Փափուկ  հյուսվածքների  տակ  հասկանում  են  բոլոր  այն  անատոմիական  կառուցվածքները  (գոյացությունները), որոնք  տեղակայված  են  ոսկրերի  և  մաշկի  միջև:
Փափուկ  հյուսվածքների  ուռուցքներին  են  պատկանում.
1.մեզենխիմալ  հյուսվածքից  ծագող  բոլոր  ուռուցքները, բացառությամբ  ոսկրերի  ուռուցքների, ներքին  օրգանների  մեզենխիմալ ուռուցքների, հեմոպոետիկ  և  ռետիկուլյար  հյուսվածքների  ուռուցքների,
2.պերիֆերիկ  ներվերի  ուռուցքները

Չնայած  փափուկ  հյուսվածքները  գրավում  են  զգալի  ծավալ  և  կազմում  են  մարմնի  զանգվածի  մոտ  50%-ը, նրանցից  առաջացած  ուռուցքների   հաճախականությունը  մեծ  չէ: Փափուկ  հյուսվածքների  ուռուցքներին  է  բաժին   ընկնում  մարդու  մոտ  հանդիպող  ուռուցքների  5%-ից  ոչ  ավելին:
Դրանց  մոտ  70%-ը  տեղակայում  է  վերջույթներում, մնացած  30%-ը`  իրանում  և  կոնքում: Միանման  հաճախ  ախտահարում  են  կանանց  և  տղամարդկանց, հիմնականում  20-50  տարեկանում:
Փափուկ  հյուսվածքների  սարկոմաների  հիստոգենետիկ  դասակարգումը
- ֆիբրոսարկոմա
- չարորակ  ֆիբրոհիստիոցիտոմա
- լիպոսարկոմա
- լեյոմիոսարկոմա
- ռաբդոմիոսարկոմա
- չարորակ  մեզենխիմոմա
- սինովիալ  սարկոմա
- մեզոթելիոմա
- անգիոսարկոմաներ
- արտաոսկրային  օստեոսարկոմա
- արտաոսկրային  խոնդրոսարկոմա
- չդասակարգված  սարկոմաներ

Փափուկ  հյուսվածքների  սարկոմաներին, անկախ  հյուսվածաբանական  կառուցվածքից, բնորոշ  են  մի  շարք  առանձնահատկություններ.
1.    չունեն  իսկական  պատյան (կապսուլա), շրջակա  հյուսվածքների  վրա  տևական  ճնշման  հետևանքով  առաջանում  է  պսևդոկապսուլա,
2.    ուռուցքային  բջիջները  կարող  են  տարածվել    գոյացության  տեսանելի  կամ  շոշափվող  սահմաններից  զգալիորեն  հեռու,
3.    բնորոշ  է  տեղային  տարածումը  միջփակեղային  տարածություններով,
4.    կարող  են  լինել  բազմակենտրոն (մուլտիցենտրիկ)  և  բազմաօջախային  (մուլտիֆոկալ),
5.    առավելապես  հակված  են  հեմատոգեն  մետաստազավորման  (մինչև  90%  դեպքերում` թոքեր),  և  քիչ  չափով  լիմֆոգեն  մետաստազավորման (3-20%),
6.    բուժումից   հետո  հակված  են  կրկնումների (ռեցիդիվման) - առավել  բնորոշ  կենսաբանական  գիծն  է:
Գոյություն  ունի  փափուկ  հյուսվածքների  ուռուցքների  խումբ, որը  միջանկյալ  դիրք  է  գրավում  բարորակ  և  չարորակ ուռուցքների  միջև - այդ  ուռուցքները  օժտված  են  ինֆիլտրատիվ  աճով, հաճախ  կրկնվում  են, բայց  մետաստազներ  չեն  տալիս  կամ  մետաստազավորում  են  խիստ  հազվադեպ (դեսմոիդ  ուռուցքներ, էմբրիոնալ  լիպոսարկոմաներ, դիֆերենցված  ֆիբրոսարկոմաներ, միքսոմաներ): Լեյոմիոսարկոման, ռաբդոմիոսարկոման, սինովիալ  սարկոման, անգիոսարկոմաները  և  չդասակարգված  սարկոմաները  համարվում  են  փափուկ  հյուսվածների  գերչարորակ  սարկոմաներ, որոնց  բնորոշ  է  բուռն  աճը  և  վաղ  հեմատոգեն  մետաստազավորումը:

Դասակարգումը
Փափուկ  հյուսվածքների  սարկոմաների  դասակարգումը  ըստ  TNM  համակարգի
T- առաջնային  ուռուցք.
Tx – տվյալներն  անբավարար  են  առաջնային  ուռուցքի  գնահատման  համար,
T0 - առաջնային  ուռուցքը  չի  որոշվում,
T1 – ուռուցքի  ամենամեծ  չափսը  մինչև  5  սմ  է
T1a - մակերեսային  ուռուցք
T1b – խորանիստ  ուռուցք
T2 - ուռուցքի ամենամեծ  չափսը  5 սմ-ից  ավել է
T2a -  մակերեսային  ուռուցք
T2b - խորանիստ  ուռուցք

Կլինիկական  պատկերը
Բնորոշ  է  ուռածության  կամ  ուռուցքային  հանգույցի  առկայությունը`  տարբեր  չափսերով, ձևով, կոնսիստենցիայով, հստակ  կամ  ոչհստակ  սահմաններով  ու  եզրագծերով, հիմնականում  սահմանափակ  շարժունությամբ  կամ  անշարժ, ոչհազվադեպ  ախտահարված  վերջույթի  ֆունկցիայի  խանգարումով  և  դեֆորմացիայով:
Ներվերի  և  անոթների  ճնշման  հետևանքով  առաջանում  են  ցավեր, զգացողական  խանգարումներ, վերջույթների  անոթային  անբավարարության  ախտանշաններ: Մաշկի  մեջ  ներաճման  դեպքում  առաջանում  է  մաշկի  հատվածի  այտուց` երակային  ցանցի  բնորոշ  լայնացումով, հետագայում  մաշկը  ձեռք  է  բերում  բոսորագույն  երանգ  և  առաջանում  են  խոցոտումներ:

Ախտորոշումը
- ռենտգենաբանական  հետազոտություն – հնարավորություն  է  տալիս  հայտնաբերել  փափուկհյուսվածքային  ստվեր, նրանում  ներառուկների  (կալցիֆիկատներ)  առկայությամբ, հետազոտվում  է  նաև  ախտաբանական  օջախի  հարաբերությունը  մոտակա  ոսկրի  և/կամ  հոդի  հետ, թոքերի  վիճակը
- անգիոգրաֆիա - ախտաբանական  օջախի  հարաբերությունը  մագիստրալ  անոթի  հետ
- ուլտրաձայնային  հետազոտություն
- կոմպյուտերային  տոմոգրաֆիա
- միջուկառեզոնանսային  տոմոգրաֆիա
- մորֆոլոգիական  հետազոտություն – որպես  համալիր  հետազոտման  ավարտական  փուլ`  որոշելու  համար  ոչ  միայն  ուռուցքային  աճի  բնույթը, այլ  նաև  հիստոգենեզը – պունկցիոն  բիոպսիա, տրեպանոբիոպսիա, առանձին  դեպքերում`  ինցիզիոն  կամ  էքսցիզիոն  բիոպսիա

Տարբերակիչ  ախտորոշումը.
Փափուկ  հյուսվածքների  ուռուցքների  տարբերակիչ  ախտորոշումը  կատարվում  է  հետևյալ  հիվանդությունների  հետ.
- վայրածոր  թարախակույտ  ողնաշարի  տուբերկուլոզային  ախտահարման  ժամանակ
- հետտրավմատիկ  բարդություններ, հեմատոմաներ
- խրոնիկ  կորտիկալ  օստեոմիելիտ
- ինֆեկցիոն  գրանուլոմաներ  փափուկ  հյուսվածքներում
- պարազիտար  կիստաներ  մկաններում
- մկանային  ճողվածքներ
- օսիֆիկացնող  միոզիտ

Բուժումը
Գոյություն  ունեն  բուժման  3  հիմնական  եղանակներ` վիրահատական, ճառագայթային  և  քիմիոթերապիա, որոնք  ըստ  ցուցումների  կիրառվում  են  ինքնուրույն  կամ  զուգակցված:
Որպես  կանոն, վիրահատական  բուժումը  համարվում  է  հիմնականը:
Բարորակ  ուռուցքների  դեպքում  բուժման  միակ  եղանակը  վիրահատականն  է`  ուռուցքի  հեռացում  առողջ  հյուսվածքների  սահմաններում:

Չարորակ  ուռուցքների  դեպքում  կատարվում  են.
1.    վերջույթապահպան  վիրահատություն`   ուռուցքի  լայն  բացազատում  (excisio) – ուռուցքը  հեռացվում  է  առողջ  հյուսվածքների  սահմաններում` առանց  նրա  վնասման  կամ  մերկացման, ամբողջական  մկանափակեղային  բունոցով` ախտահարված մկանի  կպման  անատոմիական  գոտու  սահմաններում
2.    վերջույթի  անդամահատում  (ամպուտացիա, էկզարտիկուլյացիա) – կատարվում  է  ուռուցքով  ախտահարված  մկանախմբի  մակարդակից  վեր - երբ  հնարավոր  չէ  ուռուցքը  հեռացնել  լայն  բացազատման  միջոցով (ուռուցքի  ներաճում  մագիստրալ  անոթների, ներվերի  մեջ), բազմակի  անհաջող  վերջույթապահպան  վիրահատություններից  հետո  և  ամոքիչ (պալիատիվ)  նպատակով`  քայքայվող  և  արյունահոսող  ուռուցքների  դեպքում:

Ռեգիոնար  ավշահանգույցների  ախտահարման  դեպքում  կատարվում  են  լիմֆոդիսեկցիաներ:
Փափուկ  հյուսվածքների  սարկոմաների  ճառագայթային  բուժումը  հիմնականում  կատարվում  է  նեոադյուվանտ  և  ադյուվանտ  նպատակներով:  Որպես  բուժման  ինքնուրույն  եղանակ  կամ  քիմիոթերապիայի  հետ  համակցված,  այն  կիրառվում  է  միայն  անվիրահատելի  ուռուցքների  կամ  վիրահատությունից  հիվանդների  հրաժարման  դեպքում:

Քիմիոթերապիան  կարող  է  կիրառվել  նախավիրահատական  շրջանում`  տեղային  տարածված  ուռուցքը  վիրահատելի  դարձնելու  նպատակով (հնարավոր  է  ռեգիոնար  պերֆուզիաներ  մելֆալանով, ներզարկերակային  սուպերսելեկտիվ  քիմիոթերապիա  պլատինի, մետոտրեքսատի, դոքսոռուբիցինի  պրեպարատներով)   կամ  ուռուցքի  հեռացումից  հետո`  ադյուվանտ  քիմիոթերապիայի  կուրսերի  ձևով:
Քիմիոպրեպարատների  առավել  հաճախ  կիրառվող  կոմբինացիաներն  են  MAID և   CyVADIC  սխեմաները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին