(Բարամբիլ, բարբիսայլ-նատրիում, էոամինալ-նատրիում, ֆենոբարբիտալ)
Ծանր և մահացու թունավորումներ առաջացնող դեղաչափերը կարող են տարբեր լինել։ Ելքը կախված է դեղորայքի որակից, լյարդի, երիկամների ֆունկցիոնալ վիճակից, հիվանդի տարիքից և այլն։ Վաղ տարիքի երեխաների մոտ ծանր թունավորում կարող է զարգանալ չափահասի հաշվով սովորական քնաբեր քանակություն պարունակող դեղորայքի 1-2 հաբից։ Բարբիտուրատների ներծծումը սկսվում է դեռևս ստամոքսում և ավարտվում է աղիքներում։ Ամենավտանգավորը բարբամիլային և էթամինալային թունավորումներն են, որոնք ներծծվում են արագ և արագ էլ ներթափանցում են ուղեղ։

Բարբիտուրատները խախտում են սինապսային կառուցվածքը և թունավորման դեպքում, առաջին հերթին, կենտրոնական նյարդային համակարգի ընկճում են առաջացնում։ Թեթև աստիճանի թունավորումների ժամանակ դա կարող է արտահայտվել միայն քնկոտության զարգացումով։ Ռեֆլեքսները պահպանված են լինում։ Ավելի խոր թունավորման ժամանակ զարգանում է ընդհանուր անզգայացում, աստիճանաբար վերանում են եղջրենային, ցավային, զգացողական, ջլային ռեֆլեքսները, վերջում վերանում է նաև բբային ռեֆլեքսը։ Արյան մեջ կուտակվում է ածխաթթու և զարգանում է շնչառական ացիդոզ։ Ուղեղային հյուսվածքում բարբիտուրատների բարձր կոնցենտրացիայից զարգանում է շնչական կենտրոնի պարալիզ։

Բարբիտուրատային թունավորման ժամանակ խանգարվում է սիրտ-անոթային համակարգի գործունեությունը, ընկնում է զարկերակային ճնշումը, հեմոդինամիկայի խանգարման հետևանքով պակասում է օրա մեզը, դանդաղում է աղիքների գալարակծկանքը, ստամոքսահյութի արտադրությունը։ Մարմնի ջերմությունը սովորաբար ցածր է լինում (օքսիդացման պրոցեսների ընկճման հետևանքով): Որոշ երեխաների մոտ կարող է նկատվել ջերմության բարձրացում, որը նպաստում է ացիդոզի հարաճմանը և հիվանդի վիճակի վատթարացմանը։ Շնչառության խանգարումը և զարկերակային ճնշման իջեցումն առաջացնում են ծանր թերթթվածնություն, որը կարող է պատճառ հանդիսանալ կամ ծանր բարդությունների՝ ուղեղի, թոքերի այտուցի, երիկամային անբավարարության կամ մահվան։

Բուժումը։ Տարբեր միջոցառումների հետևողական կիրառումը կախված էթունավորման ձևից և շրջանից։ Առաջին հերթին, եթե երեխայի մոտ դեռևս պահպանված է գիտակցությունը, անհրաժեշտ է թույնը անհապաղ հեռացնել ստամոքսից փսխման կամ ստամոքսի լվացման ճանապարհով։ Անգիտակից վիճակում գտնվող երեխայի մոտ, երբ թույնի ընդունումից հետո չի անցել 4 ժամ, սկզբում կատարվում է շնչափողի ինտուբացիա, իսկ այնուհետև՝ ստամոքսի լվացում։ Բոլոր թունավորվածներին տրվում էակտիվացրած ածուխ և նատրիումի սուլֆատ։ Ներծծված թույնի հեռացման նպատակով ֆուրոսեմիդի կամ մանիտոլի և նատրիումի հիդրոկարբոնատի օգտագործումով միզարտադրությունն ուժեղացվում է։ Շատ ծանր դեպքերում կատարվում է որովայնամզայհն դիալիզ կամ հեմոդիալիզ։ Ներարկում են պլազմա կամ ցածր մոլեկուլային պլազմային փոխարրնողներ (հեմոդեզ, ռեոպոլիգլյուկին)։ Կանոնավոր, 1,5-2 ժամը մեկ անգամ, շնչական ուղիներից հեռացվում է լորձը։ հիվանդը պետք է գտնվի Տրենդելենբուրգի դիրքում։ Շնչառության ընկճման դեպքում կատարվում է օքսիգենոթերապիա, արհեստական շնչառություն։ Ցավազրկող դեղամիջոցների օգտագործումը ցանկալի չէ։ Զարկերակային ճնշման իջեցման ժամանակ կատարվում են պլազմայի կաթիլային, պլազմային փոխարինողների, արյան, պրեդնիզոլոնի ներարկումներ, անհրաժեշտության դեպքում՝ նորադրենալին կամ անգիոտենզին։ Սրտի գործունեության թուլության դեպքում ներարկվում է ստրոֆանթին, կորգլիկոն, կոկարբոքսիլազւս։ Վարակի կանխարգելման նպատակով ծանր հիվանդներին անհրաժեշտ է նշանակել հակաբիոտիկներ։ Միկրոթրոմբների կանխարգելման համար օրը 4-6 անգամ տրվում է հեպարին՝ կոագուլոգրամայի պատկերի հսկողությամբ։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին