Թուլամտություն մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված հիվանդությունների ժամանակ
Թուլամտությունը մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) պայմանավորված հիվանդությունների ժամանակ որևէ յուրահատուկ նշան չի ցուցաբերում։ Այն ախտորոշվում է, երբ թուլամտության բնորոշ չափանիշներից համապատասխան վիճակը դրսևորվում է առանց որևէ այլ մարմնական հիվանդության կամ վիճակի, սակայն առկա է ՄԻԱՎ-ը, որով և կարելի է բացատրել այդ թուլամտության կլինիկական պատկերները։

Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) կարող է անմիջականորեն ախտահարել նյարդային համակարգը, գլխուղեղը, առաջացնելով միելոպաթիա և նևրոպաթիա, որոնք, իրենց հերթին, առաջացնում են թուլամտություն, անձի խանգարումներ, փսիխոզներ և դեպրեսիաներ։ Վիրուսը կարող է հայտնաբերվել արյան մեջ, արցունքներում, թքի մեջ, ողնուղեղային հեղուկում։ Հիվանդությունը, որն առաջանում է այդ վիրուսից, կոչվում է ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)։ Համարվում է, որ ՁԻԱՀ-ով հիվանդների 10%-ի շրջանում առկա են հոգեախտաբանական և նյարդային խանգարումներ և հիվանդության զարգացման հետ մեկտեղ այդ ախտանիշները դիտվում են արդեն մինչև 60%-ի շրջանում։ ՁԻԱՀ-ով վարակված հիվանդների մոտ ձևավորվում է էնցեֆալոպաթիա, որն էլ սկիզբ է դնում թուլամտության աստիճանական զարգացմանը։ Այս կամ այն աստիճանի թուլամտություն ձևավորվում է ՁԻԱՀ-ով հիվանդների շուրջ 60%-ի շրջանում։

Թուլամտությունն այս դեպքում բնորոշվում է մոռացկոտությամբ, դանդաղկոտությամբ, ցրվածությամբ, խնդիրներ լուծելու դժվարությամբ, կարդալու, հասկանալու դժվարությամբ։ Էնցեֆալոպաթիան բերում է գլխացավերի, քնկոտության, ընդհանուր հյուծվածության։ Հիվանդները դառնում են անտարբեր, պասիվ, նվազում է վերջիններիս նախաձեռնությունը։ Աստիճանաբար դառնում են ինքնամփոփ, մեկուսանում են միջավայրից, երբեմն ցուցաբերում են ճակատային բլթին հատուկ ապարգելակվածություն։ Թեթև կոգնիտիվ խանգարումներից զատ բավականին հաճախ են դիտվում այլ հոգեախտաբանական վիճակներ՝ աֆեկտիվ, զառանցանքային։ Հաճախ ի հայտ են գալիս ագնոստիկ խանգարումներ (աֆազիա), հիշողության թուլացում։ Հիվանդները գիտակցում են իրենց տկարությունը, ինչի հետևանք է վերջիններիս ֆրուստրացիան, տագնապայնությունը և «կատաստրոֆիկ ռեակցիաները»։ Հնարավոր են նաև սոմատիկ և նյարդաբանական խանգարումներ՝ դող, շարժողական գրգռվածություն, ռեֆլեքսների ուժեղացում, ատաքսիա, ակնաշարժական խանգարումներ։ Սովորաբար, ՁԻԱՀ-ով պայմանավորված թուլամտությունը զարգանում է արագ (մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում)՝ հասնելով համընդհանուր թուլամտության, մարազմի և մահվան։ Թուլամտության կառուցվածքային հիմքն են կազմում գլխուղեղի ատրոֆիան, ուղեղի փորոքների մեծացումը (լայնացումը), պարենխիմայի վակուոլացումը, ողնուղեղի միելոպաթիան և այլն։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին