Թողարկվում է 0,1; 0,25 մգ հաբերով։ Այն 0,1 մգ դեղաչափով մտնում է նաև «Դեպրեսին» դեղամիջոցի կազմության մեջ։ Ընդհանրապես ռեզերպինի խմբի նյութերը թույլ թունականություն ունեն։ Լուրջ թունավորում է զարգանում 5-6 մգ դեղաչափից։ Մահացու դեղաչափ է համարվում 15 մգ-ը։ Ռեզերպինի մեծ չափերի ընդունման դեպքում սկզբում զարգանում է քնկոտություն, որը սակայն տարբերվում է թմրաբերներից առաջացող քնից։ Տաբերությունն այն է, որ պահպանվում, անգամ ուժգնանում են ողնուղեղային ռեֆլեքսները և հիվանդին հնարավոր է արթնացնել։ Թեթև թունավորման ժամանակ նկատվում է միայն թուլություն և քնկոտություն։ Դիտարկվում է դեմքի, պարանոցի, իրանի մաշկի ուժեղ կարմրություն։ Բերանի, ըմպանի և քթի լորձաթաղանթները լինում են գերարյուն և այտուցված։ Երեխան խոսում է «քթի մեջ»։

Միջին ծանրության թունավորման ժամանակ հայտնվում է նաև սկլերաների գերարյունություն, բբերի նեղացում։ Պարանոցի վրա, ականջների հետևում պետեխային ցան է լինում։ Հնարավոր են սրտխառնոց, փսխում, որովայնի ցավեր։ Բնորոշ է համարվում զկռտոցը։ Զարկերակային ճնշումը սովորաբար մնում է նորմայի սահմաններում։ Որոշ հիվանդների մոտ կարող է նկատվել ջերմություն։ Ծանր թունավորման ժամանակ լինում է գրգռվածություն և էյֆորիա։ Հայտնվում է ձեռքերի և ստորին ծնոտի դողոց։ Քայլվածքը դառնում է շորորվող, մկանային տոնուսն իջնում է և երեխան սովորաբար քնում է։ Եթե երեխային արթնացնեն, ապա նույն պահին նա նորից է քնում։ Աստիճանաբար կարող է զարգանալ կոմա։ Ջերմությունը, որպես կանոն, բարձր է։ Դեմքը գերարյուն է և թեթևակի այտուցված։ Նկատվում է միզակապություն։ Ծանր աստիճանի թունավորման դեպքում զարգանում է շնչառության խանգարում, զարկերակային ճնշման իջեցում, հնարավոր է կոկորդի և թոքերի այտուց։

Բուժումը։ Կատարվում է ստամոքսի լվացում, ներմուծվում են աղային լուծողականներ և ակտիվացրած ածուխ։ Բարձր դիուրեզի ստացման նպատակով ներերակային ներարկվում է գլյուկոզա՝ ասկորբինաթթվով, միաժամանակ նշանակվում են միզամուղ միջոցներ (հիպոթիազիդ, ֆուրոսեմիդ, մանիտոլ)։ Լյարդի ֆունկցիոնալ ակտիվության խթանման նպատակով պրեդնիզոլոն կամ դեքսամեթազոն է ներարկվում։ Ռեզերպինային թունավորման նկատմամբ հակաթույն չկա։ Շնչառության ընկճման և սրտի գործունեության թուլության դեպքում նշանակվում են կոֆեին, էթիմիզոլ՝ փոքր դեղաչափերով։ Պետք է հաշվի առնել, որ կորդիամինի վագուսային ազդեցության հետ կապված նրա կիրառումը նպատակահարմար չէ։ Պարասիմպաթիկ նյարդային համակարգի դրդման դեպքում (աղիքների գալարակծկման ուժեղացում, գերհյութազատություն, բբերի նեղացում) ենթամաշկային ներարկվում է 0,2-1 մլ մեթացինի կամ ատրոպինի 0,1%-անոց լուծույթ։ Զարկերակային ճնշման կայունացման համար նպատակահարմար է պլազմայի, պլազմային փոխարինողների ներարկում։ Հիպոտենզիայի ժամանակ ցուցված է մեզատոնի, նորադրենալինի կիրառումը։ Թոքերի այտուցի վտանգի դեպքում զարկերակային ճնշումը բարձրացնող դեղամիջոցների օգտագործումը պետք է կատարվի զգուշությամբ։ Հիպոքսիայի դեպքում իրագործվում է թթվածնաթերապիա։ Թոքերի այտուցի դեմ պայքարի նպատակով օգտագործում են օսմոտիկ ակտիվ նյութեր և միջոցներ, որոնք իջեցնում են ճնշումն արյան փոքր շրջանառությունում։ Շնչառության արտահայտված ընկճման դեպքում կատարվում է ինտուբացիա կամ տրախեոտոմիա և թթվածնի գերպարունակությամբ թոքերի արհեստական օդափոխություն։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին