(ԴԻՔԼՈՖՈՍ, ԹԻՈՖՈՍ ԵՎ ԱՅԼՆ)
Գործնական նշանակություն ունեն այն ֆոսֆորօրգանական միացությունները, որոնք կիրառվում են միջատների ոչնչացման համար։ Թունավորումներ զարգանում են նաև ֆոսֆորօրգանական միացություններով սննդամթերքի, մասնավորապես մրգերի և բանջարեղենի աղտոտումից։ Վերջիններս օժտված են հոգեհակ և նյարդաթունային ազդեցությամբ։

Տարբերում են թունավորման 4 աստիճան.
* Թեթև աստիճանի թունավորումն արտահայտվում է գրգռվածությամբ, անհանգստությամբ։ Լինում է գլխացավ, գլխապտույտ, ցավ ականջներում, լուսավախություն։ Նկատվում է քրտնոտություն, գունատություն, թքարտադրման ուժեղացում։ Միզարձակությունը հաճախացած է: Հաճախ լինում է փսխում և լուծ։
* Միջին ծանրության թունավորման ժամանակ նկատվում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման արտահայտված նշաններ։ Հնարավոր է հալյուցինացիաներով հոգեախտի (պսիխոզների) առաջացում։ Նկատվում են շարժումների կոորդինացիայի, խոսելու խանգարումներ։ Միջին ծանրության թունավորմանը բնորոշ է նաև բրոնխոսպազմը, հաճախացած և աղմկոտ շնչառությունը։ Թոքերի աուսկուլտացիայի ժամանակ լսվում են չոր և թաց խզզոցներ։ Որպես կանոն, լինում են համառ փսխում, լուծ, որովայնի ցավեր։ Մեզում հայտնաբերվում են սպիտակուցներ, էրիթրոցիտներ։
* Ծանր թունավորման ժամանակ զարգանում են ցնցումներ, գիտակցության խանգարում, արտահայտված բրոնխոսպազմ։ Շնչառությունն աղմկոտ է, առատ փրփրային խորխ է արտազատվում։ Մաշկը գունատ է և կապտավուն երանգ է ունենում։ Նկատվում է դողոց, որը փոխարինվում է կլոնիկ և տոնիկ ցնցումներով։ Ջերմությունը բարձր է, զարկերակային ճնշումն` ընկած։ Լինում է ակամա միզում և կղում։ Արյան մեջ՝ հիպոկալիեմիա և հիպերնատրիեմիա։ Ծանր թունավորման դեպքում ամենասպառնալին շնչական անբավարարությունն է, որը hաճախ զարգանում է թոքերի այտուցի հետևանքով։
* Ծայրահեղ ծանր աստիճանի թունավորումն արտահայտվում է կոմայով։ Գիտակցությունը լրիվ բացակայում է, առաջանում է անռեֆլեքսություն, հարաճում է ցիանոզը։ Մարմնի ջերմաստիճանը ցածր է նորմայից, շնչառությունը մակերեսային է, սակավ և առիթմիկ։ Սրտի տոները խուլ են։ Զարկերակային ճնշումը խիստ ընկնում է։ Մահ զարգանում է ծանր հյուսվածքային թթվածնաքաղցից, շնչառական մկանունքի լուծանքից (պարալիզից), շնչական կենտրոնի ընկճումից (ընդհուպ մինչև շնչառության լրիվ դադարումը) և սիրտ-անոթային անբավարարությունից։ Ֆոսֆորօրգանական թունավորումների համար բնորոշն արյան խոլինեսթերազայի ակտիվության բարձրացումն է։

Բուժումը։ Ֆոսֆորօրգանական նյութերով թունավորման ժամանակ բուժման hիմնական մեթոդը հակաթույների (խոլնոլիտիկների) կիրառումն է։ Ամենից հաճախ օգտագործում են ատրոպինը։ Առաջին օգնությունն անմիջականորեն սկսում են ատրոպինով, բացի այն դեպքերից, երբ զարգանում է ծանր թերթթվածնություն խիստ կապտուկով։ Այդպիսի դեպքերում սկզբում հեռացնում են շնչական ուղիների լորձը, այնուհետև կատարում թթվածնային ինհալյացիա և միայն վերջում, երբ վերացվում է թթվածնաքաղցը, կատարում են ատրոպինացում։ Ատրոպին սուլֆատի 0,1%-անոց լուծույթը ներերակային կամ ենթամաշկային ներարկվում է այնպիսի դեղաչափերով, որոնք կախված են տարիքից և ամենագլխավորը՝ թունավորման աստիճանից։ Վիճակի ծանրության հետ կապված ներերակային կամ միջմկանային ներարկում են իզոնիտրոզին (40%-անոց լուծույթ 1-2 մլ), դիպիրոքսիմ (15%-անոց լուծույթ, 0,5-1 մլ): Բերանային ճանապարհով թունավորման դեպքում նատրիումի հիդրոկարբոնատի 2%-անոց լուծույթով կատարվում է ստամոքսի լվացում։ Կրկնակի լվացումը կատարվում է 4-6 ժամ հետո։ Մաշկի աղտոտման դեպքում թույնը սկզբում հեռացվում է չոր, ապա անուշադրի սպիրտի 20%-անոց լուծույթով ծծված տամպոնով։ Ցնցումների դեպքում, որոնք չեն կասեցվում ատրոպինով և շնչառությունն ընկճված չէ, միջմկանային կամ վերջնաղիքային ձևով տրվում է հեքսենալ, միջմկանային` ամինազին։ Ցնցումների դեպքում, որոնք ընթանում են շնչառության ընկճումով, կարելի է ներերակային կամ միջմկանային ներարկել սեդուքսեն (0,5-1 մգ/կգ), մագնեզիումի սուլֆատի 25%-անոց լուծույթ՝ միջմկանային, կատարել քլորալ-հիդրատային հոգնա։ Մորֆինի և ֆենոթիազինի խմբի դեղորայքի կիրառումը հակացուցված է։

Շնչառության պարալիզի դեպքում կատարվում է ինտուբացիա կամ տրախեոտոմիա և թոքերի արհեստական օդափոխություն։ Շնչառության խթանիչների կիրառումը հակացուցված է։ Թունազրկման նպատակով ծանր դեպքերում կատարվում է արյան փոխներարկում, ներարկվում են hիմնային լուծույթներ, արյան փոխարինողներ։ Որոշ hեղինակներ արյան փոխներարկումը hամարում են ոչ արդյունավետ միջոց, որովհետև ֆոսֆորօրգանական միացություններն արագ կապվում են հյուսվածքային սպիտակուցների հետ։ Արտահայտված գերջերմության դեպքում նշանակվում են անալգին, ամինազին։ Կարելի է կիրառել նաև սառեցման ֆիզիկական մեթոդներ (սառը լուծույթների ներարկում, սառույց՝ աճուկային շրջանում, գլխին)։ Մեծ քանակությամբ hեղուկների ներարկման ժամանակ, թոքերի և ուղեղի այտուցի վտանգի դեպքում, նշանակվում են միզամուղներ (ֆուրոսեմիդ, մանիտոլ), ներարկվում են հիպերտոնիկ լուծույթներ, պլազմա։ Զարկերակային ճնշման անկման դեպքում տրվում է մեզատոն, նորադրենալին, էֆեդրին, գլյուկոկորտիկոիդներ։ Սրտային թուլության դեպքում՝ ստրոֆանթին, կորգլիկոն և այլն։ Բուժման կոմպլեքսում կարևոր տեղ է հատկացվում նաև դեսենսիբիլիզացնող բուժմանը (դիմեդրոլ, սուպրաստին և այլն)։ Պարտադիր է B2, B5, B15, C, P վիտամինների նշանակումը։ Բարդությունների զարգացման շրջանում ներարկվում են հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, պոլինևրիտների դեպքում՝ դիբազոլ, կոկարբոքսիլազա, վիտամին B12, ֆիզիոթերապևտիկ միջոցներ։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին