Բնական օջախականություն ունեցող, սուր վարակիչ հիվանդություն է, որն ընթանում է ջերմությամբ, ավշային հանգույցների ախտահարմամբ, ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներով։
Առաջին անգամ այս հիվանդությունը կրծողների մեջ հայտնաբերվել է 1911թվին ԱՄՆ-ում, Կալիֆորնիայի նահանգի Տուլյարի օկրուգում, Մակկոյի և Չեպենի (1912) կողմից, իսկ 1921թվին Ֆրենսիսը հիվանդությունն հայտնաբերել է մարդկանց մեջ։ Հետագայում դեպքեր արձանագրվեցին ճապոնիայում (1924թ.), Թուրքիայում (1926թ.), Նորվեգիայում (1929թ.), Շվեդիայում (1930թ.), Կանադայում (1930թ.), և Հարավային Ամերիկայում (1948թ)։

Հայաստանում այս հիվանդության մասին առաջին անգամ գրել է Ա. Ալեքսանյանը։ 1921-1924թ.թ. Նոյեմբերյանի շրջանում տարածված այս հիվանդությունը նա անվանել է «Գեղձային ջերմ»։ Նույն շրջանում 1949 թվին Նասիբյանը և Շաբերդյանը սերոլոգիւսկան և ալերգիկ ռեակցիաների օգնությամբ հաստատում են դեպքերը։ 1949-ին տուլարեմիայի դեպքեր են արձանագրվում նաև Հայաստանի այլ շրջաններում՝ Հրազդան, Աշոցք, Թումանյան (Զիլֆյան, Անանյան և ուրիշներ):
Հետագա տարիներին այս հիվանդությունը արձանագրվել է Մարտունու, Գավառի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի և այլ շրջաններում, ինչպես նաև Երևան քաղաքում։

Վերջին տարիներին (1994-1995թ.թ.) բավականին բարձրացել է տուլարեմիայի ինտենսիվության ցուցանիշը Հայաստանի ազգաբնակչության մեջ։ Այսպես, եթե 1992 թվին յուրաքանչյուր 100 000 բնակչից տուլարեմիայով հիվանդացել է 0,05 մարդ, ապա այս ցուցանիշը 1994թվին կազմել է 4,4, իսկ 1995թ. 0,6:1994թվին տուլարեմիայի հիվանդացության այսպիսի բարձրացման հիմնական պատճառը Հորադիսում և Ֆիզուլիում գտնվող ԼՂՀ բանակի զինվորների բարձր հիվանդացությունն է, որը պայմանավորված է այդ տարածքի վայրի նապաստակների բարձր վարակվածություն ունեցող մսի (խորոված) օգտագործմամբ:

Վարակի աղբյուրը
Տուլարեմիայի ժամանակ հիվանդ մարդը վարակի աղբյուր չէ, քանի որ հիվանդության հարուցիչները նրա օրգանիզմում ախտածին երևույթներ առաջացնելուց հետո կորցնում են իրենց վիրուլենտ հատկությունները։ Մարդու օրգանիզմը հարուցիչների նկատմամբ դառնում է կենսաբանական փակուղի։ Տուլարեմիային ինֆեկցիան համարվում է կրծողների հիմնական հիվանդություն, պատահական չէ, որ այս հիվանդության աղբյուր են համարվում 74 տեսակի կենդանիներ և թռչուններ։

Հայաստանում ապրող կրծողներից տուլարեմիայի վարակի աղբյուր են սովորական դաշտամկները, ջրային առնետները, անտառային և տնային մկները, գորշ համստերիկը, նապաստակը, որոնց մոտ այս հիվանդությունն ընթանում է սուր կերպով, սեպտիցեմիայի երևույթներով և գրեթե միշտ վերը նշված կրծողները այս հիվանդությունից սատկում են։

Երկրորդ խումբ կենդանիները ւոուլարեմիայի հարուցիչների նկատմամբ օժտված են բարձր ընկալությամբ և ցածր զգայնությամբ։ Դրանք գորշ և սև առնետներն են, պարսկական սկյուռը, փոքրասիական համստերիկը։ Սրանք հեշտությամբ վարակվում են տուլարեմիայի հարուցիչներով, սակայն սատկում են միայն բարձր դոզաներով վարակվելուց։ Մնացածի մոտ վարակը փակուղի է մտնում և կորցնում է իր համաճարակաբանական նշանականությունը։

Երրորդ խմբի մեջ մտնում են ցածր ընկալություն ունեցող և գործնականում այս վարակի նկատմամբ գրեթե զգայնություն չունեցող կենդանիները (աղվես, տնային կատու և այլն)։ Այդ իսկ պատճառով դրանք համաճարակաբանական նշանակություն գրեթե չունեն։

Սակայն սահմանափակվել վարակի աղբյուրի այս երեք խմբերով չի կարելի, տուլարեմիային ինֆեկցիայի բնական օջախակայնության հարցերը վերջնականորեն լուծված համարել դեռևս չի կարելի, քանի որ 1958թ. տուլարեմիայի համաճարակ է գրանցվել Գյումրիի մսի կոմբինատում։ Համաճարակի պատճառը եղել է Թուրքիայից գնված տուլարեմիայով վարակված ոչխարների մորթը սպանդանոցում, որի հետևանքով զանգվածային հիվանդացության դեպքեր են արձանագրվել մսի կոմբինատի բանվորների մեջ (Հ.Հովասափյան, Վ.Զիլֆյան, 1958թ)։

Խեցգետինները ևս ոչ միայն բարձր ընկալություն, այլև բարձր զգայնություն ունեն տուլարեիայի հարուցիչների նկատմամբ (Զիլֆյան, Հովասափյան, 1958թ.)։ Սա հիմք է տալիս հաստատելու, որ խեցգետինները կարող են վարակել ջուրը, որի օգտագործումից կարող են առաջանալ տուլարեմիայի ջրային բռնկումներ։

Տուլարեմիայի համաճարակաբանությունում որոշակի նշանակություն ունեն նաև ջրային այլ կենդանիներ՝ գորտերը, ձկները, փափկամորթները։
Տուլարեմիայի ժամանակ, կախված փոխանցման եղանակի յուրահատկություններից, հիվանդությունն ունի բազմազան կլինիկական ընթացք։ Հիվանդության գաղտնի շրջանը մի քանի ժամից մինչև 3 շաբաթ է (միջինը՝ 3-7 օր)։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի՝ առանց նախանշանային երևույթների։ Ջերմությունը լինում է բարձր՝ 38-40°, որը կարող է պահպանվել 5 օրից մինչև 2 ամիս։ Հիվանդներն ունենում են գլխացավեր, մկանային ցավեր, գլխապտույտ, գոտկատեղի, պարանոցի մկանային ցավեր, գիտակցության մթագնում, քրտնարտադրություն, դեմքի հիպերեմիա, կոնյուկտիվիտներ, երբեմն փսխում են, զառանցում, նրանց լեզուն փառակալում է, սկսած հիվանդության երկրորդ օրից նկատվում է լյարդի մեծացում, իսկ 6-9 օրերին մեծանում է նաև փայծաղը։

Ավշագեղձուռուցքի տեղայնացումը սերտորեն առնչվում է փոխանցման մեխանիզմի հետ։ Այս հիվանդության ավշագեղձուռուցքը, ի տարբերություն ժանտախտի ավշագեղձուռուցքի, այնքան էլ ցավոտ չէ, բավականին ցայտուն սահմանազատվում է մաշկից (1-ից 5 սմ մեծությամբ)։ Խոցաբուբոնային ձևերի ժամանակ լինում է սերուցք հիշեցնող թարախային արտադրություն։ Աչքաբուբոնային ձևերի ժամանակ, բացի մոտակա ավշային գեղձերի մեծացումից, լինում են կոնյուկտիվիտի երևույթներ, արտադրություն, երբեմն գոյանում են փոքրիկ խոցեր։

Անգինոզ բուբոնային ձևերի ժամանակ բացի ավշային գեղձերից մեծանում են նշագեղձերը, որոնք պատվում են գորշ-սպիտակավուն փառով, կլման ակտը լինում է ցավոտ։ Աղիքային ձևերի ժամանակ ախտահարվում են այս տրակտի ավշային հանգույցները, լինում են որովայնային շրջանի ցավեր, որը հաճախ հիշեցնում է սուր որովայնի ցավերը, լյարդը, փայծաղը մեծանում են ու ցավում, հիվանդը փսխում է, ունենում է սրտխառնոց, մեթեորիզմի երևույթներ։
Թոքային ձևերի ժամանակ հիվանդությունն ուղեկցվում է թոքաբորբով, ջերմությամբ, սարսուռի զգացումով, քրտնարտադրությամբ, հազով, խորխարտադրությամբ (երբեմն արյունային)։ Ռենտգենյան քննության ժամանակ թոքարմատի գեղձերը լինում են մեծացած։ Հիվանդությունն ընթանում է ծանր, տևում է 2 ամիս։

Կան տուլարեմիայի ախտորոշման տարբեր մեթոդներ։
Արհեստական սննդային միջավայրերից բավականին լայն կիրառություն ունի դեղնուցային միջավայրը (60%-անոց ձվի դեղնուց և 40% ֆիզիոլոգիական լուծույթ), ուր նրանք տալիս են նուրբ գաղութներ։ Այն կարելի է աճեցնել նաև մսապեպտոնային ագարի վրա, որին ավելացվում է արյուն և ցիստին։ Հիվանդությունը կարելի է ախտորոշել նաև կենսաբանական մեթոդով, երբ կասկածելի նյութով վարակում են բարձր ընկալություն ունեցող կենդանիներին։ Ախտորոշումը կատարվում է նաև շճաբանական քննության եղանակով, միջմաշկային ալերգիկ փորձով (տուլարինի օգնությամբ)։

Փոխանցման մեխանիզմները
Տուլարեմիայի փոխանցման մեխանիզմն ունի տարբեր ուղիներ տրանսմիսիվ, վարակված սննդամթերքի, ջրի, ինչպես նաև այս հիվանդությունից սատկած կենդանիների հետ ուղղակի շփում (մաշկի մշակման, կենդանուն մորթելու ժամանակ)։

Հիվանդության փոխանցման գործում կարևոր դեր ունեն տզերը, լվերը, մոծակները և արյուն ծծող այլ միջատները։ Բնական պայմաններում վարակի երկարատև պահպանողներից առաջնային տեղ է գրավում մարգագետնային տիզը Dermacentor marginatus-ը, որի օրգանիզմում հիվանդության հարուցիչները կարող են պահպանվել 250-ից մինչև 610 օր։ Բացի այդ, այս տզերը հիվանդության հարուցիչները տրանսօվարիալ ճանապարհով կարող են փոխանցել նաև իրենց սերունդներին։
Տզերից պակաս նշանակություն չունի նաև Ornithodorus lahorensis-ը, որն իր օրգանիզմում կարող է պահպանել ւոուլարեմիայի հարուցիչները մինչև 552 օր։ Այս տեսակը հատկապես մեծ դեր է խաղում ինֆեկցիան ոչխարներից մարդկանց փոխանցելու գործում։ Որոշակի համաճարակագիտական նշանակություն ունեն Ornithodorus verrucosus, Argas persicus, Hyalomma marginatum տզերը։
Լվերից համաճարակաբանական նշանակություն ունեն Ceratophyl-lus acutus-ը, Ceratophyllus walkeri-ն, ինչպես նաև pulex irritans-ը, Xenop-sylla Chiopis-ը և ուրիշ լվեր։
Մոծակներից որոշակի նշանակություն ունեն An. maculipennis-ը, An. hyrcanus-ը, Aedes caspins-ը, Culex modestus-ը և ուրիշ մոծակներ։ Արյուն ծծող ճանճերից վտանգավոր է բորուկը՝ Stomoxys calcitrans-ը:

Տուլարեմիայի փոխանցման գործում մեծ դեր ունեն արտաքին միջավայրի զանազան գործոնները ջուրը, վարակված սննդամթերքը, կաթը, միսը և այլն։ Հիվանդության հարուցիչները վարակված կենդանիների օրգանիզմում (լյարդ, փայծաղ, երիկամներ, թոքեր ավշային հանգույցներ) կարող են իրենց կենսունակությունը պահպանել 7 ամսից ավելի, գանգուղեղում մինչև 5 ամիս, հողում՝ մինչև 2,5 ամիս։

Մարդիկ տուլարեմիայով կարող են վարակվել հիվանդացած կենդանու մաշկը մշակելիս օդափոշային ճանապարհով կամ վարակված հացահատիկից, խոտից՝ դարձյալ նույն ճանապարհով։ Տուլարեմիան հեշտությամբ կարող է տարածվել հիվանդ կենդանիների արտաթորանքից, դիակներից։
Տուլարեմիայի բնական օջախներից փոխանցողների միջոցով կարող են վարակվել մանր և խոշոր եղջերավոր կենդանիները, խոզերը, եղջերուները և այլ կենդանիներ։
Հիվանդության կլինիակական յուրահատկությունները շատ հաճախ հուշում են փոխանցման մեխանիզմի գործոնները, օրինակ՝ աճուկային, թևատակային խոշոր ավշային գեղձերի բորբոքումը (բուբոն) խոսում է տրանսմիսիվ փոխանցման ուղու մասին։ Ըմպանի և պարանոցի ավշային գեղձերի բորբոքումը՝ ալիմենտար փոխանցման գործոնի մասին և այլն։
Տուլարեմիայի հարուցիչներն ախտահանիչ նյութերի նկատմամբ բավականին զգայուն են։

Ընկալունակություն և անընկալունակություն

Այս հիվանդության նկատմամբ մարդկանց ընկալությունը բավականին բարձր է։ Հիվանդանալուց հետո մարդը ձեռք է բերում բավականին կայուն անընկալություն, որի հետևանքով նա զերծ է մնում կրկնավարակումներից։
Բավականին տևական անընկալություն է առաջանում մարդկանց մոտ (5 տարուց ավելի), երբ նրանց պատվաստում են տուլարեմիայի կենդանի վակցինայով: Անընկալությունը հետինֆեկցիոն ստերիլ բնույթի է։

Տուլարեմիայի ժամանակ էպիդեմիկ պրոցեսն ուղիղ համեմատական է էպիզոոտիկ պրոցեսին։ Մարդկանց ընկալությունն այս հիվանդության նկատմամբ որոշվում է տուլարինի մեջ մաշկային փորձով։
Տուլարեմիայի համաճարակները բաժանում են 4 տեսակի՝ արտադրության հետ կապված, ջրային և սննդամթերքային և տրանսմիսիվ բնույթի։
Արտադրական բնույթի համաճարակներն առնչվում են տնտեսական նշանակություն ունեցող կենդանիների (ջրային առնետ, մշկամուկ (օնդատրա), նապաստակ, ոչխար, կզաքիս և այլն) որսի և սրանց մորթին մշակելու հետ։

Գյուղատնտեսական բռնկումները կապված են վարակված դաշտամկների արտաթորանքով աղտոտված հացահատիկի հավաքի, մաքրելու,քամահարելու հետ։ Հիվանդությունը փոխանցվում է վարակված օդի միջոցով (ասպիրացիա), ախտահարվում են թոքերը, ըմպանը, աչքերը։
Ջրային և սննդանին բռնկումներն առաջանում են կրծողների և ջրային կենդանիների կողմից կեղտոտված ջուրը և սննդամթերքն օգտագործելիս։ Ջրային բռնկումները կարող են առաջանալ տարվա տարբեր եղանակներին։ Այս դեպքում մարդիկ հիվանդանում են տուլարեմիայի աղիքային և անգինոզ-բուբոնային ձևերով։

Տրանսմիսիվ բռնկումներն առաջանում են վարակված կենդանի փոխանցողների (տզեր, լվեր, մոծակներ, ճանճեր) խայթելուց։ Հիվանդանում են խոցւսբուբոնային ձևի տուլարեմիայով։
Սեզոնայնությունը բնորոշ է այս տիպի բռնկումներին, այն լինում է ամռան, աշնան ամիսներին։

Տուլարեմիա (համաճարակաբ.)Պայքարը և կանխարգելումը
Վարակի աղբյուրի նկատմամբ ձեռնարկվող միջոցառումների կիրառումը կապված է բնական օջախներում վարակի աղբյուր հանդիսացող կենդանիների և փոխանցողների հետ։ Պետք է խոստովանել, որ նման տիպի պայքարը կապված է դժվարությունների հետ։ Դեռատիզացիոն միջոցառումները ոչ միայն մեծ արդյունավետություն չունեն, այլև էկոլոգիական տեսակետից անբարենպաստ պայմաններ են ստեղծում այլ կենդանիների և թռչունների համար։ Մեծ տարածքների վրա կատարված զանգվածային դեզինսեկցիոն և դեռատիզացիոն աշխատանքները խախտում են բնության էկոլոգիական հավասարակշռությունը և հանգեցնում են դրանից բխող անցանկալի հետևանքների։
Տուլարեմիայի ջրային բռնկումները կանխելու նպատակով անհրաժեշտ է այս հիվանդության նկատմամբ անապահով վայրերում մշտական սանիտարահիգիենիկ հսկողություն սահմանել բաց ջրամբարների նկատմամբ։ Վարակված սննդամթերքներից վարակի փոխանցումը կանխելու համար անհրաժեշտ են սանիտարահիգիենիկ այնպիսի միջոցառումներ, որոնք կկանխեն կրծողների մուտքը բնակարաններ, պահեստներ, խանութներ։ Հիվանդության դեպքերի առաջացման ժամանակ անհրաժեշտ է առաջին հերթին կանխազգուշական պատվաստումների ենթարկել այն անձանց, որոնք մտնում են վտանգավոր խմբի մեջ (արշավախմբերի մասնակիցներ, գյուղատնտեսական աշխատողներից այն անձինք, ովքեր անմիջապես շփում ունեն վարակի աղբյուր հանդիսացող կենդանիների հետ, որսորդներ, մաշկի մշակման գործարանների, արհեստանոցների աշխատողներ և այլն)։
Վարակի օջախում կատարվում են դեզինսեկցիոն և դեռատիզացիոն աշխատանքներ։
Կարևոր նշանակություն ունի բերքի ժամանակին, անկորուստ հավաքումը, ծղոտի կանոնավոր դիզումը, ամբարները և մթերային պահեստները կրծողներից պաշտպանելը և այլն։
Առողջ մարդկանց այս հիվանդությունից զերծ պահելու նպատակով գործադրվում է էլբերտ Գայսկու բավականին բարձր արդյունավետություն ունեցող կենդանի պատվաստանյութը, որն օգտագործվում է էպիզոտոլոգիական և համաճարակաբանական ցուցմունքների դեպքում։ Այս պատվաստանյութը թողարկվում է վակուում պայմաններում չորացրած (լիոֆիլիզացիայի ենթարկված) սրվակներով։ Պատվաստումը կատարվում է ձախ ձեռքի ուսի շրջանում, լուծելուց, լավ թափահարելուց հետո կաթեցվում է 2 կաթիլ լուծված պատվաստանյութից, ապա սկարիֆիկատորովքերելուց հետո պատվաստանյութը տրորվում է քերված, մաշկի ամբողջականությունը խախտված տեղի վրա։ Առաջին օրերին պատվաստված վայրում տեղային երևույթներ են լինում հիպերեմիա, ինֆիլտրացիա, որը անհետանում է 3-4 շաբաթ հետո։ Այս ժամանակամիջոցում էլ պատվաստվածի մոտ առաջանում է անընկալություն։ Կրկնապատվաստումն անհրաժեշտ է կատարել միայն 5 տարի հետո, այսինքն հետպատվաստումային անընկալությունը տևում է 5 տարի։
Թույլատրվում է միաժամանակյա պատվաստումներ տուլարեմիայի և ժանտախտի , տուլարեմիայի և բրուցելոզի դեմ։ Պատվաստված մարդկանց անընկալության առկայությունը կարելի է որոշել մաշկային ալերգիկ փորձով, տուլարինի օգնությամբ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին