Էնդեմիկ այլաձև օստեոպորոզ, Կաշին-Բեկի հիվանդություն

Հիվանդությունը պայմանավորված է խողովակավոր ոսկրերի ներաճառային աճի ձեռքբերովի խանգարումով, որը հանգեցնում է յուրատեսակ այլաձևող օստեոարթրոզի գոյացմանը: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է Անդրբայկալյան Ուրով գետի մերձափնյա բնակիչների մոտ։ Էնդեմիկ օջախներ են հայտնաբերվել նաև Արևելյան Սիբիրում, Չինաստանի հյուսիս-արևելքում և Կորեական թերակղզու հյուսիսային մասում: Հիվանդության էնդեմիկության պատճառներն ու ախտածագումը վերջնականապես հայտնի չեն։

Հիվանդության կապը արտաքին էնդեմիկ գործոնների հետ կասկած չի հարուցում, սակայն դրանց ազդեցության մեխանիզմը դեռևս մնում է անհայտ։ Բնակչությանը մատակարարվող հացի և խմելու ջրի որակի բարձրացման շնորհիվ հիվանդությունը նկատելիորեն նվազել է։ Ենթադրվում է, որ հիվանդության զարգացման պրոցեսում մեծ դեր ունի ջրի ու հողի միկրոտարրերի միջև եղած անհամաչափությունը։ Ախտաանատոմիական հետազոտությամբ ոսկրերի մետաֆիզային հատվածներում և աճառներում հայտնաբերվում են խոր և համատարած դիստրոֆիկ և, մասամբ, կազմալուծական (դեստրուկտիվ) փոփոխություններ։ Ախտաբանական պրոցեսի հարաճման ընթացքում հոդային մակերեսները տափակում են և նրանց եզրերին գոյանում են ոսկրային աճուկներ, որոնց հետևանքով զարգանում են հոդերի ձևախախտումներ, ֆունկցիայի խանգարումներ, աճի դանդաղում կամ դադարում։

Երեխաների մոտ հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է 6-14 տարեկանում։
Սկզբնական շրջանում գանգատներ չեն լինում։ Կարող են նկատվել մարմնի ցավոտություն, մատների մկանների կծկումներ, տարազգայություն (պարէսթեզիա): Նշված երևույթներն ի հայտ գալիս և հետագայում ուժեղանում են մրսելու, ֆիզիկական գերլարման, վնասվածքի, վարակային հիվանդությունների դեպքում։ Հոդերի փոփոխությունները սկզբում աննշան են։ Շարժումների ժամանակ նուրբ ճարճատում է լսվում (կրեպիտացիա): Ախտաբանական պրոցեսի խորացման հետ այն վեր է ածվում «մեծ ճարճատման»։ Հոդերն աստիճանաբար ավելի ու ավելի են փոխում իրենց տեսքը, հաստանում են, կորցնում շարժունակությունը, զարգանում է մկանների ատրոֆիա, աճի դանդաղում։ Հիվանդության բուռն շրջանում հայտ-նաբերվում են հոդերի բազմաթիվ համաչափ ձևախախտումներ, շարժումների սահմանափակումներ, գոյանում են չափավոր արտահայտված կծկանքներ (կոնտրակտուրաներ): Հոդերի երկրորդային սինովիտների ժամանակ առանձին դեպքերում էքսուդատ է առաջանում։ Շատ բնորոշ են միջֆալանգային հոդերի փոփոխությունները, դիաֆիզների կարճացումից բացի, հայտնաբերվում են նաև հաստացումներ և ձևախախտումներ, որոնք կարճամատության պատկեր են առաջացնում։ Կոնքազդրային հոդերի ախտահարումից զարգանում է յուրատեսակ «բադի» քայլվածք։ Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ սկզբնական փոփոխությունները դիտարկվում են մետաֆիզներում։ Հետագայում միանում են և էպիֆիզների փոփոխությունները։ Ախտահարվում են գրեթե բոլոր խողովակավոր, ինչպես նաև կարճ սպունգանման ոսկրերը։ Հիվանդության տևողությունը տարբեր է։ Այն վերանում է աճման պրոցեսների ավարտման հետ։

Բուժումը։ Նույնն է, ինչ որ օստեոարթրոզների դեպքում։

 
 
 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին