Ըստ հաճախության ողնաշարի տուբերկուլոզից հետո գրավում է երկրորդ տեղը։ Ախտաբանական պրոցեսը միակողմանի տեղակայում ունի։ Աջ և ձախ հոդն ախտահարվում են միևնույն հաճախությամբ։ Երեխաների մոտ երկկողմանի տուբերկուլոզային կոքսիտ խիստ հազվադեպ է հանդիպում։

Տուբերկուլոզային օջախը հիմնականում տեղակայվում է կոնքի ոսկրերում, զստոսկրի կամ ցայլոսկրի մարմնում։ Առաջնային օջախը երբեմն տեղակայվում է ազդրոսկրի վզիկում։ Ազդրոսկրի գլխիկի ախտահարումը, որպես կանոն, երկրորդային է։
Կլինիկական հետազոտության ժամանակ, երբ հիվանդը դեռևս որևէ գանգատ չի նշում, կարելի է նկատել տուբերկուլոզային թունավորման նշաններ, քայլվածքի խանգարում, ազդրի և հետույքային մկանների հիպոտոնիա՝ ախտահարված հոդի կողմում, կոնքազդրային հոդի շարժումների թեթև սահմանափակում, աճուկային ավշահանգույցների չափերի մեծացում։ Հիվանդության այդ շրջանում կարող է հայտնվել թեթև կաղություն, որը հիվանդը սովորաբար հաղթահարում է։ Բնորոշ է երեխայի դիրքը, թերծանրաբեռնելով հիվանդ ոտքը, նա ուժեղ հենվելով կանգնում է ուղղված առողջ ոտքի վրա։ Երբեմն հիվանդության միակ ախտանիշը երեխայի գիշերային ճչոցներն են:
 
Տուբերկուլոզային կոքսիտի ամենավաղ ռենտգենաբանական ախտանիշը հոդի ոսկրերի թեթև արտահայտված օստեոպորոզն է։ Ոսկրային հյուսվածքի ախտահարման ցայտուն նշանները միայն տոնոգրամների վրա են հայտնաբերվում։

Տուբերկուլոզային կոքսիտի արտահայտված ձևի դեպքում պրոցեսը, ախտահարման օջախից տարածվելով հոդի վրա, ազդրոսկրի տամբիոնի (պտուտաթումբ), գլխիկի և վզիկի քայքայում է առաջացնում։ Նկատվում է ոչ միայն մկանների հիպոտոնիա, այլև ազդրի հետույքային մկանների ատրոֆիա։ Վերջույթի ամբողջ երկարությամբ ենթամաշկային բջջանքը հաստանում է (Ալեքսանդրովի ախտանիշ)։ Հիվանդության հետագա զարգացումից սկիզբ է առնում կծկանք (կոնտրակտուրա), կաղություն, վերջույթի կարճացում, ազդրի ու սրունքի մկանների ապաճում։


 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին