(ԷՈՒՖԻԼԻՆ, ԹԵՈՖԻԼԻՆ, ԹԵՈՖԵԴՐԻՆ և ԱՅԼ ՔՍԱՆԹԻՆՆԵՐ)
Քսանթինները սովորաբար առաջացնում են շատ ծանր թունավորումներ։ Մահացու կարող են լինել նրանց տարբեր դեղաչափերը՝ սկսած 20 մգ/կգ-ից մինչև 300 մգ/կգ երեխայի զանգվածին։ Հատկապես վտանգավոր են այն դեղորայքը, որոնք, բացի քսանթիններից, պարունակում են նաև էֆեդրին, որը մեծացնում է տվյալ դեղամիջոցի թունականությունը։ Դեղորայքները շատ լավ ներծծվում են և արյան մեջ առավելագույն խտությունը զարգանում է 1-5 ժամում։ Թունավորման հիմնական կլինիկական աշտանիշները պայմանավորված են կենտրոնական նյարդային համակարգի դրդումից և սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի խանգարումից։

Կենտրոնական նյարդային համակարգի դրդումն արտահայտվում է շարժողական ակտիվության բարձրացումով; Զարգանում է դողոց, ձեռնածություն (ժեստիկուլյացիա), գերռեֆլեքսություն, ցնցումներ։ Միաժամանակ դիտարկվում են նաև հոգեկան գործունեության խանգարումներ՝ ապակողմնորոշում, զառանցանք, հալուցինացիաներ։ Կապված երկարավուն ուղեղի դրդման հետ զարգանում է շնչառության հաճախացում և խորացում, փսխում։ Վերջինս ոչ միշտ է կապված սննդի ընդունման հետ, որովհետև կենտրոնական ծագում ունի։ Հաճախ խանգարվում է սրտի ռիթմը, որն արտահայտվում է հաճախասրտությամբ։ Անոթների թափանցելիության բարձրացման հետևանքով բրոնխների լուսանցքում և ալվեոլներում կուտակվում է հեղուկ, առաջ են գալիս թաց խզզոցներ, կարող է զարգանալ ուղեղի այտուց։ Ծանր դեպքերում զարգանում են արյունահոսական երևույթներ՝ արյունազեղումներ լյարդում, երիկամներում, գլխուղեղում, ստամոքսաաղիքային արյունահոսություններ։ Հնարավոր է խոցերի առաջացում որկորի, ստամոքսի և աղիքների լորձաթաղանթում։ Հիվանդների մեծ մասի մոտ ջերմությունը բարձրանում է, բբերը լայնանում են։ Լույսի նկատմամբ ռեակցիան պահպանվում է։ 

Կապված քսանթինային թունավորման ծանրությունից տարբերում են թունավորման հետևյալ աստիճանները.
1. Թեթև աստիճանի թունավորում, արտահայտվում է սրտխառնոցով, փսխումով, գրգռվածությւսմբ և անհանգստությամբ։
2. Միջին աստիճանի թունավորման դեպքում լինում են գերռեֆլեքսություն, շարժողական անհանգստություն, հաճախակի փսխումներ, ծարավի զգացում, հաճախասրտություն, ջրազրկում և չափավոր ջերմություն։
3. Ծանր աստիճանի թունավորման դեպքում զարգանում են հոգեշարժ գրգռվածություն, ցնցումներ, հաճախակի արյունախառը փսխում, ջրազրկման ուժեղ աստիճան, սառը քրտինք, գունատություն, բարձր ջերմություն, հաճախասրտություն, հնարավոր է սրտի փորոքների թելիկախաղ (ֆիբրիլյացիա)։
Մահվան պատճառ կարող է դառնալ կոլապսը, սրտային անբավարարությունը, ստամոքսային կամ այլ արյունահոսությունները և արյունազեղումները։

Բուժումը։ Ստամոքսի լվացում, մաքրող հոգնա։ Քանի որ քսանթիների խտությունն արյան մեջ բարձր է լինում, այդ իսկ պատճառով պետք է երկար ժամանակ պահպանել դիուրեզը։ Ներարկվում են հեղուկների մեծ քանակներ, գլյուկոզայի 5%-անոց լուծույթ, հեմոդեզ կամ պոլիգլյուկին, կատարվում է արյան փոխներարկում։ Անհրաժեշտության դեպքում իրագործվում է որովայնամզային դիալիզ կամ հեմոդիալիզ։ Ջրազրկման դեպքում՝ առատ հեղուկներ, ներարկվում է նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթ, նշանակվում են կալիումի ու թիամինի դեղորայքներ։ Անոթների բարձրացած թափանցելիության վերացման և արյունահոսությունը թուլացնելու նպատակով նշանակվում են ասկորբինաթթու, ռուտին (ասկոռուտին), գլյուկոկորտիկոիդներ (պրեդնիզոլոն և այլն)։ Արտահայտված փսխումների ժամանակ նշանակվում են ամինազին, գալոպերիդոլ կամ դրոպերիդոլ։ Այդ դեղորայքները թուլացնում են նաև հոգեկան դրդումը։ Ամինազինը նպաստում է ջերմության իջեցմանը։ Ցնցումների առկայության դեպքում կիրառվում են բարբիտուրատներ, քլորալ հիդրատ, մագնեզիումի սուլֆատ, սեդուքսեն։ Հակացնցումային միջոցները պետք է տրվեն մեծ զգուշությամբ և ցածր դեղաչափերով, որովհետև նրանք ևս կարող են ընկճել առանց այն էլ ընկճված շնչական կենտրոնը։ Անզուսպ փսխումների ժամանակ էլեկտրոլիտային խանգարված փոխանակության կարգավորման համար տրվում են կալիումի, նատրիումի և քլորի լուծույթներ։ Կատարվում են նաև ախտանշային բուժում, թթվածնաթերապիա, թոքաբորբի, թոքերի այտուցի կանխարգելման միջոցառումներ։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին