(ԲԵԼԱԴՈՆԱ, ՊԼԱՏԻՖԻԼԻՆ, ԱՍԹՄԱՏՈԼ, ԱԷՐՈՆ ԵՎ ԱՅԼՆ)
Մանկական պրակտիկայում խոլինալուծիչ դեղամիջոցներով թունավորումները լինում են նրանց գերչափերի կամ անփույթ պահպանման հետևանքով հաբերի պատահական ընդունումից։ Թունավորման առաջին աշտանիշներն են բերանի չորությունը, կլման դժվարացումը, գլխացավը, գլխապտույտը, ոտքերի թուլությունը, քնկոտությունը։ Նշվում են նաև ծարավի զգացում, աչքերի յուրատեսակ փայլ, տեսողության խանգարում և երկտեսություն, մաշկի կարմրություն։ Շատ հաճախ առաջ են գալիս սրտխառնոց, որովայնային ցավեր, լուծ։ Կապված թունավորման արտահայտվածությունից տարբերում են 3 տեսակ, թեթև, միջին ծանրության և ծանր։

Թեթև թունավորման դեպքում նկատվում են վերոհիշյալ ախտանիշները։ Լինում է նաև բբերի լայնացում, լույսի նկատմամբ ռեակցիան պահպանվում է։ Հայտնաբերվում է հաճախասրտություն, մաշկի չորություն և կարմրություն։

Միջին ծանրության թունավորումների դեպքում հիվանդը գրգված է լինում։ Մաշկի կարմրությունը խիստ արտահայտված է, որն ընդգրկում է ողջ դեմքը, պարանոցը և կրծքավանդակի հատվածը։ Կարմրած մաշկի վրա կարող են գոյանալ բշտեր (մոլաքոր)։ Կարմրությունն անցնելուց հետո կարող է նկատվել մանր թեփոտում։ Խանգարված է շարժումների կոորդինացիան, նկատվում է «խմածի» քայլվածք։ Երեխաները լինում են կամակոր, գոռում են, ռեակցիան շրջապատի հանդեպ դառնում է անհամապատասխան, բարձրանում է ջերմությունը։

 Ծանր աստիճանի թունավորումների ժամանակ հոգեշարժ գրգռվածությունը զուգակցվում է գիտակցության խառնաշփոթությամբ, հոգեախտով (պսիխոզով) և ցնցումներով։ Երեխաները հարազատներին չեն ճանաչում, փորձում են փախչել և այլն։ Առաջ է գալիս ակամա միզարձակություն և կղում։ Ցնցումները սովորաբար կլոնիկ բնույթ են ունենում։ Բբերը խիստ լայնացած են, ռեակցիան լույսի նկատմամբ բացակայում է։ Սրտի կողմից՝ տոների խլացում, հաճախասրտություն։ Նկարագրվում են նաև ծայրահեղ ծանր թունավորումներ, երբ կլինիկական պատկերում գերակշռում է քնկոտությունը, որը վերածվում է կոմայի։ Նման դեպքերում մաշկի կարմրությունը փոխարինվում է գունատությամբ, տախիկարդիան՝ դանդաղասրտությամբ։ Շնչառությունը լինում է հաճախացած, մակերեսային, առիթմիկ։ Հիվանդը մահանում է շնչական կենտրոնի պարալիզից։ Գրականության մեջ նկարագրվում են թունավորման կլինիկական առանձնահատկությունները՝ կապված երեխայի տարիքից։ Այսպես, մինչև 3 ամսական երեխաների մոտ խիստ արտահայտված են մաշկի կարմրությունը, մինչդեռ դրդումը բացակայում է։ Ծայրահեղ աստիճանի է հասնում հիպերթերմիան։ Մեծ տարիքի երեխաների մոտ նկատվում է լորձաթաղանթների չորություն, բբերի լայնացում, տախիկարդիա, հաճախ նաև էքստարսիստոլա։

Բուժումը։ Հաբերի ձևով ատրոպինի և այլ դեղամիջոցների ընդունման ժամանակ զոնդի օգնությամբ կատարվում է ստամոքսի լվացում։ Այդ նպատակով օգտագործում են մարգանցաթթվական կալիումի 0,01–0,1% լուծույթ։ Ստամոքսի լվացումից հետո ներմուծվում են ակտիվացրած ածուխ, աղային լուծողական։ Լվացման համար օգտագործվող զոնդը պետք է խնամքով պատված լինի վազելինով։ Հիվանդին անհրաժեշտ է մութ, անաղմուկ սենյակում ապահովել լիարժեք հանգիստ։ Միզարտադրությունը ուժեղացվում է։ Ներերակային ներարկվում է գլյուկոզայի իզոտոնիկ լուծույթ՝ ասկորբինաթթվով։ Ծանր դեպքերում կաթիլային ձևով ներերակային ներարկվող հեղուկն օրվա ընթացքում երեխային տրվում է 80-1Օ0 մլ/կգ զանգվածի հաշվով։ Գլյուկոզայի լուծույթը կարելի է համակցել նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթով, հիմնային և Ռինգերի լուծույթներով, արյան փոխարինողներով։ Անհրաժեշտ է հետևել միզարտադրությանը, որովհետև ատրոպինը հաճախ միզակապություն է առաջացնում։ Արագացրած դիուրեզի ժամանակ միզապարկում պետք է մշտական կաթետեր թողնել։ Լյարդի թունազրկման ֆունկցիայի ուժեղացման նպատակով կարելի է օգտագործել գլյուկոկորտիկոիդներ։ Ծայրահեղ ծանր վիճակների դեպքում կատարվում է արյան փոխներարկում։

Ատրոպինի յուրահատուկ հակաթույներն են խոլինէսթերազիայի արգելակիչները (ֆիզոստիգմին, գալանթամին)։ Արտահայտված դրդման բացակայության դեպքում ենթամաշկային ներարկվում է պիլոկարպինի 1% լուծույթ՝ 0,1 մլ երեխայի տարիքի յուրաքանչյուր տարվա հաշվով կամ Էզերինի պրոզերինի 0,05% լուծույթ (0,001 ֊0,003 գ): Գրգռվածության ժամանակ նշանակվում է քլորալ հիդրատի հոգնա, միջմկանային՝ մագնեզիումի սուլֆատ, ամինազին (2,5% լուծույթ, 0,5-1 մլ, իսկ բարձր տարիքի երեխաներին՝ 2մլ), տիզերցին (2,5% լուծույթ, 1-2մլ), դիմեդրոլ, պրոմեդոլ, ներերակային 3-5 մգ դիազեպամ։ Արտահայտված գերջերմության դեպքում գլխին, աճուկային շրջանում դրվում է սառույց, միջմկանային ներարկվում է անալգին։ Շնչառության ընկճման դեպքում նշանակվում է ցիտիտոն կամ լոբելին։ Կիրառվում է թթվածնաբուժում։ Շնչառության խիստ խանգարման կամ շնչադադարի դեպքում կատարվում է ինտուբացիա և թոքերի արհեստական օդափոխություն։ Սրտային արտահայտված թուլության ժամանակ նշանակվում են սրտային գլիկոզիդների ներերակային ներարկումներ, զարկերակային ճնշման անկման ժամանակ՝ նորադրենալին, մեզատոն, էֆեդրին։ Թունավորման հիմնական ախտանիշների վերացումից հետո (թունավորման ընթացքի հուսալի ցուցանիշը բբերի վիճակն է) տեսողության խանգարման վերացման նպատակով աչքերի շաղկապենու պարկերի մեջ կաթեցնում են 2-ական կաթիլ պիլոկարպին հիդրոքլորիդի 1%-անոց, ացեկլիդինի 3%-անոց, բենզամոնի 10%-անոց կամ ֆիզոստիգմինի 0,5%-անոց լուծույթներ։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին