Այս հիվանդությանը յուրահատուկ է բնական օջախականությունը, անտրոպոզոոնոզ է, հիվանդության հարուցիչները սպիրոխետներն են , իսկ փոխանցողները՝ Ornithodorus ցեղին պատկանող տզերը։ Ինչպես ոջլային հետադարձ տիֆի, այնպես էլ այս հիվանդության ժամանակ կլինիկան ընթանում է ջերմային նոպաներով և ջերմադադարներով, միայն այն տարբերությամբ, որ տզային հետադարձ տիֆի ժամանակ այն կրում է անկանոն բնույթ։ Այս հիվանդության մասին առաջին գիտական հաղորդումը պատկանում է անգլիացի ճանապարհորդ Լիվինգստոնին, որն Աֆրիկայում 1857թ արձանագրել է տնային տզերի խայթոցից առաջացող ջեմող հիվանդության դեպքեր։ 1904թ. Ռոսսին ևՄիլինին հաջողվեց ջերմող հիվանդների արյունից անջատել հարուցիչները՝ սպիրոխետները։ Մեկ տարի հետո Դալտոնը և Տոդգը փորձերով ապացուցեցին այս հիվանդության հարուցիչների փոխանցումը մարդկանց Ornithodorus moubata տզի օգնությամբ։ Նրանք միաժամանակ հնարավոր համարեցին հարուցիչների փոխանցումը տզերի միջոցով իրենց իսկ սերունդներին (տրանսօվարիալ փոխանցում)։

Հայաստանում այս հիվանդությունն առաջին անգամ հայտնա-բերվել է 1924թ., Ա.Իսահակյանի կողմից, էջմիածնի շրջանում։ Հետագայում մի շարք գիտնականների կողմից այս հիվանդության դեպքեր են հայտնաբերվել նաև այլ շրջաններում ու բնակավայրերում (Հ.Ազիզյան, 1950թ. Երևանում, ԱՄկրտչյան 1949թ. Նոյեմբերյանում, Խ.Չուբարյան 1951թ. Արտաշատում, Կ.Դեղձունյան 1951թ. էջմիածնի շրջանի Արշալույս և Խզնաուզ գյուղերում)։ Բոլոր ուսումնասիրություններն ի մի բերելով 1972թ. Կ.Դեղձունյանը կազմել է Հայաստանում տզային հետադարձ տիֆի տարածվածության աշխարհագրական քարտեզը, ուր, բացի բնական օջախների տեղադրումից, տրված են նաև այս օջախներում հիվանդությունը տարածող տզերի տեսակները, բնության մեջ այս հիվանդությունը կրող կենդանիները (հիմնականում կրծողներ) և տզային հետադարձ տիֆի այլ յուրահատկությունները։

Այս հիվանդությունը հիմնականում տարածված է հանրապետության հարթավայրային գոտում (Արարատյան հարթավայր), սակայն եզակի օջախներ են հայտնաբերված նաև նախալեռնային գոտու բնակավայրերի շրջակայքում, Թալինի, Անրի, Գորիսի, Աիսիանի, Աբովյանի, Աշտարակի շրջաններում, ինչպես նաև Ղափանի, Նոյեմբերյանի ցածրադիր գոտում։ Վերը նշված տզային հետադարձ տիֆի բնական օջախները 25 տարուց ավելի է կրկնակի հետազոտության չեն ենթարկվել և այժմ դժվար է որոշակի գաղափար կազմել դրանց առկա վիճակի, համաճարակագիտական վտանգավորության, բնական օջախների ինտենսիվության, հիվանդության դեպքերի հայտնաբերման մասին։ Վերջինի բացակայությունը մեր կարծիքով հետևանք է վատ ախտորոշման։
Նախկին ԽՍՀՄ տարածում այս հիվանդությունն արձանագրվել է Անդրկովկասում, Միջին Ասիայում։

Վարակի աբյուրը
Կրծողներն են՝ ավազամկներ, առնետներ, տնային մկներ, տնգլամկներ (тушканчик), ինչպես նաև ոզնիները, շնագայլերը, աղվեսները և այլ կենդանիներ։ Հիվանդության հարուցիչները՝ սպիրոխետները, մտնում են Borrelia ցեղի մեջ։ Այս սպիրոխետները մեծամասամբ ստացել են այն վայրի անունը, ուր հայտնաբերվել են (B.berbera, B.hispanica, B.Persica, B.armenica ևայլն)։ Սպիրոխետներն իրենց կառուցվածքային յուրահատկու¬թյուններով շատ դժվար է միմյանցից տարբերել, ուստի հաճախ դիմում են համաճարակաբանական անամնեստիկ տվյալներին, անտիգենային առանձնահատկություններին, լաբորատոր կենդանիների վրա նրանց ախտածնության որոշման փորձերին (ծովախոզուկներն ընկալ են Օբերմեյերի սպիրոխետների նկատմամբ)։
Հիվանդ մարդը որպես վարակի աղբյուր էական դեր չի խաղում, քանի որ հիվանդանալուց հետո նա բնական օջախից փոխադրվում է ստացիոնար կամ տուն, ուր բացակայում է փոխանցման մեխանիզմի գործոնը։
Հիվանդության գաղտնի շրջանից հետո, որը սովորաբար 6-8 օր է, ի հայտ են գալիս հիվանդության նշանները հանկարծակի դող, ջերմաստիճանի բարձրացում (2-3 օր), հետո ջերմադադար (ապերեքսիայի շրջան), որը տևում է 6-8 օր, ապա դարձյալ ջերմաստիճանի բարձրացում և դարձյալ ջերմադադարներ, նոպաները կարող են կրկնվել 8-10-15 անգամ։ Հիվանդությունը տևում է մի քանի ամիս, և միշտ ելքը բարորակ է։
Լաբորատոր ախտորոշման համար մատից արյուն են վերցնում, պատրաստում են քսուկ կամ հաստ կաթիլ, ներկում են Գիմզա-Ռոմանովսկու ներկով, հայտնաբերում են սպիրոխետներ։
Ավելի մեծ հավանականություն ունի հարուցիչների հայտնաբերումը նոպայի ժամանակ, թեպետ սպիրոխետներ կարելի է հայտնաբերել նաև ապերեքսիայի ժամանակ (ի տարբերություն ոջլային հետադարձ տիֆի)։ Վարակակրություն այս հիվանդության ժամանակ չի արձանագրվում։

Փոխանցման մեխանիզմը
Իրագործվում է Ornithodorus տզերի օգնությամբ, որոնք վարակվում են սպիրոխետներով՝ վարակի աղբյուր հանդիսացող զանազան կրծողների արյունով սնվելիս։
Հայաստանում տվյալ հետադարձ տիֆը փոխանցում են Ornithodorus verrucosus, Or. alactagalis, Or. lahwrensis, Or. tulaje տզերը, իսկ ընդհանրապես՝ կարևոր դեր ունեն Or.papillipes, Or.tartakovskyi տեսակները։
Վարակված տզերի օրգանիզմում սպիրոխետները սկզբնական շրջանում տեղակայվում են նրանց ստամոքսում, ապա կլանվելով մակրոֆագերի կողմից, կենտրոնանում են նրանց ձվարաններում, թքագեղձերում և կոկսալ գեղձերում։ Տզերը մարդկանց սպիրոխետները կարող են իրենց օրգանիզմում պահպանել և փոխանցել կենդանիներին 10 տարի և ավել ժամանակամիջոցում։ Նրանք կարող են տրանսօվարիալ ճանապարհով վարակը փոխանցել նաև իրենց սերունդներին։ Այս հանգամանքը կարևոր նշանակություն ունի ոչ միայն վարակի փոխանցման տեսակետից, այլև այն առումով, որ տզերը հանդիսանում են բնության պայմաններում սպիրոխետների շտեմարան։
Հայաստանում հիվանդության խոշոր բռնկումներ չեն արձանագրված, հիմնականում հանդիպում են հիվանդության սպորադիկ դեպքեր, այն էլ միայն իրենց էնդեմիկ տարածվածության օջախներում։ Հիվանդության սեզոնայնության շրջանը ամռան, աշնան ամիսներն են։
Մարդկանց ընկալությունը այս հիվանդության նկատմամբ բավականին բարձր է, սակայն նույնը չի կարելի ասել հետինֆեկցիոն անընկալության մասին։ Առողջանալուց հետո մարդ ձեռք է բերում անընկալություն միայն տվյալ հարուցիչի նկատմամբ, խաչաձև անընկալություն գոյություն չունի, որի պատճառով մարդը կարող է մի քանի անգամ հիվանդանալ տզային հետադարձ տիֆով։

Պայքարը և կանխարգելումը
Վարակի աղբյուրի նկատմամբ տարվող միջոցառումներն ունեն զուտ բուժական նշանակություն, քանի որ, ինչպես նշվել է վերևում, հիվանդ մարդը որպես վարակի աղբյուր դեր չունի։ Հիվանդների բուժման ժամանակ օգտագործվում են տետրացիկլինային շարքի հակաբիոտիկներ, որոնք բավականի արդյունավետ են։ Բնական օջախներում կրծողների դեմ անհրաժեշտ են դեռատիզացիոն միջոցառումներ։ Հիմնական միջոցառումները տարվում են փոխանցման գործոնի դեմ։
Կանխարգելման միջոցառումների հիմնական նպատակը մարդկանց պաշտպանելն է տզերի հարձակումից։ Առաջարկվում է տզային հետադարձ տիֆի նկատմամբ անապահով վայրերը չդարձնել հանգստյան գոտիներ։ Այս վայրերում գտնվելիս կարելի է օգտագործել տզերին խրտնեցնող միջոցներ։ Այդ միջոցներից դիմեթիլֆթալատով մշակում են մարմնի բաց մասերը, որից հետո տզերը չեն մոտենում։
Բնության պայմաններում կրծողների դեմ պայքարելիս անհրաժեշտ է միաժամանակ նրանց բները մշակել միջատասպան միջոցներով (քլորոֆոս, մետաքլորոֆոս, ԴԴՏ և այլն)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին