(ԴԻՊՐԱԶԻՆ, ՊԻՊՈԼՖԵՆ, ՍՈՒՊՐԱՍՏԻՆ ԵՎ ԱՅԼ ՀԱԿԱՀԻՍՏԱՄԻՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ)

Կյանքի առաջին տարիների երեխաների համար թունավոր են համարվում դեղամիջոցների 100-150 մգ դեղաչափերը։ Հակահիստամինային դեղորայքները լավ լուծվում են ճարպերում, արագ ներծծվում են ստամոքսաաղիքային ուղուց և թափանցում են բոլոր հյուսվածքները, այդ թվում նաև կենտրոնական նյարդային համակարգ։ Արյան մեջ բարձր խտությունը պահպանվում է 18- 24 ժամվա ընթացքում։ Թունավորման կլինիկական արտահայտությունները կապված են կենտրոնական նյարդային համակարգի վրա դեղորայքի թունավոր ազդեցությունից։ Լինում է թորշոմածություն, քնկոտություն, մկանային լարվածության իջեցում։ Որոշ հիվանդների մոտ հնարավոր է գրգովածություն, անհանգստություն։ Շատ հաճախ նկատվում են գերշարժումներ (հիպերկինեզ), մկանային կծկումներ, տոնիկ և կլոնիկ ցնցումներ։ Ծանր դեպքերում՝ հալուցինացիաներ, զառանցանք։ Լինում են նաև մաշկի գերարյունություն, ջերմություն, բբերի լայնացում, հաճախասրտություն։ Զարգանում է նաև կոմային վիճակ, սրտային գործունեության անկում։

Բուժումը։ Թունավորումից հետո 4 ժամվա ընթացքում ստամոքսի լվացում։ Նշանակվում է սիֆոնային հոգնա։ Դեղորայքի խտությունն արյան մեջ իջեցնելու նպատակով ներարկվում է հեմոդեզ և այլ պլազմային փոխարինողներ, նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթ, գլյուկոզայի 5%-անոց լուծույթ։ Միզամուղ միջոցների (ֆուրոսեմիդ, մանիտոլ և այլն) անարդյունավետության դեպքում կիրառվում է հեմոդիալիզ կամ որովայնամզային դիալիզ։ Միաժամանակ անհրաժեշտ է կատարել էլեկտրոլիտային հաշվեկշռի կարգավորում՝ նատրիումի և կալիումի պատրաստուկների ներարկումով։ Լյարդի ֆունկցիոնալ ակտիվության խթանման նպատակով նշանակվում է հիդրոկորտիզոն, պրեդնիզոլոն և այլն։ Շարժողական գրգռվածության կամ ցնցումների ժամանակ օգտագործում են նատրիումի օքսիբուտիրատ, նատրիումի ֆենոբարբիտալ, քլորալ հիդրատ։ Լայնորեն կատարվում է թթվածնաբուժում, նշանակվում են վիտամիններ։ Անհրաժեշտ են միջոցառումներ թոքաբորբի, թոքերի և ուղեղի այտուցի կանխարգելման նպատակով։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին