Վեներական լիմֆոգրանուլեման (աճուկային լիմֆոգրանուլեմա, արևադարձային բուբոն կամ ավշայտուց, Durand-Nicolas-Favre-ի հիվանդություն, 4-րդ վեներական հիվանդություն, վեներական լիմֆոգրանուլեմատոզ, էստիոմեն) գերազանցապես սեռական ճանապարհով փոխանցվող դասական վեներական հիվանդություն է, որը բնորոշվում է գերազանցապես ավշային համակարգի ախտահարումով:
Հիվանդության հարուցիչը Rickettsias դասի Chlamydiales կարգի Chlamydiaceae ընտանիքի Chlamydia սեռի Chlamydia trachomatis սեռի L-1,-2,-3 շճատիպերն են:
ՎԼ-ի գաղտնի շրջանը ևս կարճ է (միջին հաշվով' 10 օր): Նրան հետևում է մաշկային ծածկույթների ախտահարման շրջանը' մեղմ ինտոքսիկացիայի նշաններով (սուբֆեբրիլիտետ, ընդհանուր թուլություն, տկարութուն, ախորժակի կորուստ, քաշի անկում, միալգիաներ, արթրալգիաներ, գլխացավեր և այլն):
Հարուցչի մուտքի տեղում առաջանում են եզակի կամ բազմակի, խմբավորված, մանր (0,3-0,7 մմ տրամագծով), անցավ բշտիկներ կամ հանգույցիկներ (հանգույցիկ-բշտիկներ, մակերեսային թարախաբշտիկներ ևն), որոնք մի քանի օրվա ընթացքում էրոզիայի են ենթարկվում և խոցոտվում (էրոզիվ բալանիտ, պոստիտ, լիմֆոգրանուլեմային շանկր, միզուկի ոչ յուրահատուկ բորբոքման դրսևորումներ և այլն): Լիմֆոգրանուլեմային շանկրն օվալաձև է, ունի ուղիղ եզրեր, շրջապատված` էրիթեմայի բարակ պսակով: Ի տարբերություն սիֆիլիսի, խոցի հատակին ներսփ¬ռանք չկա և ծածկված է գորշ-դեղնավուն փառով: Շանկրն արագորեն հետ է զարգանում թողնելով նուրբ սպի: Քանի որ երևույթներն առանձնապես չեն անհանգստաց¬նում (հատկապես կանանց), ուստի հիվանդն այս փուլը պարզապես շրջանցում է:
Հաջորդը ավշային համակարգի ախտահարման (աճուկային համախտանիշի շրջան) փուլն է, որը սկսվում է 1-6 շաբաթ անց: Սկզբում գործընթացը կրում է սուր միակողմանի, ապա' խրոնիկ երկկողմանի բնույթ: ՇԱՀ-ի խումբը (հաճախ աճուկային, ազդրային, զստային, խորը կոնքային) չափերով մեծանում է հասնելով հավի ձվի մեծության, պնդանում և, ի տարբերություն սիֆիլիսի, դառնում շատ ցավոտ: Հանգույցները միաձուլվում են իրար և հարակից հյուսվածքներին (պերիադենիտ), վերածվում կոնգլոմերատի (ամուր, ելունդավոր, ֆլուկտուացող ներսփռանք) և ապա' ենթարկվում թարախային կազմալուծման (նեկրոտիզացիա, մանր աբսցեսների առաջացում):
Մեծացած ԱՀ-ի վրայի մաշկն ունենում է կանգային կարմրավուն նրբերանգներ: Այն բարակում է, կազմալուծվում, առաջանում են իրարից մեկուսացված խուղակներ, որտեղից արտադրվում է մեծ քանակությամբ դեղնավուն, սոսնձանման կամ սերուցքանման, արյունային բաղադրիչով շճաթարախային արտադրուկ:
Այս ամենը ուղեկցվում է ինտոքսիկացիայի գնալով ուժգնացող նշաններով: Լինում են նաև ուղեղի թաղանթների ախտահարման նշաններ:
Վերջապես, 1-3 տարի անց սկսվում է «ռեկտալ համախտանիշի» (գենիտոանո- ռեկտալ, ուրեթրոգենիտոպերինեալ համախտանիշ)շրջանը: ՇԱՀ-ից բացի (լիմֆադենիտ) զարգանում է պրոկտիտ, պարապրոկտիտ (աղիների լորձաթաղանթի հիպերեմիա, այտուց, էրոզիաներ, արյունահոսելիություն և այլն), պրոկտոկոլիտ, ի վերջո ուղիղաղիքային ստրիկտուրաներ և բազմաթիվ խուղակներ: Գործընթացն ուղեկցվում է անալ քորով և հետանցքից սակավաքանակ շարավային, արյունաթարախային արտադրությամբ, ստորորովայնային ցավերով և «անարդյունավետ» դեֆեկացիոն ճիգերով (տենեզմա):
Ինտոքսիկացիայի առաջընթացի հետ կապված հիվանդի վիճակը կտրուկ վատթարանում է: Անհանգստացնում է ջերմության չափավոր, ընդմիջվող բարձրացումը, դողը, սարսուռը, ախորժակի կորուստը, սրտխառնոցը, փսխումը, հոգնածությունը և այլն: Հիվանդները նիհարում են: Զարգանում են ԱՀ-ի, նաև վիսցերալ օրգանների ծանր դեստրուկտիվ փոփոխություններ (հեպատոլիենալ համախտանիշ, արթրոպաթիաներ, անեմիա, մենինգոէնցեֆալիտ և այլն):
Խոցոտվում են արտաքին սեռական օրգանները, տեղի է ունենում կելոիդիզացիա, առաջանում են կոպիտ և տձև խոցեր:
Եթե սկզբնական փուլերում գերակայում էին բորբոքային գործընթացները, ապա հետայդու' հյուսվածքների ֆիբրոզ կազմափոխությունը: Ձևավորվում է ուղիղ աղու ստենոզ (կոնանման օղի տեսքով), որը ամբողջությամբ կարող է փակել աղու լու¬սանցքը: Հիպերպլազիայի է ենթարկվում աղիքային և պերիռեկտալ լիմֆոիդ հյուս¬վածքը (պերիռեկտալ աբսցեսներ, ռեկտովագինալ անաստոմոզներ և անալ խուղակներ): Խախտվում է ավշային և երակային հոսքը, կոնքի տառացիորեն բոլոր օրգանների գործառույթները:
ՎԼ-ի վաղ բարդություններից են պարառեկտալ աբսցեսը, ամորձապարկի, միզուկի, հետանցքի, ռեկտալ-հեշտոցային, ռեկտալ-միզապարկային խուղակները, առնանդամի խուղակային և խոցային ախտահարումը և այլն:
ՎԼ-ի ուշացած բարդություններից են ավշային անոթների խցանման (օբստրուկցիա) հետևանքով զարգացող սեռական օրգանների փղախտը (էլեֆանտիազ), ուղիղ աղու և միզուկի ստրիկտուրաները, էստիոմենը (էլեֆանտիազի, խոցային ախտահարումների, խուղակային ուղիների և ստրիկտուրաների ամբողջությունը), պերիանալ հատվածում գերաճական բնույթի հանգույցները (լիմֆոռոիդ) և այլն:
Զարգանում է հյուսվածքների սկլերոզող ֆիբրոզ, օրինակ առնանդամի խրոնիկ ինդուրացիա, որն ի վերջո հանգեցնում է նրա ձևախեղման («սաքսոֆոնային» առնանդամ):
ՎԼ-ի հազվադեպ հանդիպող բարդություններից են մենինգիտը, էնդոմիոկարդիտը, թոքաբորբը, ֆոլիկուլային կոնյունկտիվիտը, իրիտը, իրիդոցիկլիտը, բերանի խոռոչի և բկանցքի լորձաթաղանթի ախտահարումը (օրոգենիտալ շփումների ժա¬մանակ), հանգուցային էրիթեման, պելագրան և այլն:
Ի տարբերություն սիֆիլիսի, հյուսվածաբանորեն ավշային հանգույցներում հայտնաբերվում են մանր աբսցեսներ, նեկրոզի բազմաթիվ օջախներ, իսկ լիմֆոգրանուլեմայի բջջային ինֆիլտրատում մակրոֆագեր, լիմֆոցիտներ, ԲԿԼ, հսկա, էպիթելոիդ բջիջներ, և միայն շատ սակավ'պլազմատիկ բջիջներ:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին