Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկական վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է: Տուբերկուլյոզով հիվանդանում են նաև ընտանի կենդանիները, հիմնականում` խոշոր եղջերավոր անասունները և ընտանի թռչունները:
Տարբերում են`
- թոքային տուբերկուլյոզ,
- արտաթոքային տուբերկուլյոզ:
Արտաթոքային տուբերկուլյոզն ավելի հազվադեպ է հանդիպում: Արտաթոքային տուբերկուլյոզի տեսակներն են`
- Ոսկրերի և հոդերի տուբերկուլյոզ,
- Ավշահանգույցների տուբերկուլյոզ (ենթածնոտային, պարանոցային, անութային, աճուկային և այլն),
- Երիկամների տուբերկուլյոզ,
- Աղիքների տուբերկուլյոզ,
- Մաշկի տուբերկուլյոզ,
- Տուբերկուլյոզային ուղեղապատյանաբորբ:

Պատճառներ
Մինչ 1890-ականները մարդկությանը դեռեւս հայտնի չէր տուբերկուլյոզի առաջացման պատճառները` միայն 1892թ. գերմանացի գիտնական Կոխը հայտնաբերեց, որ տուբերկուլյոզի տարածման պատճառը ցուպիկ է, որը հիվանդից կարող է փոխանցվել շրջապատող աշխարհին: Ի դեպ, այդ բացիլները մինչ օրս էլ կրում են գիտնական Կոխի անունը:
Տուբերկուլյոզը փոխանցվում է հիվանդ կենդանիների կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև հիվանդ հավերի ձվի միջոցով: Հարուցիչը կարող է փոխանցվել կթվորուհիներին և հիվանդ կենդանիներին խնամող անձնակազմին:
Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ մարդն է` բացիլավոր հիվանդը, ում խորխի հետ արտադրվում են տուբերկուլյոզի բազմաթիվ միկոբակտերիաներ: Տուբերկուլյոզի բաց ձևի ժամանակ հիվանդը կարող է վարակել շրջապատողներին, եթե չպահպանի հիգիենային նախազգուշական միջոցառումները: Ի տարբերություն սերտ շփման` պատահական և կարճ շփման ժամանակ վարակումը հազվադեպ է լինում: Փակ ձևի սկզբնական շրջանում հիվանդներն այնքան էլ վտանգավոր չեն շրջապատի համար, բայց հիվանդության խորացման դեպքում հիվանդները սկսում են արտադրել հարուցիչներ:
Տուբերկուլյոզը ժառանգաբար չի փոխանցվում: Սակայն երեխան կարող է վարակվել ծնողներից, եթե նրանք խախտեն հիգիենայի պահպանման կանոնները: Այն առավել հաճախ տարածվում է օդակաթիլային ճանապարհով. հազալիս, փռշտալիս միկոբակտերիաներ պարունակող խորխի և թքի մանր կաթիլներն ընկնում են օդի մեջ, սենյակի հատակի և պատերի, ինչպես նաև կենցաղային առարկաների վրա: Հատկապես թույլ լուսավորված տեղերում մանրէները երկար պահպանում են իրենց կենսունակությունը:
Օրգանիզմում միկոբակտերիաների ներդնումը կարող է հանգեցնել վարակման, սակայն հիվանդությունը կարող է չառաջանալ: Այն ի հայտ է գալիս օրգանիզմում առկա այլ հիվանդությունների պատճառով, քանզի այդ հիվանդությունները նպաստում են դիմադրողականության անկմանը:

Պաթոգենեզ
Ոսկրերի և հոդերի տուբերկուլյոզի ժամանակ առավել հաճախ ախտահարվում է ողնաշարը, ոտքերի խոշոր (կոնքազդրային, ծնկային, սրունքաթաթային), ոչ հաճախ` ձեռքերի հոդերը, խոշոր և մանր ոսկրերը: Մնացածի համեմատությամբ` հոդերի և ոսկրերի ախտահարման ընդհանուր ախտանշաններն ավելի թույլ են արտահայտվում: Երեխաների հիվանդության վաղ ախտանշանը տրամադրության փոփոխությունն է. երեխան դառնում է ինքնամփոփ, քմահաճ, հրաժարվում է խաղալիքներից և գիշերը վատ է քնում: Երեխան նիհարում է, գունատվում, ի հայտ են գալիս հոգնածություն և ընդհանուր թուլություն: Երեխան քիչ է շարժվում, երբեմն գանգատվում է ողնաշարի, կոնքազդրային կամ ծնկային հոդերի ոչ սուր ցավերից, որոնք ուժեղանում են գիշերը և մեղմանում առավոտյան: Փոքր երեխաները գիշերները բարձր ճչում են, արթնանում, այնուհետև արագ հանգստանում են ու նորից քնում: Հիվանդության խորացմանը զուգընթաց ցավերն ավելի են սաստկանում, հոդը ուռչում է` սահմանափակելով շարժումները: Թեթևակի և ոչ միշտ ի հայտ եկող կաղությունն աստիճանաբար դառնում է նկատելի: Հետագայում, եթե հիվանդը չի բուժվում, հոդը ձևախախտվում է, առաջանում է ախտահարված ոսկրերի և հոդի շրջանի փափուկ հյուսվածքների թարախային քայքայում` խուղակների առաջացմամբ: Երբեմն թարախը ծանրության ուժի տակ հիվանդ հոդից տարածվում է` առաջացնելով տուբերկուլոզային մակահոսուկ:

Ավշահանգույցների տուբերկուլյոզը (ենթածնոտային, պարանոցային, անութային, աճուկային և այլն) դրսևորվում է ավշահանգույցների մեծացմամբ. դրանք դառնում են ցավոտ, վրայի մաշկը բարակում է և կարմրում, կարող է արտահոսվել թարախ (թարախային բորբոքման ժամանակ)` առաջացնելով խուղակ, որի տեղում լավանալուց հետո էլ սպի է մնում:

Երիկամների տուբերկուլյոզըսկզբում սովորաբար այդքան էլ չի անհանգստացնում: Երբ հիվանդությունը տարածվում է երիկամի ավազանի վրա, գոտկատեղը սկսում է ցավել և ջերմաստիճանը բարձրանում է: Եթե ախտահարվում է միզապարկը, առաջանում են հաճախակի միզարձակման ցավագին ցանկություններ:

Աղիքների տուբերկուլյոզը հազվադեպ է հանդիպում: Հիմնականում վարակվում են, երբ կուլ տված խորխի հետ միկոբակտերիաներն ընկնում են աղիքների մեջ: Դրսևորվում է որովայնի ցավերով, փորկապությամբ, լուծով, ինչպես նաև աղիքների փքվածությամբ:
Մաշկի տուբերկուլյոզն ախտահարում է վերջույթները, դեմքը, կրծքի և մարմնի այլ հատվածներ, որոնց վրա թմբիկներ և հանգույցներ են գոյանում: Հիվանդության այլանդակող ձևը մաշկի տուբերկուլյոզային գայլախտն է, որը հազվադեպ է հանդիպում:
Տուբերկուլյոզային ուղեղապատյանաբորբը, ինչպես նաև տուբերկուլյոզի մյուս սուր ու ծանր ձևերը հազվադեպ են հանդիպում: Տուբերկուլյոզային ուղեղապատյանաբորբի ժամանակ նկատվում են համառ գլխացավեր, փսխում, ցնցումներ, մինչև անգամ գիտակցության կորուստ: Տուբերկուլյոզային հիվանդության այս ձևը նախկինում անբուժելի էր և մահվան էր հանգեցնում: Ներկայումս հաջողվում է այն լրիվ բուժել:
Բուժում
Տուբերկուլյոզի բուժումն իրականացվում է խիստ բժշկական հսկողության տակ, սկզբում` հիվանդանոցում, այնուհետև` ամբուլատոր պայմաններում: Տուբերկուլյոզի բուժումը, որպես կանոն, կատարվում է հակատուբերկուլյոզային դեղամիջոցներով, որոնք նշանակվում են երկար ժամանակով (9-12 ամիս, երբեմն` նույնիսկ ավելի):
Այս դեղամիջոցներն արագ վերացնում են հիվանդության ախտանշանները. ջերմաստիճանը դառնում է բնականոն, հազն ընդհատվում է, ընդհանուր ինքնազգացողությունը` լավանում: Բայց դա չի նշանակում, որ հիվանդը լրիվ բուժվել է: Հաճախ հիվանդները գերագնահատում են իրենց վիճակը և դադարում են հետևել բժշկի հրահանգներին: Դրանով նրանք անուղղելի վնաս են հասցնում իրենց, քանզի այդ դեղամիջոցների ոչ ճիշտ օգտագործման կամ բուժման ընդհատման դեպքում կարող է զարգանալ կայունություն այդ դեղամիջոցներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ, որի դեպքում կզարգանա դեղորայքակայուն տուբերկուլյոզ։ Բուժված լինելու փաստը կարող է հաստատել միայն բժիշկը: Տուբերկուլյոզի բուման ժամանակ պարտադիր օգտագործում են օրգանիզմի պաշտպանական ուժերն ամրապնդող մեթոդներ: Առողջարանային ռեժիմը (ուժեղացված սնունդ, չափավոր ֆիզիկական բեռնվածություն) ունի էական նշանակություն: Որոշ դեպքերում վիրաբուժական ժանապարհով հեռացնում են թոքերի, երիկամների և տուբերկուլյոզով ախտահարված այլ հատվածներ:

Ոսկրահոդային տուբերկուլյոզի բուժումն ունի իր առանձնահատկությունները: Ամենից առաջ հարկավոր է հիվանդին, հատկապես երեխային, նախապատրաստել երկարատև բուժմանը և բացատրել, որ բուժարարողությունների ոչ լչիվ կատարումը արդյունավետ չէ և ոչ մի օգուտ չի տա: Երեխան պետք է հասկանա, որ բուժումը պարտադիր պետք է ավարտին հասցնել: Բուժման ժամանակ ընդմիջումները կարող են հանգեցնել հիվանդության սրացման: Հիվանդը պետք է գտնվի հանգիստ վիճակում, բայց միևնույն ժամանակ ապրի բնականոն կյանքով, քանզի լավ տրամադրությունն օգնում է շուտ ապաքինմանը: Հիվանդ օրգանի հանգիստն ապահովելու նպատակով կատարում են տեղային բուժում` սովորաբար գիպսակապ են դնում: Անհրաժեշտության դեպքում կատարում են վիրահատություն: Քանի որ բուժումը երկարատև է, սովորաբար բուժումը կատարվում է հատուկ առողջարաններում, որտեղ նաև հնարավոր է սովորել հանրակրթական դպրոցի ծրագրերը: Որոշ դեպքերում, գիպսակապը դնելուց հետո երեխաներին դուրս են գրում հիվանդանոցից` ամբուլատոր հսկողությամբ: Նման դեպքերում ծնողները պետք է խստորեն կատարեն բժշկի ցուցումները: Շատ կարևոր է, որ պահպանվի գիպսակապի ամբողջականությունը: Դրա համար երեխան պետք է քնի հարթ և չճկվող ներքնակով անկողնում: Մաշկի մատչելի հատվածներն անհրաժեշտ է մաքրել սպիրտով և անհրաժեշտ է գիպսակապը օդափոխել նրա վրա օդի շիթ ուղղելով (օրինակ` փոշեկուլի օգնությամբ), քանզի այն երկարատև կրելիս նրա տակ կարող է թարախակույտ առաջանալ:
Տուբերկուլյոզի բոլոր ձևերի հաջող բուժման նախադրյալներն են բժշկի սահմանած ռեժիմի պահպանումը, բազմատեսակ, վիտամիններով հարուստ սնունդը, ինչպես նաև մաքուր օդը (անհրաժեշտ է հիվանդի սենյակը մշտապես օդափոխել): Ժամանակին կիրառված համալիր բուժումը թույլ է տալիս բուժել հիվանդների ճնշող մեծամասնությանը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի կողմից \\\"Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում\\\" դրամաշնորհային միջոցներով Երևանի մի շարք համայնքներում, ինչպես նաև հանրապետության մարզերում տուբերկուլյոզի դեղակայուն ձևերով հիվանդների բուժման նպատակով բացվում են դեղակայուն հիվանդների բուժման կաբինետներ, հրավիրվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ, վերապատրաստվում են մասնագետներ, նախատեսվում է դեղակայուն հիվանդների ընդլայնված սոցիալական աջակցություն:

Կանխարգելում
Տուբերկուլյոզի կանխարգելումը կատարվում է 3 եղանակով`
- սոցիալական կանխարգելում,
- սանիտարական կանխարգելում,
- առանձնահատուկ հակատուբերկուլյոզային կանխարգելում:

Տուբերկուլյոզի սոցիալական կանխարգելումը միջոցառումների համալիր է, որի նպատակը բնակչության առողջության բարելավումն է: Այն նեռառում է ինչպես կյանքի նյութական պայմանների և կենցաղավարման մակարդակի բարելավումը, այնպես էլ սանիտարական գիտելիքների տրամադրումը:

Տուբերկուլյոզի սանիտարական կանխարգելումն իրենից ենթադրում է հիվանդության բաց ձևով հիվանդների շտապ հոսպիտալացում, ինչպես նաև բնակչության զանգվածային (հատկապես հանրակացարաններում ապրողների) պարբերաբար հետազոտությունների անցկացում:
Վարակման վտանգն առավել իրական է ընտանեկան սերտ շփման մթնոլորտում, ուստի հիվանդների հետ շփված բոլոր անձինք պետք է գտնվեն հակատուբերկուլյոզային դիսպանսերի հսկողության տակ: Տեղամասային բուժքույրն ամեն ամիս պետք է այցելի հիվանդին և հետևի, որ նա ճշտությամբ կատարի բժշկի նշանակումները, ինչպես նաև նա պետք է ընտանիքի անդամներին սովորեցնի հիվանդության կանխարգելման անձնական միջոցառումները, հատկապես` անձնական օգտագործման առարկաների վարակազերծման մեթոդները:

Խորխը հավաքելու համար յուրաքանչյուր հիվանդ պետք է ունենա թքաման. խորխը հավաքում են մինչև թքամանի կեսը լցվելը, այնուհետև վրան ավելացնում են չոր քլորակիր (10 մլ-ին` 2 գ), խառնում են և 2 ժամ թողնում են թքամանի մեջ: Վարակազերծելուց հետո պարունակությունը թափում են կոյուղի, իսկ թքամանը լվանում են սովորական եղանակով:

Հիվանդի սպիտակեղենը (հատկապես թաշկինակները և սրբիչը) հարկավոր է հավաքել առանձին տոպրակի մեջ, լվանալուց առաջ գիշերը թրջել քլորամինի լուծույթով և 30 րոպե եռացնել: Հիվանդի համար առանձնացնում են ամանեղեն, որն առանձին են լվանում (ցանկալի է 15 րոպե եռացնել 2 %-անոց օճառասոդային լուծույթում):
Հիվանդի հագուստը հարկավոր է հաճախ արդուկել և օդափոխել արևի տակ: Հիվանդի սենյակը հարկավոր է պաշտպանել ճանճերից: Երբ հիվանդին հոսպիտալացնում են, սենյակում կատարում են վերջնական վարակազերծում. սենյակի հատակն ու պատերը լվանում են վարակազերծող լուծույթով, իսկ 2 ժամ անց բնակարանը մաքրում են ու չորացնում: Խորհուրդ է տրվում պատերն ու առաստաղը սպիտակեցնել կամ պաստառները փոխել:
Առանձնահատուկ հակատուբերկուլյոզային կանխարգելումն իրականացվում է ԲՑԺ վակցինայով, որը ստացել են ֆրանսիացի գիտնականներ Կալմետը և Գերենը: Վակցինացումը կատարվում է պարտադիր կարգով բոլոր նորածիններին, եթե հակացուցումներ չկան: Պատվաստված երեխաների հիվանդացության մակարդակը մի քանի անգամ ցածր է: Վակցինայի ազդեցության տևողությունը 4-5 տարի է, որից հետո իմունիտետն աստիճանաբար մարում է: Դրա համար մինչև 30 տարեկանը պարբերաբար կատարում են կրկնակի վակցինացում:
Տուբերկուլյոզի բաց ձևով հիվանդների հետ շփվող երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև հիվանդության բարձր ռիսկով հակված անձանց նշանակում են քիմիականխարգելում` հակատուբերկուլյոզային պատրաստուկների ներարկում 3 ամիս ժամանակով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին