Վուլվիտը արտաքին սեռական օրգանների բորբոքումն է, որը հազվադեպ է ընթանում մեկուսի։ Տարբերում են առաջնային (մեկուսացված) և երկրորդային վուլվիտ։

Առաջնային վուլվիտը հաճախ առաջանում է մանկական և նախաարբունքային շրջանում զանազան վնասվածքների, շփաբորբի, պիոդերմիայի, սրատուտների, քորի հետևանքով, որին հետո միանում է ինֆեկցիան։

Սեռահասուն տարիքում առաջնային վուլվիտը առաջանում է ճարպակալված, գեր և շաքարային դիաբետով տառապող կանանց մոտ շփաբորբի, քորի հետևանքով: Մնացած բոլոր դեպքերում վուլվիտը երկրորդային է և առաջանում է  ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների հետևանքով, որոնք ուղեկցվելով ախտաբանական արտադրությամբ, վնասում են արտաքին սեռական օրգանների ծածկութային էպիթելը և նպաստում ախտածին մանրէների ներթափանցմանը։

Նպաստող գործոններից է ձվարանների հիպոֆունկցիան։

Վուլվիտը կարող է ընթանալ սուր, ենթասուր և խրոնիկական ձևով։ Սուր ընթացքի ժամանակ հիվանդները գանգատվում են ցավից, այրոցի, քորի, այտուցվածության զգացումից, միզարձակման խանգարումներից և արտադրությունից։ Խրոնիկական ընթացքի ժամանակ այս ախտանիշները շատ թույլ են արտահայտվում։ Ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում։

Արտաքին սեռական օրգանների զննման ժամանակ հայտնաբերվում են այտուցվածություն, գերարյունություն, քերծվածքներ, շճա-թարախային փառի առկայություն:

Հարուցիչի հայտնաբերման համար դիմում են հետազոտման մանրադիտակային և  մանրէաբանական մեթոդներին։

Բուժումը

Վուլվիտի առաջացման հիմնական պատճառի կամ ուղեկցող հիվանդությունների բուժումն է։ Սուր շրջանում խորհուրդ է տրվում պահպանել անկողնացյին ռեժիմ, խուսափել սեռական հարաբերություններից։

Նշանակվում են անտիսեպտիկ լուծույթներով լոգանքներ (2-3% բորաթթու, երիցուկի, նարգիզի, եղիսպակի ջրաթուրմերով). դիօքսիդինի, միրամիստինի, քլորհեքսիդինի, օկտինիսեպտի, բետադինի, ֆուրացիլինի ներլվացումներ, ռևանոլի 1:5000 լուծույթով արտաքին սեռական օրգանների մշակում և հեշտոցային մոմիկներ (պոլիժինակս, տերժինան, մակմիրոր, գինալգին, գինոմետ)։

Ռեպարատիվ պրոցեսների արագացման նպատակով կարելի է օգտագործել А և Е վիտամիններ պարունակող քսուկներ, չիչխանի, մասուրի յուղ ինչպես նաև ակտովեգին, սոլկոսերիլ և այլն։

Վուլվայի արտահայտված քորի դեպքում նշանակում են անտիհիստամինային պրեպարատներ (դիմեդրոլ, սուպրաստին, տավեգիլ և այլն), տեղային ցավազրկող միջոցներ (անեսթեզինային քսուք)։