Վուլվայի կրաուրոզն իրենից ներկայացնում է ատրոֆիկ պրոցես, որը հանգեցնում է արտաքին սեռական օրգանների մաշկի և լորձաթաղանթի ախտաբանական կնճռոտման։ Խոշորադիտակային՝ արտաքին սեռական օրգանները հիշեցնում են ճմռթված պերգամենտային թերթ։ Հիվանդությունը սկսվում է պտկիկային և ռետիկուլյար շերտերի այտուցից, որը բերում է շարակցահյուսվածքային թելերի շերտազատմանը և կազմափոխմանը։ Այտուցված տեղամասերում առաջանում է կոպիտ թելավոր շարակցական հյուսվածք, տեղի է ունենում էլաստիկ թելերի ոչնչացում և շարակցական հյուսվածքի հիալինիզացիա (առաջին փուլ)։

Պտկիկային շերտի սկլերոզը ուղեկցվում է ճարպային և քրտնագեղձերի ատրոֆիայով։ Մաշկը դառնում է լարված, փայլուն, փխրուն, բաց վարդագույնից մինչև վառ կարմրավուն։ Մեծ և փոքր սեռական շրթերը այտուցված են, հիպերտրոֆիայի ենթարկված։

Պրոցեսի 2-րդ փուլում նկատվում է ատրոֆիկ փոփոխությունների առաջընթաց, մաշկը դառնում է չոր, սպիտակավուն, նեղանում է հեշտոցամուտքը։

Պրոցեսի 3-րդ՝ սկլերոտիկ փուլում առաջանում են արտաքին սեռական օրգանների լրիվ ատրոֆիա և սկլերոզ։ Մեծ սեռական շրթերը վեր են ածվում նուրբ բարակ գլանիկների, փոքրերը՝ կնճռոտվում են, դառնում դժվար նկատելի, փոքրանում է ծլիկը։ Խիստ նոսրանում է մազածածկույթը և քչանում է ճարպագեղձերի թիվը։ Մաշկը և լորձաթաղանթը բարակում են, ստանում խամրած մոխրաերկնագույն երանգ։ Հյուսվածքների սկլերոզը առաջ է բերում հեշտոցամուտքի, միզուկի և հետանցքի նեղացում։

Սեռական ակտը դժվարացած է կամ անհնարին, միզարձակումը կարող է լինել հաճախացած և ցավոտ։
Հիվանդությունը սկսվում է աննկատ, երբեմն չի դրսևորվում որոշակի ախտանիշներով և հայտնաբերվում է միայն կանխարգելիչ զննումների ժամանակ։ Սակայն հաճախ կրաուրոզը ուղեկցվում է վուլվայի քորով, որը կարող է լինել երկարատև, հաճախ տանջող, ուղեկցվել նևրոտիկ խանգարումներով, անքնությամբ, աշխատունակության իջեցմամբ, քերծվածքներով, ճեղքվածքներով և վուլվայի բորբոքմամբ։

Ախտորոշումը առանձին դժվարություն չի ներկայացնում և հիմնված է անամնեստիկ տվյալների ու սեռական օրգանների զննման և յոդի փորձի վրա։ Յոդի լուծույթով օջախները մշակելիս դրանք մնում են սպիտակ, յոդով չեն ներկվում։ Ախտորոշմանը օգնում են բջջաբանական հետազոտությունը, կոլպոսկոպիան, հատկապես նշանակիր կոլպոսկոպիան և Շիլլերի փորձը։

Բուժումը. Կրաուրոզի և հասարակ լեյկոպլակիայի բուժումը համալիր է, խիստ անհատական և ախտածնական։ Մեծ տեղ են տրվում փսիխոբուժմանը և հանգստացնող միջոցների կիրառմանը (կատվախոտի արմատներ, տրիօքսազին, սեդուքսեն և այլն): Օրվա մեջ մի քանի անգամ ցուցված է արտաքին սեռական օրգանների լվացում սոդայի լուծույթով, երիցուկի կամ նարգիզի եփուկով, ֆուրացիլինի լուծույթով (1:5000):

Հատուկ ուշադրություն է դարձվում անձնական հիգիենային և սննդակարգին։ Խորհուրդ չի տրվում օգտագործել կալիում պերմանգանատի, բորաթթվի լուծույթներ, քանի որ դրանք չորացնում և գրգռում են հյուսվածքները։

Խորհուրդ չի տրվում օգտագործել նաև սուր, գրգռիչ, ապխտած սնունդ, մուգ թեյ, սուրճ, ալկոհոլ, տապակած և պահածոյացված սննդամթերք։ Ցանկալի է կաթնամրգա- բանջարեղենային սննդակարգը։
Մեծ տեղ է տրվում տեղային բուժմանը զանազան քսուկների, մոմիկների ձևով (0,1-0,25 %՝ սինեստրոլային, 0,5%՝ պրեդնիզոլոնային, 1-2,5%՝ հիդրոկորտիզոնային քսուկներ, ցելեստոդերմ, դերմովիտ, քսուկ մենթոլով, անեստեզինով, վիտամին A-ով և այլն:

Նշանակվում է արտաքին սեռական օրգանների շրջանում գերձայն, 12-20 անգամ 15-20 րոպե տևողությամբ։ Հիվանդության համառ ընթացքի դեպքում ցուցված է սպիրտ-նովոկաինային բլոկադա, կատարվում է 2-5 բլոկադա՝ շաբաթը մեկ անգամ և օքսիգենոթերապիա։ Կան տվյալներ լազերաբուժման և կրիոբուժման արդյունավետության մասին: Կրաուրոզով և լեյկոպլակիայով հիվանդները վերցվում են երկարատև դիսպանսեր հսկո¬ղության տակ։ Համալիր բուժումը բարենպաստորեն է անդրադառնում ախտաբանական պրոցեսի ընթացքի վրա և կանխում չարորակացման հնարավորությունը։

Ատիպիզմի և դիսպլազիայի, ինչպես նաև բուժման չենթարկվող ձևերի ժամանակ ցուցված է կրիոթերապիան, վիրահատական բուժումը՝ ախտահարված օջախի հեռացումը։ Կատարվում են էքսցիզիա, կոնիզացիա կամ վզիկի ամպուտացիա։ Չարորակացմա1 կասկածի դեպքում ցուցված է բիոպսիան։ Ախտորոշումը հաստատվելիս դիմում են վուլվոէկտոմիայի և ճառագայթային բուժման։
 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին