(ԱՆԴԱՔՍԻՆ, ՄԵՊՐՈԲԱՄԱՏ, ԷԼԵՆԻՈՒՄ, ՍԵԴՈՒՔՍԵՆ, ԼԻԲՐԻՈՒՄ, ՏԱԶԵՊԱՄ, ՏՐԻՈՔՍԱԶԻՆ ԵՎ ԱՅԼՆ)
Թունավորման պատկերն աչքի է ընկնում մեծ փոփոխականությամբ։ Սկզբնական ախտանիշներն են թորշոմածությունը, քնկոտությունը, ատաքսիան, մկանային թուլությունը։ Ավելի ծանր դեպքերում նկատվում են գիտակցության մթագնում, գլխի և վերջույթների դողոց, հաճախասրտություն, զարկերակային ճնշման իջեցում: Որոշ հիվանդների մոտ կարող են զարգանալ հոգեշարժ դրդվածություն, տոնիկ և կլոնիկ ցնցումներ, շնչառության խանգարում, կապտուկ, նյութափոխանակային ացիդոզ։ Թոքերի կողմից լինում են բարդություններ՝ այտուց, ատելեկտազ, թոքաբորբ։

Բուժումը։ Ակտիվացրած ածուխ պարունակող ֆիզիոլոգիական լուծույթով կամ ջրով ստամոքսի լվացում։ Այնուհետև զոնդով ներմուծվում է աղային լուծողական, կատարվում է մաքրող հոգնա։ Ներարկվում են պլազմային փոխարինողներ, միզարտադրությունն ուժեղացվում է, անհրաժեշտության դեպքում կատարվում են արյան փոխարինական ներարկում, հեմոդիալիզ։ Արդյունավետ են անգիոտենզինը, բացառիկ դեպքերում՝ նորադրենալինը։ Սրտային գործունեության թուլացման դեպքում տրվում են կոկարբոքսիլազա, կորգլիկոն, ստրոֆանթին։ Երեխայի շնչառության դժվարացման դեպքում անհրաժեշտ է թոքերի արհեստական օդափոխություն կատարել։ Ավելի թեթև դեպքերում կարելի է սահմանափակվել թթվածնաբուժությամբ։ Հոգեշարժ դրդվածության, ցնցումների ժամանակ առաջարկվում է նատրիումի օքսիբուտիրատ։ Թոքերի հնարավոր բարդությունները կանխելու նպատակով միջոցառումներ են ձեռնարկվում թոքերի այտուցի և թոքաբորբի կանխարգելման ուղղությամբ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին