(ԲԵՆԶԻՆ, ՆԱՎԹ, ՍԿԻՊԻԴԱՐ)
Ընդունած նյութի ընդհանուր չափի, օրգանիզմ թափանցման ճանապարհի և նյութի որակի հետ կապված զարգանում են թեթև, միջին ծանրության և ծանր ձևերի թունավորումներ։ Սկիպիդարային թունավորումներ հազվադեպ են հանդիպում։ Բենզինի կլման ժամանակ, առաջին հերթին, առաջ է գալիս ստամոքսի, հազվադեպ աղիքների լորձաթաղանթների գրգռում: Բենզինի, նավթի գոլորշիների ներշնչումն անհամեմատ ավելի վտանգավոր է, քան պատահական կուլ տալը, որովհետև ներշնչման ճանապարհով օրգանիզմ թափանցելու դեպքում նրանց թունականությունԸ 100-140 անգամ ավելի բարձր է լինում, քան խմելիս։

Բենզինի կամ նավթի գոլորշիներն առաջացնում են բրոնխների էպիթելի վնասում, բորբոքային, անգամ մեռուկային փոփոխություններ։ Զարգանում են բորբոքային մանր օջախներ, որոնք հետագայում կարող են մեծանալ, ձուլվել միմյանց և ընդգրկել թոքի բիլթը կամ նույնիսկ ամբողջ թոքը։ Ծանր թունավորման ժամանակ զարգանում են ատելեկտազներ, թոքերի հեմոռագիկ այտուց՝ վարակի հետագա միակցումով։ Բենզինի կամ նավթի կուլ տալն առաջացնում է սրտխառնոցի երևույթներ, փսխում: Թունավորումը կլինիկորեն արտահայտվում է շնչական ուղիների ախտահարման նշաններով՝ հևոցով, կապտուկով, արյունային խորխով, ծանր դեպքերում՝ թոքերի այտուցով, կոմայով ևավարտվում է մահով։ Թունավորումից մի քանի ժամ անց նկատվում է նաև ջերմության բարձրացում։ Վարակի միացման դեպքում թոքերում կարող են զարգանալ թարախային փոփոխություններ, որոնք խիստ վատթարացնում են հիվանդի վիճակը։ Սկիպիդարային թունավորման դեպքում կերակրափողում և որովայնում առաջանում են ուժեղ ցավեր, արյան խառնուրդով փսխումներ, լուծ, խիստ թուլություն, գլխապտույտ։ Հնարավոր է հոգեշարժ դրդում, զառանցանք, ցնցումներ, գիտակցության կորուստ, մեխանիկական շնչահեղձության տիպի շնչառության խանգարումներ։ Սկիպիդարը ընտրողական նեֆրոտոքսիկ ազդեցություն է ունենում։ Այդ պատճառով հիվանդների մոտ լինում է արյունամիզություն, ալբումինամիզություն։ Ծանր դեպքերում կարող է զարգանալ անուրիա, ուռեմիա։

Բուժումը։ Ստամոքսի լվացում, որից առաջ երեխային պետք է խմեցնել կամ զոնդով ստամոքս ներմուծել վազելինային յուղ (3 մլ/կգ զանգվածի հաշվով)՝ բենզինի, նավթի կամ սկիպիդարի լուծման նպատակով։ Առաջարկվում է զոնդը մտցնել քթից, որը նվազեցնում է փսխման վտանգը և թոքային բարդությունների առաջացումը։ Ստամոքսի լվացումից հետո ներմուծվում է ակտիվացրած ածուխ և աղային լուծողական։ Փսխման միջոցների նշանակում չի թույլատրում։ Թոքային բարդությունների կանխարգելման նպատակով երեխային անհրաժեշտ է պառկեցնել անկողնում, նշանակել պրեդնիզոլոն, կալցիումի քլորիդ, թթվածնաբուժում, ասկոռուտին և այլն։ Կանխարգելման նպատակով ցանկալի է հակաբիոտիկների կիրառումը։ Զարկերակային ճնշման անկման դեպքում կատարվում են պլազմային փոխարինող հեղուկների, մեզատոնի լուծույթի կաթիլային ներարկումներ։ Գրգռման և ցնցումների ժամանակ նշանակվում են դիազեպամ, սեդուքսեն։ Սրտի գործունեության թուլության դեպքում՝ սրտախթանող միջոցներ։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին