Ենթաստամոքսագեղձի  բարորակ  ուռուցքները  ծագում  են  գեղձի  հասուն  հյուսվածքից  և  հանդիպում  են  շատ  հազվադեպ:
Տարբերում  են  էպիթելային  (ադենոմաներ, ցիստադենոմաներ), շարակցահյուսվածքային  (ֆիբրոմա, լիպոմա), մկանային  (լեյոմիոմա), անոթային  (հեմագիոմաներ, լիմֆանգիոմաներ)  և  նևրոգեն  (նևրինոմա, գանգլիոնևրոմա)  ուռուցքներ: Լինում  են  նաև  դիզօնտոգենետիկ  ուռուցքներ  կամ տերատոմաներ:

Բարորակ  ուռուցքները  կարող  են  տեղակայել  գեղձի  բոլոր  հատվածներում, լինում  են  եզակի  և բազմակի, հասնում  են  տարբեր  չափսերի:
Պաթոգնոմոնիկ  ախտանշաններ  չկան: Հիվանդները  հաճախ  գանգատվում  են  որովայնում  բութ, ոչմշտական  ցավերից, դիսպեպտիկ  խանգարումներից, մեծ  չափսերի  դեպքում  ուռուցքները  կարող  են  շոշափվել:  Ախտորոշման  ժամանակ  առավել  տեղեկատվական  են  կոմպյուտերային  տոմոգրաֆիայի  տվյալները`  հարթ  եզրագծերվ  գոյացություն  ենթաստամոքսագեղձի  հյուսվածքում:
Ենթաստամոքսագեղձի  բարորակ  ուռուցքներին  են  դասվում  նաև  կղզյակային  ապարատի  բջիջներից  ծագող  հորմոնակտիվ  ուռուցքները:
Բետաբջջային  ադենոմաները  (ինսուլինոմաները)  արտազատում  են  ինսուլին  և  կլինիկորեն  արտահայտվում  են  հիպոգլիկեմիայի  սինդրոմով:

Բնորոշ  է  ախտանշանների  եռյակը  (Ուիպլի  տրիադա).
1.    հիպոգլիկեմիայի  ծանր  նոպա, ընդհուպ  մինչև  կոմայի  զարգացում`  քաղցի  կամ  ֆիզիկական  ծանրաբեռնման  ֆոնի  վրա,
2.    արյան  գլյուկոզայի  խիստ  իջեցում (0.5 գ/Լ-ից  ցածր),
3.    հիպոգլիկեմիայի  բոլոր  ախտանշանների  անհետացում  գլյուկոզայի  ներերակային  ներմուծումից  հետո:

Ինսուլոմայի  ախտորոշման  հիմնական  մեթոդը  համարվում  է  սելեկտիվ  ցելիակոգրաֆիան:

Բուժումը. վիրահատական` ադենոմայի  հեռացում  կապսուլայի  հետ  միասին; ենթաստամոքսագեղձի պոչի  և  մարմնի  բազմակի  ադենոմաների  դեպքում, ինչպես  նաև  չարորակացման  նշանների  առկայության  դեպքում  կատարվում  է  գեղձի  մասնահատում:

Ուլցերոգեն  ադենոմայի  (գաստրինոմայի)  բջիջներն  արտազատում  են  գաստրին, որը  հորմոնալ  ճանապարհով  ներգործում  է  ստամոքսի  լորձաթաղանթի  գեղձերի  վրա: Հիվանդների  60%-ի  մոտ  գաստրինոմաները  կարող  են  լինել  չարորակ  և  տալիս  են  մետաստազներ  ռեգիոնար  ավշահանգույցներում, լյարդում, թոքերում, որովայնամզում, մաշկում: Հիվանդների  50%-ի  մոտ  գաստրինոմաները  համակցվում  են  ուրիշ  ներզատիչ  գեղձերի  ադենոմատոզի  հետ:

Zollinger-Ellison-ի  սինդրոմը  բնութագրվում է  ախտանշանների  տրիադայով.
1.    ենթաստամոքսագեղձի  լանգերհանսյան  կղզյակների  ՙոչ բետաբջջային՚  ադենոմա,
2.    վիրահատական  բուժմամբ  չապաքինվող, հաճախակի  կրկնվող  խոց`  յուրահատուկ  տեղակայմամբ  (զստաղիքի  վերին  հատված, տասներկումատնյա  աղիքի  վայրէջ  կամ  ստորին  հորիզոնական  հատվածներ, երբեմն  միաժամանակ  նաև  ստամոքսում)
3.    ստամոքսային  հիպերսեկրեցիա (օրեկան  մի  քանի  լիտր)`   ազատ  աղաթթվի  բարձր  պարունակությամբ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին