(ԱՄՈՆԻԱԿ, ԱՆՈՒՇԱԴՐԻ ՍՊԻՐՏ ԵՎ ԱՅԼՆ)
Առավել հաճախ հանդիպում են անուշադրի սպիրտից առաջացող թունավորումները։ Հիմքերով թունավորման ախտանիշները նման են թթվային թունավորման ախտանիշներին։ Արտահայտված է տեղային այրող ազդեցությունը, որի հետևանքով խոր խոց է առաջանում։ Ներքին ընդունման ժամանակ մարսողական ուղու ծանր այրվածքներ են առաջանում, որոնք թունավորման առաջին ժամերից արդեն բերում են շոկի և կոլապսի զարգացման։ Առաջանում են որկորաստամոքսային արյունահոսություններ, ստամոքսի թափածակում։

Թունավորումից հետո հաճախ առաջացող բարդութուններից են որկորի և ստամոքսի սպիական նեղացումները։ Ամոնիակը և անուշադրի սպիրտն օժտված են շատ ուժեղ գրգռող ազդեցությամբ, ուստի թունավորման կլինիկայում կարևոր տեղ են գրավում աչքի շաղկապենու և բրոնխների լորձաթաղանթների գրգռման ախտանիշները։ Առաջանում է հաճախացած տանջալից հազ՝ լորձի կամ արյունային խորխի արտազատումով, հևոց, կապտուկ, կոկորդի այտուց։ Ծանր դեպքերում կարող են զարգանալ բրոնխոպնևմոնիա և թոքերի այտուց։

Բուժումը։ Ստամոքսի լվացում՝ գոլ ջրի և լիմոնաթթվի կամ քացախաթթվի 2%-անոց լուծույթով, կաթով։ Ներարկվում են ցավազրկող դեղորայք (պրոմեդոլ, օմնոպոն և այլն)։
 

 


 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին