Ոսկրահոդային տուբերկուլոզի ամենահաճախ հանդիպող ձևն է։ Ոսկրային ախտահատուկ փոփոխությունները տեղակայվում են ողների մարմինների եզրերին։ Սովորաբար ախտահարվում են մեկ կամ երկու հարակից ողները, որոնք ենթարկվում են քայքայման ու առաջ են բերում կոլապս։ Պրոցեսն արագորեն ընդգրկում է միջողնային աճառը, որի քայքայման հետևանքով միջողնային ճեղքը նեղանում է։ Հարողնուղեղային սառը թարախակույտեր են գոյանում։ Փոփոխությունները տեղակայվում են առավելապես ողնաշարի կրծքային հատվածում։ Հիվանդները գանգատվում են մեջքի ցավից, շարժումների սահմանափակումներից։ Զննման ժամանակ հայտնաբերվում է մկանների կարկամում, 1-2 ողների շոշափման ժամանակ՝ ցավոտություն, երբեմն նկատվում է ախտահարված ողնի արտացցված ոսկրային ելուստը։ Հիվանդության ուշ շրջաններում ուժգնանում է կրծքային կիֆոզը և ձևավորվում է կուզը։ Ողնաշարի գոտկային հատվածը չափազանց հազվադեպ է ախտահարվում։ Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում են առանձին ողների կազմալուծական փոփոխություններ և միջողնային սկավառակի քայքայում։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին