններում։ Հիվանդները հաճախ գանգատվում են մտքերի հնչունությունից, գանգատվում են որ իրենց մտքերը բարձրաձայն են ու բոլորին հայտնի։ Տեսողական կեղծ ցնորքները նկարագրվում են որպես իրենց ցուցադրվող, ինչ-որ մեթոդներով ու ձևերով առաջացած զանազան պատկերներ, ուղեղում ժապավենի ձևով անցնող։ Կինեսթետիկ (շարժողական) կեղծ ցնորքների դեպքում հիվանդին թվում է, թե իր շարժումները, գործողությունները կատարվում են իր կամքից անկախ, ինչ-որ արտաքին ուժերի ազդեցությամբ։ Հազվադեպ չեն կեղծ և իսկական տհաճ բնույթի համի և հոտառական ցնորքները։ Ի. Սեգլայի կողմից նկարագրվել են վերբալ կինեսթետիկ կեղծ ցնորքներ, երբ հիվանդները նշում են, որ արտաքին ուժերի ազդեցության տակ, իրենց կամքից անկախ, լեզուն շարժվում և խոսքեր է արտասանում։

Կան ցնորքների նաև հետևյալ ձևերը.
Խոսքային (վերբալ), հիվանդը զանազան ձայներ ու խոսակցություններ է լսում, որոնք երբեմն հաճելի, իսկ ավելի հաճախ տհաճ ու սպառնալի բնույթ են կրում։ Հրամայողական (իմպերատիվ), բնորոշվում է հրամայող ձայների առկայությամբ, որոնք կարգադրում, հաճախ ստիպում են կատարել շրջապատի համար վտանգավոր այս կամ այն գործողությունը։ Նման դեպքերում հիվանդը կարող է ցուցաբերել ագրեսիվ վարքագիծ, քանի որ շրջապատի ձայներին ենթարկվում է «ինքնաքննադատության բացակայության պայմաններում»։

Մեկնաբանական, ձայները մեկնաբանում են հիվանդի արարքները, վարքը, կշտամբական են, երբեմն հիվանդի սխալներն ուղղելու նպատակ ունեն։ Հակադրական (անտագոնիստական), հիվանդը լսում է տարբեր բովանդակությամբ, իրար հակասող խոսակցություններ, օրինակ մի ականջով նա լսում է հրահանգ՜ կատարել այս կամ այն գործողությունը, մյուսով՝ ընդհակառակը՝ չկատարել, կամ մի ձայնը առաջարկում է կերակուրն ուտեի իսկ մյուսը նշում է, որ այն թունավորված է, չպետք է ուտել։
Ֆունկցիոնալ, առաջանում է արտաքին որևէ գրգռիչին զուգահեռ: Այսպես, ջրածորակից հոսող ջրի աղմուկի առկայությամբ հիվանդը զանազան ձայներ ու խոսակցություններ է լսում։ Ֆունկցիոնալ ցնորքը տարբերվում է լսողական պատրանքից նրանով, որ պատրանքի դեպքում գրգիռը ընկալվում է որպես խոսակցություն, իսկ այստեղ գրգռիչին համատեղ ցնորքներ են առաջանում։

Ընդերային (վիսցերալ). մարմնի խոռոչներում զանազան կենդանի էակների, օտար մարմինների առկայության զգացում։
Հիպնագոգիկ. այս ցնորքներն առաջանում են քնելուց առաջ, աչքերը փակ վիճակում (արթնության և քնի միջև ընկած շրջանում)։
Հիպնապոմպիկ. նման ցնորքներն առաջանում են արթնանալիս։

էքստրակամպին (արտատեսադաշտային), երբ ցնորապատկերը տեղակայված է տեսադաշտից դուրս, հիվանդը տեսնում է իր հետևում կանգնած մարդուն, որը պատրաստվում է հարվածել նրան, կամ լսում է ձայներ որևէ մոլորակից։
Շոշափողական, (տակտիլ). մարմնի վրա զանազան միջատներ են սողում, էլեկտրական հոսանք է անցնում։
Շառլ-Բոնեի ցնորքներ, սրանք պայմանավորված են այս կամ այն զգայարանի վնասմամբ, երբ համապատասխանաբար առաջանում են նույնանուն ցնորքներ, սովորաբար լսողական կամ տեսողական։ Օրինակ կույրերի մոտ՝ տեսողական, խուլերի մոտ՝ լսողական։ Ցնորքները կարող են լինել նաև ներշնչված, օրինակ հիպնոսային քնի վիճակում։ Ներշնչանքային ծագում ունեն Լիպմանի և Ռեյխարդի ախտանիշները (տեսողական ցնորքներ), Աշաֆենբուրգի ախտանշանը (լսողական ցնորքներ)։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին