Օստեոմա
Մորֆոլոգիական կառուցվածքից ելնելով տարբերում են կոմպակտ, սպունգանման և խառը օստեոմաներ: Կան լայն հիմքի վրա և նեղ ոտիկի վրա օստեոմաներ: Ավելի հաճախ հանդիպում են 10-25 տարեկանում, հիմնականում երկար խողովակավոր ոսկրերի մետաֆիզներում և դիաֆիզներում, գանգի ոսկրերում: Մալիգնիզացիա չի տալիս:
Կլինիկական պատկերը կախված է ուռուցքի տեղակայումից և պայմանավորվում է կոմպրեսիոն համախտանիշով: Վիրահատական բուժումը (միայն ուռուցքի հեռացում վերնոսկրի հետ) ցուցված է, եթե կա ցավ, վերջույթի ֆունկցիայի խանգարում և ուռուցքի մեծ չափսեր:

Օստեոիդ-օստեոմա
Որոշ հեղինակներ սրան համարում են ուռուցքանման գոյացություն, որոշները` համարում են սահմանային խրոնիկ օստեոմիելիտ: Սակայն հեղինակների մեծ մասը օստեոիդ-օստեոման դասում են իսկական ոսկրային ուռուցքների շարքին: Ունի յուրահատուկ կլինիկական ընթացք, սպեցեֆիկ հիստոլոգիական և ռենտգենոլոգիական պատկեր: Հանդիպում է հիմնականում 5-30 տարեկանում, տղամարդկանց մոտ 3-4 անգամ ավելի հաճախ: Ամենահաճախը հանդիպում է ազդրոսկրի և մեծ ոլոքի օստեոիդ օստեոման: Այս ուռուցքը չի հայտնաբերվել միայն գանգի ոսկրերում: v Հիմնական կլինիկական նշանը ցավն է, որի ինտենսիվությունը ավելանում է ուռուցքի աճին զուգընթաց: Շատ կարևոր դիագնոստիկ կրիտերիա է գիշերային ժամերին ցավի ուժեղանալը և ցավի հանգստանալը սալիցիլատներից: Երբեմն ցավերը ունեն ճառագայթող բնույթ:

Ռենտգենաբանական պատկերը հիմնականում խիստ բնորոշ է. փոքրիկ` 0.5-2 սմ տրամագծով, լուսավորված օջախ, որը շրջապատված է սկլերոզի զոնայով և տեղակայված է կա’մ կորտիկալ շերտում, կամ` ավելի խորը: Տարբերակիչ ախտորոշումը կատարում են որոշ բորբոքային հիվանդությունների հետ (Բրոդիի աբսցես, Գարեի սկլերոզացնող օստեոմիելիտ), շերտազատող օստեոխոնդրոզի հետ:
Բուժումը միայն վիրահատական է` ուռուցքի ամբողջական ռեզեկցիան շրջական սկլերոզի հետ միասին: Ոչ լրիվ հեռացնելիս լինում է ռեցիդիվ: Մալիգնիզացիայի դեպքեր չեն գրանցված:

Օստեոբլաստոմա
Բարորակ օստեոբլաստոման անոթավորված ոսկրային ուռուցք է, որի կենտրոնում գտնվում է լուծված ՚բունըՙ: Իր հիստոլոգիական պատկերով նման է օստեոիդ օստեոմային, սակայն չափերով ավելի մեծ է, որի պատճառով էլ կոչվում է նաև գիգանտ օստեոիդ օստեոմա:
Ագրեսիվ օստեոբլաստոմայի բոլոր օստեոկլաստները ունեն բջջային ատիպիզմ:
Ուռուցքի հիմնական տեղակայումը ողնաշարն է (40%):

Կլինիկան: Ցավը մշտական է, անկախ օրվա ժամից, ուժեղանում է հանգստի վիճակում և անցնում է որոշ ժամանակով անալգետիկներից: Ողնաշարում տեղակայման դեպքում ցավը հաճախ ունենում է ճառագայթող բնույթ, լինում է ողնաշարի շարժունության պակասում, լորդոզի հարթում, ախտահարման շրջանում լոկալ ցավոտություն: Ռենտգեն դիագնոստիկան - սկզբում հայտնաբերվում է լիտիկ դեստրուկցիայի օջախ առանց հստաւկ սահմանների: Ավելի ուշ (մինչև 1.5 տարի) ի հայտ է գալիս բաց օջախ շրջապատված սկլերոզի զոնայով: Ավելի ուշ շրջաններում (մինչև 7 տարի) դեստրուկցիայի օջախը գրեթե չի մեծանում, բայց ավելանում է սկլերոզի զոնան: Ագրեսիվ ձևի ժամանակ մեծանում է դեստրուկցիայի օջախը, բարակում և փքվում է կորտիկալ շերտը, սկլերոզը կարող է ընդհանրապես չլինել:
Բուժումը կայանում է ուռուցքի աբլաստիկ ռեզեկցիայի մեջ` ոսկրային դեֆեկտի հետագա պլաստիկայով: Ուռուցքի սովորական կյուրետաժի ժամանակ լինում են ռեցիդիվներ:

Օստեոբլաստոկլաստոմա (գիգանտաբջջային ուռուցք)
1-1.5% դեպքերում հանդիպում են սրա առաջնային չարորակ ձևերը, իսկ 10-25% ում` մալիգնիզացված ձևերը, ոչ ադեկվատ վիրահատական կամ ճառագայթային բուժումից հետո: Հաճախ հանդիպում են երկար խողովակաձև ոսկրերի մետաէպիֆիզար հատվածներում, հատկապես մեծ ոլոքի պրոքսիմալ և ազդրոսկրի դիստալ հատվածներում: Կանաց մոտ հանդիպում է ավելի հաճախ, 20-55 տարեկանում: Օստեոբլաստոկլաստոման հիմնականում սոլիտար ուռուցք է, հազվադեպ հանդիպում են տարբեր տեղակայության ուռուցքներ, օր. ծնկա հոդը կազմող ոսկրերում: Կլինիկայում առաջին և հաճախ միակ սիմպտոմը տարբեր ինտենսիվության ցավն է: Հետո միանում են կաղությունը, հոդերի կոնտուրների հարթվածությունը և կոնտրակտուրան: Երեխաների մոտ կարող են ընթանալ անսիմպտոմ և հայտնաբերվել միայն պաթոլոգիական կոտրվածքից հետո:

Ուռուցքը էքսցենտրիկ դասավորություն ունենալով` մետաֆիզից անցնում է էպիֆիզին, հասնում հոդաճառին, բայց չի թափանցում նրա մեջ: Ախտահարման օջախը հաճախ ունի վանդակա-խտրոցային կառուցվածք, երբեմն էլ անկանոն, լիտիկ կառուցվածք: Կարող է ախտահարել ոսկրի ողջ հոդային ծայրը, որը լինում է փքված, հաստացած, կորտիկալ շերտը հաճախ բարակած է` տեղ-տեղ նույնիսկ չի էլ երևում: Կարող են լինել պաթոլոգիական կոտրվածքներ: Ռենտգենոլոգիական պատկերը - ծակոտկեն, պսևդոկիստոզ լուսավորումներ, որոնք նման են օճառի պղպղջակների: Մակրոսկոպիկ ուռուցքային հյուսվածքը մսոտ է, ունի խայտաբղետ տեսք հեմոռագիկ օջախների պատճառով, կամ էլ գորշ գույն` հեմոսիդերինի նստվածքի պատճառով:
Բուժումը վիրահատական է:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին