(ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԳՈՆԻՏ)
Ոսկրահոդային համակարգի տուբերկուլոզային հիվանդությունների մեջ ըստ հաճախության գրավում է երրորդ տեղը։ Տուբերկուլոզային օջախները հաճախ ազդրի և ոլոքի ոսկրերի էպիֆիզում են տեղակայվում։ Հետագայում այդ օջախները տարածվում են և, որպես կանոն, ընդգրկում են նաև հոդը։

Տուբերկուլոզային գոնիտի սկզբնական ձևը, որը պայմանավորված է ոսկրային հյուսվածքի օջախով, աղքատ ախտանիշներ ունի։ Երկարատև քայլքի ժամանակ նկատվում է թեթև կաղություն, ինչպես նաև ծնկային հոդի անորոշ տեղակայման ցավեր, ազդրի քառագլուխ մկանի թերլարվածություն։ Ցավերը և թեթև կաղությունն անկանոն բնույթ ունեն, կարող են լրիվ վերանալ հանգստի դեպքում, իսկ քայլելու դեպքում՝ նորից կրկնվել։
Ծնկային ձողի տուբերկուլոզի ամենավաղ ռենտգենաբանական ախտանիշը օստեոպորոզն է, ազդրի և ոլոքի էպիմետաֆիզային բաժինների սահմանափակ հատվածների ոսկրային կաոուցվածքի անորոշությունը։

Տուբերկուլոզային ոսկրաբորբի (օստիտի) հարաճման և ոսկրի կեղևաշերտի քայքայման դեպքում առաջ է գալիս հոդի ուռածություն, ջերմության տեղային բարձրացում։ Աճուկային շրջանի ավշահանգույցները մեծանում են, խորանում է ազդրի և սրունքների մկանների ատրոֆիան, նկատվում է նաև Ալեքսանդրովի ախտանիշը։ Որոշ դեպքերում զարգանում է ծալիչ մկանների աննշան կծկանք և ծալման շարժումների սահմանափակում։ Ռենտգեննկարահանման ժամանակ տուբերկուլոզային օջախը հայտնաբերվում է կամ հոդածածկային աճառին շատ մոտ հատվածում կամ էլ հոդապարկի կպման տեղերում։

Հիվանդության արտահայտված ձևի դեպքում ծնկային հոդում սկիզբ են առնում սուր ցավեր, հոդը տաքանում է, զարգանում է ծալիչ կծկանք և շարժումների խիստ սահմանափակում։ Կապանային ապարատի քայքայումից հոդի ձևախախտում է առաջանում։ Ռենտգեննկարահանումից հայտնաբերվում է նաև օստեոպորոզ։ Ոսկրային հոդերեսները քայքայվում, հոդային ճեղքը ստվերագծվում է անհավասարաչափ նեղացման ձևով։ Պրոցեսի տևողությունը ձգձգվում է մինչև 1,5 տարի և ավելի։ Վնասված ոսկրերի և հոդի ֆունկցիայի լրիվ վերականգնում չի լինում։

Տուբերկուլոզային հոդաբորբի ախտորոշման համար կարևոր է հաշվի առնել ախտահարման միահոդային (մոնոարթրիտիկ) բնույթը, տուբերկուլոզային հիվանդի հետ շփման վերաբերյալ անամնեզի տվյալները, տուբերկուլոզային օջախների հայտնաբերումը (թոքերում, ավշահանգույցներում), տուբերկուլոզային դրական ռեակցիաները (Մանտու), ռենտգենաբանական բնորոշ փոփոխությունները։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին