(ՇՄՈԼ, ԱԾԽԱԹԹՎԱՅԻՆ ԳԱԶ, ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴ)
Շմոլ գազը գոյանում է ածխածնի ոչ լրիվ այրումից։ Շմոլի նկատմամբ երեխաներն ավելի զգայուն են, քան մեծահասակները և նրանց մոտ թունավորումներն արագ են զարգանում։ Ածխածնի օքսիդն արագ է ներծծվում և, անցնելով արյան մեջ, միանում է հեմոգլոբինային երկաթին, այն վերածելով կարբօքսիհեմոգլոբինի։ Վերջինս ունակ չէ դեպի հյուսվածքները թթվածին տեղափոխել, որի հետևանքով զարգանում է հյուսվածքային թթվածնաքաղց։ Հիպոքսիայից, առաջին հերթին, խանգարվում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիան։ Թունավորվածների մոտ առաջանում է գլխացավ, գլխապտույտ, զարկ քունքերում, ականջներում աղմուկ, սրտխառնոց, փսխում, արցունքահոսություն։ Զարգանում է մկանային թուլություն, կոմա, ցնցումներ։ Հնարավոր է գրգռվածություն։ Դեմքի մաշկը կարմրում է, ավելի ճիշտ դառնում կապտավուն մուգ կարմիր, տեսանելի լորձաթաղանթները` մորագույն-կարմիր երանգով։ Նկատվում է հաճախասրտություն, ընկնում է արյան ճնշումը, շնչառությունը դառնում է մակերեսային կամ նույնիսկ դադարում։ Կարող է զարգանալ թոքերի և ուղեղի այտուց։

Բուժումը։ Թունավորվածին անհրաժեշտ է անհապաղ հեռացնել վտանգավոր շինությունից և դուրս բերել մաքուր օդ, կատարել թթվածնային ինհալյացիա։ Թեթև թունավորման դեպքերում ներարկում են շնչառության խթանիչներ (լոբելին, ցիտիտոն, կորազոլ, կորդիամին, կոֆեին): Ծանր դեպքերում առաջին մի քանի րոպեներին տալիս են շնչելու 100%-անոց թթվածին, այնուհետև մի քանի ժամվա ընթացքում 80-90%-անոց թթվածնի և օդի խառնուրդ, հետագայում՝ 40-50%-անոց խոնավացրած թթվածին։ Ինքնուրույն շնչառության ընկճման ժամանակ շնչառական խթանիչների կիրառումը հակացուցված է։ Այդպիսի դեպքերում անհապաղ պետք է անցնել թոքերի արհեստական օդափոխության և շարունակել մինչև ինքնուրույն շնչառության վերականգնումը։ Ներերակային ներարկվում է 10-15 մլ ասկորբինաթթվի 5%-անոց լուծույթ, 200-300 մլ գլյուկոզայի 5%-անոց լուծույթ և 20-30 մլ նովոկաինի 2%-անոց լուծույթ։ Գրգռվածության ժամանակ նշանակում են միջմկանային ամինազին, դիմեդրոլ, դիպրազին, պրոմեդոլ։ Հյուսվածքային ացիդոզի վերացման համար ներարկվում են նատրիումի բիկարբոնատի կամ տրիսամինի լուծույթներ, վիտամիններ՝ նիկոտինաթթու, կալցիումի պանգամատ, կոկարբոքսիլազա։ Թոքերի և ուղեղի այտուցի, սրտային անբավարարության, թոքաբորբի զարգացումը կանխարգելելու նպատակով կատարվում է ախտանշային բուժում։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին