Մանկական պրակտիկայում այս թունավորումը կապված է անփույթ խնամքի հետևանքով նրա պատահական ընդունման կամ սխալմամբ այլ դեղամիջոցի փոխարեն ընդունելու հետ։ Շատ ավելի ծանր ընթացք են ունենում բյուրեղական մարգանցաթթվական կալիումի ընդունումից առաջացող թունավորումները։ Թունավորման հիմնական կլինիկական արտահայտությունները կապված են դեղամիջոցի այրող և հեմատոտոքսիկ ազդեցության հետ։ Ընդունումից անմիջապես հետո կլման ժամանակ լինում են ցավոտություն, ցավեր ենթագդալի շրջանում, բարձրացած թքազատություն, փսխում արյան բծերով կամ, նույնիսկ, արյան մակարդուկներով, լուծ։ Շրթունքների, լեզվի, ըմպանի լորձաթաղանթները գորշամանուշակագույն են, այտուցված և արյունահոսող էրոզիաներով (քերծվածքներով) : Թունավորված երեխաների դեմքի, պարանոցի, ձեռքերի մաշկին կարելի է տեսնել մարգանցաթթվական կալիումի բյուրեղներից առաջացած կետավոր այրվածքներ։ Հաճախ լորձաթաղանթների ծանր այրվածքներից կարող է զարգանալ շոկ, իսկ կոկորդի այտուցը կարող է բերել ձայնաճեղքի խիստ նեղացման և շնչահեղձության։

Մարգանցաթթվական կալիումը ներծծվում է բարակ աղիքների վերին բաժիններում։ Կենտրոնական նյարդային համակարգում, լյարդում, երիկամներում, սրտում և թոքերում նրա պարունակության ավելացումը կարող է առաջացնել նշված օրգանների ֆունկցիաների խանգարումներ։ Ստամոքսահյութի իջած թթվայնության դեպքում հնարավոր է մեթհեմոգլոբինարյունություն՝ արտահայտված կապտուկով ու հևոցով։ Հաճախ առաջ են գալիս շարժողական դրդում, ցնցումներ։ Ենթասուր շրջանում հնարավոր են լյարդաերիկամային անբավարարություն, սրտի և երիկամների գործունեության խանգարումներ, թունային լյարդաբորբ։ Այս շրջանում երեխաների մահվան պատճառ կարող է դառնալ երկրորդային վարակի միացումը և թոքաբորբի, թարախակույտերի ու այլ սեպտիկ բարդությունների առաջացումը։


Բուժումը։ Ստամոքսի լվացման համար օգտագործվում են հետևյալ հեղուկները։ 2 լիտր գոլ ջրին ավելացվում է կես բաժակ ջրածնի պերոքսիդի 3%-անոց լուծույթ և 1 բաժակ քացախաթթվի 2%-անոց կամ ասկորբինաթթվի 0,5-1%-անոց լուծույթ։ Բերանի լորձաթաղանթը մշակվում է ջրածնի պերոքսիդի 3%-անոց և քացախաթթվի 3%-անոց լուծույթների 1։1 հարաբերությամբ խառնուրդով կամ ասկորբինաթթվի 1%-անոց լուծույթով։ Ստամոքսի լվացումից հետո 30 րոպեի ընթացքում տալիս են խմելու 50-100 մլ ասկորբինաթթվի 0,5-1%-անոց լուծույթ։ Մեթհեմոգլոբինեմիայի հետ կապված կապտուկի դեպքում ներերակային ներարկվում է 20-30 մլ մեթիլենային կապույտի 1%-անոց լուծույթ, 20-30 մլ ասկորբինաթթվի 5%-անոց լուծույթ։ Ցնցումների ժամանակ նշանակվում է թիոպենտալ, ԳՕԿԹ (գամմաօքսի կարագաթթու) և այլն։ Կոկորդի այտուցի կանխարգելման և բուժման նպատակով կիրառվում են պարանոցը տաքացնող միջոցներ, նատրիումի հիդրոկարբոնատ, էֆեդրին, նովոկաին պարունակող աերոզոլային ինհալյացիաներ։ Շնչահեղձության դեպքում՝ տրախետոմիա։ Վարակի կանխարգելման նպատակով նշանակվում են հակաբիոտիկներ։ Ցուցված է վիտամինաթերապիան (B6, B12, E և այլն)։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին