(Omphalitis-պորտի բորբոքում)։ Պորտի շատ առավել հաճախ հանդիպող վարակային հիվանդություն է։ Պորտավերքը կարմրում է, ուշ է լավանում, շճային կամ շճաթարախային արտադրության պատճառով թաց է լինում։ Պորտավերքի շրջանում կարող է առաջանալ ինֆիլտրացված եզրերով ոչ մեծ խոց, որի հատակը ծածկված է կանաչագորշավուն փառով։ Պորտի խոցը (ulcus umbilici) կարող է զարգանալ ինքնուրույն կամ, ավելի հաճախ, որպես պորտային վերքի բորբոքային պրոցեսի շարունակություն։


Ներկայումս շատ հազվադեպ հանդիպում է նաև պորտի փտախտը (գանգրենան)։ Այս դեպքում խոցաթարախային պրոցեսը տարածվում է պորտի շրջակա մաշկի վրա, hաճախ անցնում է ավելի խորը` բորբոքային պրոցեսում ընդգրկելով որովայնամիզը։
Բորբոքման գանգրենոզ ձևի ժամանակ վերքը լինում է գորշագույն, թաց և գարշահոտ արտադրությամբ։

 

Բուժումը պետք է սկսել հիվանդության աոաջին նշանների ի հայտ գալուց անմիջապես հետո և համառ ձևով շարունակել մինչև նորածնի լրիվ առողջացումը։

 

Թաց պորտի ժամանակ անհրաժեշտ է շատ լայն բացազատել պորտի եզրերը և վերքն այրել ազոտաթթվական արծաթի 5%-անոց սպիրտային լուծույթով, ապա ցանել դերմատոլ, քսերոֆորմ կամ որևէ սուլֆանիլամիդ։ Առատ թարախային արտադրության դեպքում անհրաժեշտ է վերքը լվանալ ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթով կամ պենիցիլինի լուծույթով, հետո այրել ազոտաթթվական արծաթով, ցանել ախտազերծող փոշիներ։

 

Ջերմության բարձրացման, ընդհանուր անհանգստության կամ թարախային պարունակության առաջացման դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ, ինչպես նաև՝ ընդհանուր խթանող բուժում։

 

Երբեմն պորտային վերքի ապաքինման ձգձգման դեպքում կարող է առաջանալ գրանուլացիոն հյուսվածքի գերաճ, գրանուլացիոն պոլիպի կամ սնկիկի ձևով (fungus umbilici)։

 

Աճած գրանուլացիոն հյուսվածքն անհրաժեշտ է օրը 1-2 անգամ այրել ազոտաթթվական արծաթով։ Ոտիկ ունեցող գրանուլոմ ները կարելի է կապել ախտազերծված մետաքսաթելով կամ կտրել հականեխված մկրատով։

 

Երբեմն վարակը կարող է պորտային անոթներով տարածվել և առաջացնել վերջիններիս բորբոքում (զարկերակի բորբոքման ժամանակ՝ պորտային պերիարթերիիտ (periarteriitis umbilicalis), երակի բորբոքման դեպքում՝ ֆլեբիտ (phlebitis umbilicalis)։

 

Պորտային զարկերակների բորբոքումը հանդիպում է շատ ավելի հաճախ, քան երակներինը։ Դա բացատրվում է այդ շրջանի անոթների անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկություններով։ Զարկերակի շարակցահյուսվածքային պատյանը երկու անգամ ավելի հաստ է, քան երակինը, որի հետևանքով էլ նպաստավոր պայմաններ է ստեղծվում միկրոբների կանգի և բազմացման համար։

 

Պետք է հիշել որ պերիարթերիիտների ժամանակ պորտը և պորտային վերքը հաճախ արտաքնապես առողջ տպավորություն են թողնում, և ախտաբանական պրոցեսը կարող է արտահայտվել միայն ջերմության պարբերական բարձրացումով, ընդհանուր անհանգստությամբ, մարմնի զանգվածի անբավարար ավելացումով և այլն։ Հաճախ կարելի է շոշափման միջոցով պորտի անոթների հաստացում և կարծրացում հայտնաբերել։ Հիվանդության ընթացքը հիմնականում կախված է բորբոքման բնույթից։ Հատկապես ծանր, մեծ մահացությամբ են ընթանում անոթների բորբոքման ֆլեգմանոզ ձևերը։

 

Բուժումը։
Լավ խնամք, պորտի շրջանի և անոթների տաքացնող կոմպրեսներ, լայն ազդեցության հակաբիոտիկներ, արյան ու պլազմայի ներարկումներ։ Բոլոր դեպքերում անհրաժեշտ է վիրաբույժի կոնսուլտացիա։

 

Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան