Սեռական օրգանների բորբոքումները մինչև 8 տարեկան աղջիկների գինեկոլոգիական հիվանդությունների կազմում զբաղեցնում են առաջին տեղը, կազմելով սեռական օրգանների բոլոր հիվանդությունների մոտ 65%-ը։ Աղջիկների սեռական օրգանների բորբոքային ախտահարումները կարող են հասուն տարիքում դառնալ դաշտանային, վերարտադրողական և սեռական ֆունկցիաների լուրջ խանգարումների պատճառ։ Երկարատև բորբոքման արդյունքում աղջկա հեշտոցի խոցային ախտահարումները կարող են հանգեցնել հեշտոցի նեղացման կամ սերտաճման և հետագայում արգելք հանդիսանալ սեռական կյանքի, հղիության ու ծննդաբերության համար։ Բացի դրանից, երկարատև ընթացող բորբոքային հիվանդությունները կարող են առաջ բերել հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարանային համակարգի ֆունկցիաի խանգարման։ Մինչև 8 տարեկան աղջիկների մոտ բորբոքային հիվանդություններն առավել հաճախ զարգանում են վուլվայում և հեշտոցում։
Ախտածագումը. Աղջիկների մոտ վուլվովագինիտի պատճառը կարող է լինել յուրահատուկ (գոնոկոկեր, տուբերկուլոզի ցուպիկներ, դիֆթերիայի կորինոբակտերիան, տրիխոմոնադը) և ոչ յուրահատուկ (պայմանական-ախտածին աէրոբներ և անաէրոբներ խլամիդիաներ, սնկեր, վիրուսներ, միաբջիջներ)։ Վուլվովագինիտները կարող են զարգանալ օտարածին մարմնի ներթափանցումից, ճիճվային վարակման, օնանիզմի դեպքում օրգանիզմի ռեակտիվության խախտման հետևանքով երկրորդային վարակի դեպքում։
Յուրահատուկ վարակի փոխանցման ճանապարհները տարբեր են։ Վաղ հասակում վարակը ձեռք է բերվում կենցաղային ճանապարհով (կենցաղային պարագաների միջոցով, հիգիենայի կանոնների խախտում)։ Սեռական կյանքով ապրող դեռահաս աղջիկների մոտ հնարավոր է վարակում սեռական ճանապարհով։
Տրիխոմոնադային վուլվովագինիտն առավել հաճախ հանդիպում է սեռական կյանքով ապրող դեռահաս աղջիկների մոտ։ Հնարավոր է աղջիկների ընտանեկան վարակում (եթե ծնողները հիվանդ են), ինչպես նաև ախտահարված ծննդաբերական ուղիներով պտղի անցնելու ժամանակ նորածինների վարակում։
Սնկային վուլվովագինիտը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, հաճախ կրծքով սնուցման, վաղ մանկական և արբունքային հասակում։ Առավել հաճախ հիվանդության հարուցիչ են հանդիսանում Candida տեսակի սնկերը։ Հիվանդության նախապայմաններ են իմունային անբավարարությունը, հիպովիտամինոզը, հակաբիոտիկներով բուժումը, էնդոկրին խանգարումները։
Վիրուսային վուլվովագինիտը աղջիկների մոտ հազվադեպ է հանդիպում։ Վիրուսները (հերպեսի, գրիպի, պարագրիպի, ադենովիրուս, ցիտոմեգալովիրուս, պապիլոմավիրուս) կարող են մեկուսացված կերպով ախտահարել վուլվան և հեշտոցը: Վարակումը տեղի է ունենում հիվանդների հետ շփումից։ Հնարավոր է նաև վարակում ծննդաբերության ժամանակ։
Գոնորեայի հետևանքով վուլվովագինիտն առաջանում է 3-7 տարեկան հասաում, երբ սեռական օրգանների կենսաբանական պաշտպանությունը նվազած է։ Մեծ տարիքում գոնորեայով հիվանդացությունը նվազում է, թեպետ հնարավոր է վարակվել սեռական ճանապարհով։
Կլինիկան. Աղջիկների մոտ վուլվովագինիտները կարող են առաջանալ արտահայտված ախտանիշներով, բայց հաճախ նկատվում է նաև խրոնիկական ընթացք։
Սուր վուլվովագինիտի դեպքում աղջիկները գանգատվում են սեռական ուղիներից նկատվող թարախային արտադրությունից, հեշտոցի և արտաքին սեռական օրգաններ քորից, այրոցից, որն ուժեղանում է միզելիս։ Այդ գանգատները սովորաբար առաջանում են վուլվայում բորբոքային պրոցեսի տարածման դեպքում։ Երբեմն լինում են ցավեր վուլվայի շրջանում, նաև որովայնի ստորին մասից դեպի սրբանոսկրա-ողնաշարային հատվածը ճառագայթող ցավեր։ Հիվանդության խրոնիկ փուլ անցնելիս հիպերեմիան և արտադրությունը, ցավերը նվազում են։
Ախտորոշումը. Վուլվովագինիտների ախտորոշման համար նշանակություն ունի անամնեզը (ուղեկցող հիվանդությունները, հիվանդությանը նպաստող գործոնները օտարածին մարմինը, օնանիզմը և այլն), գանգատները։
Զննելիս նկատվում են վուլվայի այտուցվածությունը և հիպերեմիան, որը կարող է տարածվել ազդրերի վրա։
Հիվանդության երկարատև խրոնիկական ընթացքի դեպքում հիպերեմիան և ցավերը նվազում են։
Հեշտոցի նախամուտքի լորձաթաղանթը կարող է փափկել, հայտնվում են էրոզիաներ և մանր խոցեր։ Սեռական ուղիներից արտադրանքը թարախա-շիճուկային է, թարախային, հեշտոցում օտարածին մարմնի դեպքում արյան խառնուրդով։
Ախտորոշմանն օգնում են հետազոտման լրացուցիչ մեթոդները։ Հեշտոցազննման (վագինոսկոպիա)ժամանակ հայտնաբերվում է հեշտոցի և արգանդի վզիկի ախտահարման բնույթը և արտահայտվածության աստիճանը, ինչպես նաև օտարածին մարմնի առկայությունը։ Նկատվում են հեշտոցի պատի և արգանդի վզիկի հեշտոցային մասի այտուցվածություն ու հիպերեմիա, մանրակետ արյունազեղումներ, էրոզիաներ։
Գրամի եղանակով ներկված քսուքի մանրադիտակային հետազոտությամբ հայտաբերում են տեսադաշտում եղած լեյկոցիտների ավելացած քանակությունը, գոնոկոկեր, տրիխոմոնադները, սնկերը։ Որոշվում է նաև հեշտոցի արտադրության զգայունությունը ակաբիոտիկների նկատմամբ։ Վուլվովագինիտի յուրահատուկ բորբոքման բնույթը բացահայտում են պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով (ՊՇՌ): Ճիճվային վարակումը հաստատվում է կղանքում և հետանցքի շրջանի քերուկում եղած ճիճուների ձվերի հետազոտմամբ։ Վուլվովագինիտների կլինիկական հատկանիշները հիմնականում պայմանավորած են հիվանդության հարուցիչով։
Տրիխոմոնադային վուլվովագինիտը դրսևորվում է սպիտակավուն կամ դեղնականաչավուն արտադրությամբ։ Ոչ հազվադեպ դրանք փրփրուն են, գրգռում են արտաքին սեռական օրգանների, ազդրերի, շեքի մաշկը։ Հիվանդությունն ուղեկցվում է վուլվայի արտահայտված քորով, ինչպես նաև միզուկաբորբի երևույթներով։ Արտադրությունում հնարավոր է արյան խառնուրդ։
Սնկային վարակի դեպքում վուլվան գրգռված է, այտուցված, պատված սպիտակավուն փառով, որի տակ գործիքով հեռացնելուց հետո հայտնաբերվում են հիպերեմիայի վառ հատվածներ։ Հեշտոցի արտադրությունը լոռանման զանգվածի տեսք ունի։ Ոչ հազվադեպ հիվանդությունն ուղեկցվում է միզուկաբորբի, ցիստիտի երևույթներով։
Խլամիդային վուլվովագինիտը մեծ մասամբ խրոնիկական է, հաճախակի ռեցիդիվներով, վուլվայի պարբերական քորի գանգատներով։ Հնարավոր է այրոց միզելէ Վուլվան չափավոր կերպով գրգռված է։ Հեշտոցի հետազոտման ժամանակ բացահաա վում է ցերվիցիտ, պետեխիալ արյունազեղումներ, արգանդի վզիկի էրոզիա։ Արտադրթյունը հաճախ լինում է նվազ լորձային, հազվադեպ՝ թարախային։
Ուրեա- և միկոպլազմային վուլվովագինիտը առանձնահատուկ կլինիկա չուն: Սովորաբար հիվանդներին անհանգստացնում է սեռական ուղիներից թարախա-շճային արտադրությունը, որը հաճախ զուգորդված է միզուկաբորբով։
Հերպետիկ վուլվովագինիտը դրսևորվում է գրգռված վուլվայի վրա մանր բշտիկներով։ Բշտիկները պարունակում են թափանցիկ հեղուկ, իսկ հետո, երկրորդական վարակի միացման ժամանակ, թարախային հեղուկ։
5-7 օրից բշտիկները պատռվում են և գոյացնում էրոզիա և խոցեր, որոնք պատվում են կեղևիկով։ Հիվանդության սկզբում արտահայտված են վուլվայի շրջանի այրոց ցավերը և քորը։ Ընդհանուր ախտանիշներ են գլխացավը, դողը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը։
Գոնորեային վուլվովագինիտն աղջիկների մոտ լինում է տորպիդային կրկնվող և նույնիսկ անախտանիշ, թեև առավել տիպական է սուր սկիզբը։ Ախտահարումը բազմօջախային է, սովորաբար ներգրավվում է հեշտոցը (100%), միզուղին (60%), ավելի հազվադեպ՝ ուղիղ աղիքը (0.5%)։
1-3 օրվա ինկուբացիոն շրջանից հետո հայտնվում է առատ թարախային արտադրություն, արտաքին սեռական օրգանների, շեքի, ազդրերի ներքին մակերեսի մաշկի, շուրջհետանցքային ծալքերի գրգռվածություն։
Աղջիկները գանգատվում են միզելու ժամանակ ծակող ցավից։ Սեռական ուղիներից արտադրությունը թարախային է, թանձր, կանաչավուն գույնի, կպչում է լորձաթաղանթին, չորանալիս մաշկի վրա թողնում է կեղևիկներ։
Բուժումը. Բուժումը սովորաբար անցկացվում է ամբուլատոր։ Առաջին հերթին խորհուրդ է տրվում մանրամասն հետևել հիգիենայի կանոններին և սննդակարգին։ Երեխային տալ ավելի քիչ քաղցրավենիք և գրգռիչ սննդամթերքներ, ավելացնել թարմ բանջարեղենի և մրգերի քանակը։
Բակտերային վուլվովագինիտների ժամանակ անց են կացնում հիմնական հիվանդության բուժում, հեռացնում են օտարածին մարմինները հեշտոցից։
Ճիճվային վարակման դեպքում ցուցված է դեհելմենտիզացիա։
Համալիր բուժումն իր մեջ ներառում է վարակի խրոնիկական օջախների սանացիա, օրգանիզմի իմունիտետի և ոչ յուրահատուկ ռեզիստենտության բարձրացում։
Որպես տեղային բուժում կիրառում են՝
-հեշտոցի լվացում անտիսեպտիկ լուծույթներով,
-վուլվայի ճառագայթում ուլտրամանուշակագույն ճառագայթով,
-դեղաբույսերի (երիցուկի, վաղենակի, առյուծագիի, անանուխի, եղինջի, արևքուրկի) եփուկներով -լոգնոցներ տնային պայմաններում։
Արդյունքի բացակայության դեպքում նշանակում են հեշտոցային մոմիկներ քսուկներ հակաբիոտիկներով (պոլիմիքսին, նեոմիցին, 5-10% սինտոմիցինային էմուլսա, լեվոմեկոլ, լեվոսին և այլն), նիտրոֆուրաններով (ֆուրազոլիդոն), էստրոգեններք (ֆոլիկուլին 500 միավոր)։
Եվ վերջապես, էպիթելացումն արագացնելու համար օգտագործում են А, Е վիտամիններով քսուկներ, սոլկոսերիլ, ակտովեգին և այլ ռեպարատիվ միջոցներ։
Օնանիզմի դեպքում մեծ նշանակություն է տրվում ճիշտ դաստիարակությանը, երբեմն պահանջվում է հանգստացնող բուժում։
Որպես ընդհանուր կազդուրող միջոց օգտագործում են պոլիվիտամիններ, գարեջրի խմորիչներ, մետիլուրացիլ, իմունալ, էլեուտերոկոկ։
Արտահայտված քորի կամ ընդհանուր ռեակցիայի դեպքում նշանակում են հիպոսենսիբիլիզացնող, հակահիստամինային պրեպարատներ (դիմեդրոլ, տավեգիլ, սուպրաստին, դիազոլին և այլն)։
Ուրեամիկոպլազմային վուլվովագինիտի բուժման ժամանակ կիրառում են հարուցիչի հանդեպ ակտիվ հակաբիոտիկներ՝ սումամեդ, ռուլիդ, մակրոպեն (նախապես նշված հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը ստուգելուց հետո)։ Տեղային օգտագործում են տետրացիկլինի, էրիթրոմիցինի քսուկներ։ Շատ լավ արդյունք է ստացվում միևնույն ժամանակ «Նարինե» ացիդոֆիլային կուլտուրան օգտագործելիս։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին