Բորաթթվով թունավորումը հաճախ զարգանում է այլ դեղամիջոցի փոխարեն սխալմամբ բորաթթու խմելու դեպքում։ Երեխաների համար մահացու է համարվում 500 մգ/կգ չափը։ Թունավորման սկզբնական աշտանիշներն են որովայնի ցավերը, փսխումը, լուծը։ Երեխայի մաշկի, առաջին հերթին, ափերի ու ներբանների վրա հայտնվում է կարմրություն, շտաբազմաբծային, եղնջային կամ քութեշանման տարրերով ցաներ։ Ավելի ուշ զարգանում են երիկամային ֆունկցիայի ծանր խանգարումներ՝ ալբումինամիզություն, գլանամիզություն, սակավամիզություն, անմիզություն։ Լինում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման նշաններ՝ հոգեշարժ դրդում, մենինգիալ աշտանիշներ, ցնցումներ, կոլապս, շնչաոության խանգարումներ։

Բուժումը։ Ստամոքսի լվացում։ Լվացման համար նպատակահարմար է օգտագործել նատրիումի հիդրոկարբոնատի 1-2%-անոց լուծույթ, ավելացնելով նրան մանիտոլ կամ 5%-անոց սորբիտ։ Բորաթթվի հակաթույնը դեռևս հայտնի չէ։ Օրգանիզմից նրա հեռացման համար միզարտադրությունը ուժեղացվում է։ Կատարվում է էքստրակորպորալ հեմոդիալիզ կամ որովայնամզային դիալիզ։ Հյուսվածքային շնչառության կարգավորման նպատակով պարենտերալ ներարկվում է ռիբոֆլավին մոնոնուկլեոտիդ (օրը մինչև 10 մգ/կգ)։ Նյութափոխանակային ացիդոզի կոմպենսացման համար ներերակային ներարկվում է նատրիումի հիդրոկարբոնատի կամ տրիսամինի լուծույթ։ Կիրառվում են նաև երիկամային սուր անբավարարության կանխարգելման միջոցառումներ:

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին