(ՍԱԼԻՑԻԼԱԹԹՎԱԿԱՆ ՆԱՏՐԻՈՒՄ, ԱՑԵՏԻԼՍԱԼԻՑԻԼԱԹԹՈՒ՝ ԱՍՊԻՐԻՆ, ՍԱԼԻՑԻԼԱՄԻԴ ԵՎ ԱՅԼՆ)
Ընդունումից մի քանի ժամ հետո առաջ է գալիս փսխում և շնչառության արագացում, որը կապված է շնչառական կենտրոնի գրգռման հետ։ Թոքերի գերօդափոխությունն ուղեկցվում է ածխաթթվի ավելցուկային անջատումով, որը բերում է շնչառական գերհիմնայնության։ Այնուհետև զարգանում է փոխանակային ացիդոզ, որը հատկապես արտահայտված է լինում կյանքի առաջին տարիների երեխաների մոտ։ Կարող է նկատվել հիպերգլիկեմիա, որն ուղեկցվում է շաքարամիզությամբ և կետոզով, հիշեցնելով դիաբետային կոման։ Հաճախ նշվում է անհանգստություն, գրգռվածություն, էյֆորիա, ականջներում՝ աղմուկ, լսողության թուլացում, որոնք ոչ հազվադեպ զուգակցվում են մաշկային ծածկույթների կարմրությամբ, բարձրացած քրտնարտադրությամբ։ Հնարավոր են մաշկային արյունազեղումներ, ստամոքսաաղիքային արյունահոսություններ։ Երբեմն կարող է նկատվել մեզի անսովոր գույն՝ կարմրից մինչև սև։ Հնարավոր են նաև ալերգիկ ռեակցիաներ՝ մաշկային ցան, անոթանևրոտիկ այտուցներ։

Բուժումը։ Ստամոքսի լվացում, աղային լուծողական, մաքրող հոգնա, արագացրած միզարտադրություն։ Արյան մեջ ազատ սալիցիլատների կապման համար ներարկվում է պլազմա, պլազմային փոխարինողներ։ Կարելի է նշանակել գլյուկոկորտիկոիդներ։ Սիրտ-անոթային անբավարարության զարգացման դեպքում ներարկվում է ստրոֆանթին, կորգլիկոն։ Գրգռվածության, ցնցումների դեպքում՝ նատրիումի օքսիբուտիրատ, դիազեպամ, քլորալ հիդրատ, թթվածնով ազոտի ենթօքսիդ։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին