Տուբերկուլոզային գայլախտը (lupus vulgaris) մաշկի տուբերկուլոզի ամենից հաճախ հանդիպող ձևն է։ Հիվանդությունն սկսվում է մանկական կամ պատանեկան հասակում, զգալիորեն պակաս՝ չափահասների մոտ, և աչքի է ընկնում չափազանց երկարատև ընթացքով՝ ախտահարման օջախների շատ դանդաղ, ծայրամասային աճմամբ։ Մաշկի մեջ առաջանում են յուրահատուկ թմբիկներ (լուպոմաներ)՝ գնդասեղի գլխիկից մինչ ոսպի մեծության, մերթ մաշկի մակերեսից ավելի կամ պակաս բարձրադիր, մերթ բոլորովին տափակ, ունենալով ոչ մեծ բծի տեսք։ Թմբիկներն ունեն գորշ վարդագույն գույն և փափուկ կոնսիստենցիա։ Ապակիով արտաճնշելիս (դիասկոպիա) թմբիկների տեղում մնում է դեղնագորշավուն բիծ (խնձորի դոնդողի ախտանշան), իսկ բութ զոնդով արտաճնշելիս գոյանում է փոսիկ (ձողիկի ախտանշան) կամ նրանք հեշտությամբ ծակվում են և արյունահոսում։ Սկզբում սերտորեն խմբավորված, նրանք հետագայում միաձուլվում են, վերածվելով ամատարած ինֆիլտրատի, որը ղանղաղորեն մեծանում է ծայրամասային աճի և ծայրամասում նորանոր թմբիկների ցանավորման միջոցով։ Բացի գայլախտի վերը նկարագրված հիմնական, այսպես կոչված, տափակ ձևից (l. v. planus), տարբերում են նրա մի քանի տարատեսակները։
L. v. psoriasiformis` աչքի է ընկնում գայլախտային ինֆիլտրատի մակերեսի վրա արծաթա-սպիտակ թեփերի կուտակումով, որի հետևանքով նմանեցվում է թեփատու որքինին։
L. v. tumidus՝ ուռուցքանման ձև. բնորոշվում է նրանով, որ գայլախտային ինֆիլտրատը գերաճում է և խիստ բարձրանում մաշկի մակերեսի վրա (ուռուցքի նման), միաժամանակ պահպանելով գայլախտային պալարիկին բնորոշ բոլոր հատկանիշները (փափկություն, գորշ մանուշակագույն գունավորում, խնձորի դոնդողի ախտանշան դիասկոպիայի ժամանակ)։
L. v. ulcerosus՝ խոցային ձև. առաջանում է գայլախտի օջախի վնասման և թարախածին ինֆեկցիայով բարդանալու հետևանքով։
Գայլախտային խոցերը մակերեսային են, ունեն հարթ, ծոպավոր գծագրություն, նրանց հատակը մանրահատիկավոր է, ծածկված է թարախային աղքատիկ արտադրությամբ և հեշտությամբ արյունահոսում է։ Տեղադրվելով մաշկի բաց տեղամասերում, նրանք ծածկվում են անհարթ թարախա-արյունային կեղևներով։ Հիվանդության սկզբնավորությունից ամիսներ անց գայլախտի օջախների կենտրոնում աստիճանաբար առաջանում են ապաքինման նշաններ։ Պալարիկները հարթվում են ու անհետանում, փոխարինվելով սպիտակ գույնի նուրբ, ատրոֆիկ սպիներով, որոնք ծալքավորվում են, հիշեցնելով ծխախոտի թուղթ։ Գայլախտի առանձնահատկությունը սպիների մեջ նոր գայլախտային պալարիկների առաջացման հնարավորությունն է։
Գայլախտն ունի բազմապիսի տեղակայում։ Ամենից հաճախ ախտահարվում է դեմքի, հատկապես քթի և այտերի, ականջի խեցիների և պարանոցի մաշկը։ Ոչ հազվադեպ գայլախտի օջախներ են առաջանում հետույքի վերին ու ստորին վերջույթների (ձեռնաթաթեր, ոտնաթաթեր) մաշկի վրա։
Քթի մաշկի, հատկապես լորձաթաղանթի միաժամանակյա ախտահարման դեպքում գայլախտային պրոցեսն իր հետագա զարգացման ընթացքում կարող է քայքայել ռունգերի ու քթի միջնապատի աճառը, որի հետևանքով քիթը կարճանում է, սրվում, ստանում թռչնի կտուցի տեսք։ Բարձիթող դեպքերում դեմքի մաշկի գայլախտը կարող է հանգեցնել կոպերի շրջման, բերանի բացվածքի նեղացման՝ զգալիորեն այլանդակելով հիվանդին։ Ականջի բլթակի վրա տեղակայվելիս կարող է ընդունել ուռուցքանման ձև։
Մատների մաշկի ախտահարման ժամանակ պրոցեսը կարող է տարածվել ստորադաս հյուսվածքների, վերնոսկրի ու ոսկրի վրա և առաջացնել վերջինների քայքայում (գայլախտի խեղող ձև՝ l. v. mutilans): Ոտնաթաթերի վրա տեղակայվելիս սրունքի ավշային անոթների հետագա ախտահարման հետևանքով կարող է զարգանալ փղախտ, որին երբեմն նպաստում է հիմնական հիվանդության բարդացումը կարմիր քամու կրկնվող բռնկումներով։
Բացի մաշկից, երբեմն մեկուսացած գայլախտը կարող է ախտահարել նաև քթի ու բերանի լորձաթաղանթները։ Քթի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումն արտահայտվում է փափուկ, անհարթ, կապույտ գույնի, հեշտ արյունահոսող և քայքայվող ու խոց առաջացնող ինֆիլտրատի գոյացումով։ Քթի միջնապատի լորձաթաղանթի վրա տեղակայվելիս պրոցեսն ավարտվում է նրա աճառային մասի քայքայումով ու ծակումով: Պետք է նկատի ունենալ, որ քթի լորձաթաղանթի ախտահարումը դեմքի մաշկի գայլախտային ախտահարման համար ոչ հազվադեպ լինում է ելքային։ Բերանի խոռոչում գայլախտային պրոցեսն ամենից հաճախ տեղակայվում է լնդերի ու կարծր քիմքի լորձաթաղանթի վրա ու արտահայտվում է սկզբում մանր, կորեկի հատիկի մեծության կապտակարմիր գույնի պալարիկների ցանավորումով։
Սերտորեն խմբավորվելով, նրանք լորձաթաղանթի ախտահարման տղամասին տալիս են յուրահատուկ հատիկային տեսք։ Հետագայում անընդհատ վնասման հետևանքով առաջանում է խոցոտում։ Խոցն ունի անկանոն, մանր-ժաներիզավոր գծագրություն, հատիկավոր հատակ, որը ծածկված է դեղնավուն փառով և հեշտությամբ արյունահոսում է։ Խոցի շուրջը երևում են առանձին թմբիկներ։ Լնդերի ախտահարման ժամանակ կարող է տեղի ունենալ ատամնաբների ոսկրային մասի ներծծում, ատամների մերկացում, տեղաշարժում ու անկում։
Գայլախտով հիվանդների ընդհանուր վիճակը սովորաբար լինում է միանգամայն բավարար։ Թոքերի ու մյուս օրգանների ակտիվ ախտահարումը նշվում է նրանց մոտավորապես 25%-ի մոտ և ունենում է բարորակ ընթացք։ Ծանր ձևերը պատահում են հազվադեպ։ Շատ հաճախ, հատկապես երեխաների մոտ, նկատվում են տուբերկուլոզային ադենիտներ։ Պիրկեի ռեակցիան, որպես կանոն, տալիս է դրական արդյունք։
Բարդություններ։ Գայլախտով հիվանդների մոտ նշվող հնարավոր բարդություններից է կարմիր քամին, որը սովորաբար լինում է դեմքի (քիթ, շրթունքներ) և ստորին վերջույթների (ուտնաթաթեր) մաշկի վրա։
Ամենածանր բարդությունը մաշկային քաղցկեղի զարգացումն է (lupus carcinoma) գայլախտային ատրոֆիկ սպիների ֆոնի վրա։ Դիտվում է այն չափահասների մոտ, որոնք երկար տարիներ հիվանդ են, գրեթե որպես կանոն, դեմքի մաշկի գայլախտով։ Հյուսվածաախտարանությունը։ Տիպիկ դեպքերում նշվում է պալարիկների առաջացում դերմայում՝ կազմված էպիթելոիդ ու հսկա բջիջներից և շրջապատված լիմֆոցիտների շատ թե քիչ լայն գոտիով։
Պալարիկների լոռանման քայքայումը դիտվում է հազվադեպ։ Ավելի պակաս տիպիկ դեպքերում ինֆիլտրատը գրեթե ամբողջովին բաղկացած է լիմֆոիդ բջիջներից։ Տարածուն ինֆիլտրատի ընդհանուր զանգվածում միայն երբեմն հանդիպում են էպիթելոիդային ու եզակի հսկա բջիջների ոչ մեծ կուտակումները։ Դա վկայում է գայլախտային պրոցեսի ավելի սուր ընթացքի մասին։ Անոթների շուրջը նշվում է լիմֆոցիտներից ու պլազմատիկ բջիջներից բաղկացած ինֆիլտրատ, որը հաճախ ծակում է նրանց պատը։ Սոսնձատու և առաձիգ թելերը սպեցիֆիկ ինֆիլտրատի շրջանում քայքայվում են։ Վերնամաշկը ինֆիլտրատի վրա բարակած է, եղջերաշերտում նշվում են պարակերատոզի երևույթներ։ Առանձին դեպքերում (գորտնուկային ձև) կարող է լինել ականտոզ` էպիթելային ելունների զգալի լայնացումով։ Տուբերկուլոզային միկոբակտերիաները հյուսվածաբանական պրեպարատներում հայտնաբերվում են մեծ դժվարությամբ և շատ փոքր քանակով։ Ախտահարված հյուսվածքի պատվաստումը ծովախոզուկներին տալիս է դրական արդյունք։ Տարբերական ախտորոշման տեսակետից պետք է նկատի ունենալ. 1 ) պալարային սիֆիլիդը, որը աչքի է ընկնում պալարիկների ամուր կոնսիստենցիայով, նրանց օջախային դասավորմամբ` առանց հակման դեպի միաձուլումը, դիասկոպիայի ժամանակ դեղնագորշավուն գունավորման բացակայությամբ և ոչ թե համատարած, այլ խճանկարային սպիի գոյացումով՝ բաղկացած միմյանց սերտորեն հպվող, սակայն չմիաձուլվող առանձին մանր սպիներից, 2) բորի տուբերկուլոիդային ձևը, որը տարբերվում է գայլախտից մաշկի ախտահարման տեղամասում ցավային ու ջերմային զգայնության բացակայությամբ, 3) մաշկի լեյշմանիոզի տուբերկուլոիդային ձևը։ Այստեղ օգնում է հիվանդի անամնեզը և այն, որ թմբիկները տեղակպյվում են սպիի շուրջը, որը մնում է լեյշմանիոմների ապաքինումից հետո։ Գայլախտը ունի բազմապիսի ընթացք, բայց միշտ երկար է տևում՝ (տարիներ ու տասնյակ տարիներ)։ Առանց բուժման թողնված ախտահարման օջախը մի քանի տարիների րնթացքում կարող է մնալ ստացիոնար` չցուցաբերելով մեծանալու հակում։ Այլ դեպքերում ախտաբանական պրոցեսը աստիճանաբար, դանդաղորեն տարածվելով, ախտահարում է մաշկային ծածկույթի ավելի մեծ տեղամաս։ Կյանքի անբարենպաստ պայմանները, միջանկյալ հիվանդությունները (հատկապես սուր վարակիչ) վատթարացնում են գայլախտի ընթացքը, նպաստելով նրա առաջադիմելուն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին