Մաշկի չարորորակ նորագոյացությունները գրեթե հավասարապես հանդիպում են ինչպես տղամարդկանց այնպես էլ կանանց շրջանում:
Էթիոլոգիան և պաթոգենեզը
Մաշկի նորագոյացությունների էթիոլոգիական ամբողջությամբ պարզաբանված չէ, սակայն վստահորեն կարելի է ասել, որ ռիսկի գործոններ են հանդիսանում սուր և քրոնիկ վնասվածքները, մեխանիկական գրգռումը, մկնդեղը, այրվածքները, նավթի և քարածխի ածանցյալների ազդեցությունը և իհարկե, ուլտրամանուշակագույն և իոնիզացնող ճառագայթումը:  
Մաշկային նորագոյացությունները ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի` բարորակ նորագոյացություններ, ֆակուլտատիվ և օբլիգատ նախաքաղցկեղային նորագոյացություններ, հիմաբջջային քաղցկեղ կամ բազալիոմա, տափակբջջային քաղցկեղ, մելանոմա:

Մաշկի նորագոյացությունները պատկանում են վիզուալ ձևերին, ինչը թույլ է տալիս հիվանդությունը ախտորոշել բավական վաղ փուլերում: Հիվանդությունը ուղեկցվում է հիվանդին անհանգստություն պատճառող մի քանի ախտանշաններով, որնոնցից հիմնականներն են քորը, ցավը, այրոցի զգացումը, խոցոտումն ու արյունային արտադրությունը: Ախտորոշումը հիմնված է համալիր մեթոդների հիման վրա, որտեղ առաջնային տեղ է գրավում մորֆոլոգիական քննությունը: Մաշկի բարորակ նորագոյացությունների թվին են պատկանում` պապիլոմաները, ադենոմաները, տրիխոէպիթելիոմաները, հիդրոսիրինգոադենոմաները և այլն: Սրանք տարբեր տարիքային խմբերին բնորոշ, տարբեր էթիոլոգիա և արտաքին տեսք ունեցող նորագոյացություններ են, որոնք ունեն ընդհանուր մի հատկանիշ` այն է չարորակացման հատկության բացակայություն:

Մաշկի ֆակուլտատիվ նախաքաղցկեղային հիվանդություններ

Ծերունական ատրոֆիա (կերատոմա). Մաշկը դառնում է չոր, աբարակ և կնճռոտված: Ի հայտ են գալիս դեղնավուն, մաշկի վրա բարձրացող լաքաներ, որոնք պատված են դժվարությամբ առանձնացող կեղևով: Կիրառվում է վիրաբուժական բուժում:
Մաշկային եղջյուր. Առաջանում է ծերունական ատրոֆիայի ֆոնի վրա: Բնորոշ է 60-70 տարեկան հասակի համար: Մաշկի վրա ի հայտ են գալիս պապիլոմաների նման գոյացություններ: Կիրառվում է վիրաբուժական բուժում: Մաշկի ֆակուլտատիվ նախաքաղցկեղային հիվանդություններին են պատկանում նաև քրոնիկ մասնագիական դերմատիտները, որոնք առաջանում են ճառագայթային ռադիացիայի, նավթի, քարածխի, մկնդեղ պարունակող նյութերի վերամշակման ժամանակ առաջացող նյութերի ազդեցության ներքո:

Մաշկի օբլիգատ նախաքաղցկեղային հիվանդություններ
Պիգմենտային քսերոդերմա. Մաշկի վրա ի հայտ են գալիս կարմրավուն գունավորմամբ լաքաներ` առանց ընդգծված սահմանների, աննշան այտուցվածությամբ: Արևի ազդեցության տակ սրանք չորանում են, թեփոտում: Առաջանում են պիգմենտային լաքաներ: Հյուսվածաբանորեն սրանք ականտոմաներ են: Բուժման բացակյության պայմաններում գրեթե միշտ առկա է չարորակացում: Բուժման հիմնական մեթոդը վիրահատականն է: Բազմաթիվ օջախների դեպքում կիրառվում է նաև ռենտգենոթերապիա:

Բոուենի հիվանդություն. Կարող է տարածվել ամբողջ մարմնով, սակայն, ավելի հաճախ ախտահարվում են իրանի, դեմքի, պարանոցի, վերջույթների և սեռական օրգանների մաշկն ու լորձաթաղանթները: Կլինիկական ընթացքը բազմազան է: Բնորոշվում է սահմանազատված, օվալաձև, դեղնաշագանակագույն գունավորմամբ գոյացությունների առաջացմամբ: Հյուսվածաբանորեն նման է մաշկի քաղցկեղին: Բուժումը նույնն է ինչ որ պիգմենտային քսերոդերմայի ժամանակ:

Բազալիոմա
Բազլիոման միջանկյալ տեղ է գրավում չարորակ և բարորակ նորագոյացությունների միջև: Սա պայմանավորված է ինֆիլտրատիվ և ինվազիվ աճի առկայությամբ և մեթաստազների գրեթե բացակայությամբ: Սա բավական հաճախ հանդիպող հիվանդություն է: Հիվանդանում են հիմնականում 50 տարեկանից բարձր տարիքում: Կանայք և տղամարդիկ հիվանդանում են գրեթե հավասար հաճախությամբ: 90-98% դեպքերում գոյացությունը տեղակայվում է դեմքի և պարանոցի մաշկի վրա: Միայն 3-10% դեպքերում է ախտահարվում իրանի և վերջույթների մաշկը:
Կլինիկորեն արտահայտվում է բավական դանդաղ ամուր կոնսիստենցիա ունեցող, մաշկի մակերեսից բարձրացող, վարդագույն, վարդադեղնավուն հանգույցի առաջացմամբ:
Այս գոյացությունը հաճախ ծածկված է էպիդերմալ կեղևով, նրա շուրջ առաջանում են նմանատիպ գոյացություններ, որոնք միաձուլվում են` դառնալով մեկ միասնական հանգույց: Ժամանակի ընթացքում ի հայտ է գալիս հանդույցների մակերեսի խոցոտում և քայքայում, իսկ գոյացության եզրերով առաջանում է սպիտակավուն, մանր հանգույցներից կազմված և մարգարիտներ հիշեցնող թմբիկ:
Ախտորոշումը կատարվում է բջջաբանական և հյուսվածաբանական հետազոտությունների հիման վրա:

Բուժման հիմնական մեթոդը վիրահատականն է: Վիրահատության համար դժվարամատչելի տեղակայումների դեպքում (հիմանականում դեմքի վրա) լայնորեն կիրառվում է ճառագայթային բուժումը, որը աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ: Հնարավոր է նաև ֆտորուրացիլի 10% քսուքի տեղային օգտագործումը: Արմատական բուժման դեպքում արդյունքները բավականին գոհացուցիչ են: Սակայն, ոչ արմատական վիրահատությունների և բարձիթող դեպքերում մեծ է տեղային կրկնողությունների հավանականությունը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին