Մաշկի լորձաթաղանթների խոցային տուբերկուլոզ (tuberculosis ulcerosa cutis et mucosae): Տուբերկուլոզի խոցային ձևը դիտվում է տուբերկուլոզի ծանր, բաց ձևերով տառապող հիվանդների բնական անցքերի շրջանի մաշկի և լորձաթաղանթների վրա և առաջանում է խորխի (բերանի խոռոչ, շրթունքներ), մեզի (սեռական օրգաններ), կղկղանքի հետ (հետանցքի շրջան) արտադրվող տուբերկուլոզային ցուպիկներով ինքնավարակվելու հետևանքով։

Հիվանդությունն սկսվում է լորձաթաղանթների վրա (մաշկի վրա այդ սկզբնական շրջանը սովորաբար աչքաթող է արվում) մանր, գնդասեղի գլխիկի մեծության դեղնակարմիր հանգույցիկների հանդես գալով, որոնք արագորեն փոխվում են թարախաբշտիկների։ Վերջիններս, բացվելով, գոյացնում են մանր խոցեր, որոնք մեծանում են ու միաձուլվում։

Վերջին հաշվով գոյանում է ավելի կամ պակաս մեծության, անհարթ, ժաներիզավոր, քիչ փորված եզրերով խոց՝ թարախային փառով ծածկված ու թեթևակի արյունահոսող հատակով։ Խոցի հատակում և նրա շուրջը, հայտնաբերվում են թարմ, դեղին՝ հանգույցիկներ (Տրելի հատիկներ)։ Բնորոշ է խոցերի սուր ցավոտությունը։ Բերանի խոռոչում տեղակայվելու դեպքում սննդի ընդունումը հիվանդի համար դառնում է տանջալի, հետանցքի շրջանի ախտահարման դեպքում խիստ դժվարացած է դեֆեկացիան։ Խոցերի թարախային արտադրության քսուկներում հայտնաբերվում են տուբերկուլոզային ցուպիկներ։ Տուբերկուլոզային ռեակցիաները սովորաբար բացասական են։

Հյուսվածաախտաբանությունը։ Դերմայում բորբոքային ինֆիլտրատ՝ կազմված լեյկոցիտներից, լիմֆոցիտներից և ոչ մեծ քանակությամբ պլազմատիկ բջիջներից։ Ինֆիլտրատի կենտրոնական մասում՝ նեկրոտիկ տեղամասեր։ Երկարատև գոյություն ունեցող խոցային ախտահարումներում հիմնական ինֆիլտրատի շուրջը կարող են առաջանալ առանձին մանր օջախներ՝ բաղկացած էպիթելոիղ և հսկա բջիջներից (տոլբերկուլոիդային կառուցվածք)։
Հիվանդության ընթացքն ու ելքը ամբողջովին կախված են հիմնական տուբերկուլոզային պրոցեսից։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին