(ԱԶՈՏԱԿԱՆ ԹԹՈՒ, ԾԾՄԲԱԿԱՆ ԹԹՈՒ, ԱՂԱԹԹՈՒ, ՔԱՑԱԽԱԹԹՈՒ ԵՎ ԱՅԼՆ)
Թթուներով թունավորումները սովորաբար երեխաների մոտ լինում են պատահական, այն անփույթ պահելու հետևանքով։ Չեն բացառվում նաև թունավորումները կենցաղային քիմիայի պատրաստուկներով, որոնց բաղադրության մեջ թթուներ կան։ Թթվի թունավոր դեղաչափը կախված է մի շարք գործոններից՝ թույնի ընդունման պահին ստամոքսի լցվածության աստիճանից, փսխման ռեֆլեքսի առաջացման արագությունից, օրգանիզմի ընդհանուր ռեակտիվականությունից, առաջին բժշկական օգնություն ցույց տալու ժամկետներից։ Թթուները ցուցաբերում են տեղային այրող, հեմատոքսիկ և նեֆրոտոքսիկ (օրգանական թթուներ) ազդեցություններ։

Թթուների ընդունման ժամանակ և հյուսվածքների հետ նրանց շփման դեպքում զարգանում է այրվածք, որն առաջացնում է սուր ցավեր և շոկ։ Հատկապես այրող ազդեցություն են թողնում անօրգանական թթուները (ազոտական թթու, ծծմբական թթու, աղաթթու): Բերանի խոռոչի, բկանցքի, նշիկների լորձաթաղանթը դառնում է խիստ գերարյուն, այտուցված և արյունահոսում է։ Լինում են շատ ուժեղ ցավեր կոկորդում, որկորի ուղղությամբ, ստամոքսի շրջանում։ Կոկորդի այտուցն առաջացնում է ձայնաճեղքի նեղացում և շնչահեղձություն։ Ձայնը դառնում է խռպոտ։ Հայտնվում է տանջալից փսխում արյան խառնուրդով, արյունային լուծ։ Երկրորդ օրը նկատվում է ջերմություն, պակասում է օրվա մեզը։ Երեխան գրգռված է, պուլսը՝ հաճախացած, զարկերակային ճնշումր՝ բարձր։ Ծանր դեպքերում խիստ ընկնում է զարկերակային ճնշումը, հարաճում են սիրտ-անոթային անբավարարության երևույթները, զարգանում է թոքերի այտուց։

Քացախաթթվով, թրթնջկաթթվով և այլ օրգանական թթուներով թունավորվելիս թունավորման առաջին իսկ րոպեներից սկսած զարգանում է ացիդոզ, հեմոլիզ և հեմոգլոբինուրիա։ Ծանր դեպքերում, թունավորումից մի քանի ժամ հետո, առաջանում է արտահայտված թերմակարդում (հիպոկոագուլյացիա), որը բերում է առատ, դժվարությամբ դադարեցվող արյունահոսությունների։ Ծանր դեպքերում, հատկապես քացախաթթվային թունավորումից, առաջին օրվա վերջում հեմոլիզի հետևանքով առաջ է գալիս մաշկի դեղնություն։ Մեզն ընդունում է մուգ-շագանակագույն տեսք։ Լյարդը մեծացած է, ցավոտ։ Խանգարվում է հեմոդինամիկան։ Երիկամների իշեմիան, մակարդման համակարգի փոփոխությունները բերում են լյարդային սուր անբավարարության զարգացման։ Թրթնջկաթթվային թունավորման ժամանակ արագ զարգանում է հիպոկալցիեմիա, որը բերում է տետանիկ և կլոնիկ ցնցումների։ Թունավորման առաջին 2 օրերին մահը կարող է առաջանալ շոկից, շնչահեղձությունից, սիրտ-անոթային անբավարարությունից։ Հետագա շաբաթներում սովորաբար նկատվում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են թարախային տրախեոբրոնխիտը, հեմոռագիկ թոքաբորբը, ստամոքսի թափածակումը, առատ արյունահոսությունները, երիկամային և լյարդային անբավարարությունը։

Բուժումը։ Ախտահարված հատվածների լվացում՝ ջրի առատ քանակով, սառը ջրով ստամոքսի լվացում՝ բուսական յուղով կամ վազելինով պատված զոնդի օգնությամբ։ Մինչև լվացումը ենթամաշկային ներարկվում է պրոմեդոլ և ատրոպին։ Ստամոքսի լվացումը նպատակահարմար է կատարել նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով կամ մագնեզիումի օքսիդի 2%-անոց կախուկով, որոնք չեզոքացնում են թթուները։ Սոդայով ստամոքսի լվացումը պետք է կատարել մեծ զգուշությամբ, որովհետև գոյացած ածխաթթվի մեծ քանակը կարող է ստամոքսի պատի թափածակում առաջացնել։ Ստամոքսի լվացում կարելի է կատարել թունավորումից հետո առաջին երկու ժամերի ընթացքում, քանի ոո հետագա ժամերին զարգանում է կոկորդի այտուց և, բացի այդ, պետք է հաշվի առնել զոնդով կերակրափողի կամ ստամոքսի թափածակման վտանգը։ Ջրաաղային հաշվեկշռի վերականգնման համար ներերակային ներարկվում է պլազմա, գլյուկոզայի 5%-անոց լուծույթ, ֆիզիոլոգիական լուծույթ, հեմոդեզ, ռեոպոլիգլյուկին: Ացիդոզի դեմ պայքարի նպատակով ներերակային ներարկվում է նատրիումի հիդրոկարբոնատ կամ տրիսամին։ Արյան զգալի կորստի դեպքում կատարվում է արյան փոխներարկում։

Սրտի աշխատանքի խանգարման ժամանակ տրվում է ստրոֆանթին, կորդիամին, կոֆեին (ենթամաշկային): Արյունահոսության կանխարգելման նպատակով կիրառվում են կալցիումի պատրաստուկներ, վիկասոլ և այլն։ Կոկորդի այտուցի դեպքում՝ տաքացնող միջոցներ պարանոցին, աերոզոլային ինհալացիա (նատրիումի հիդրոկարբոնատ, էֆեդրին, նովոկաին), հորմոնային թերապիա (հիդրոկորտիզոն, պրեդնիզոլոն)։ Շնչահեղձության ժամանակ կատարվում է տրախեոստոմիա։ Այրված մակերեսների տեղային բուժման համար ներքին ընդունման ձևով յուրաքանչյուր 3 ժամը 1 անգամ տրվում են հեղուկ դեղախառնուրդներ հետևյալ կազմությամբ՝ 200 մլ արևածաղկի յուղի 19% էմուլսիա, 2գ անեսթեզին, 2գ քլորտետրացիկլին։ Ներարկվում են վիտամիններ (B12, B1, B6, A)։ Առաջին մի քանի օրերին նշանակվում է 1ա դիետա, այնուհետև՝ 5ա դիետա (ըստ Պևզների)։ Առաջին օրը տրվում է բուսական յուղ և ներերակային ներարկվում գլյուկոզա, հետագայում՝ հում ձու, եփուկներ՝ ճարպերի և սպիտակուցների սահմանափակումով: Թրթնջկաթթվային թունավորման ժամանակ բուժական միջոցառումների կոմպլեքսում ավելացվում են նաև կալցիումի պատրաստուկներ։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին