Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկական վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է: Դեռևս մ. թ. ա. 27-րդ դարում եգիպտական մումիաների կմախքներում հայտնաբերել են տուբերկուլյոզային ախտահարումների դեպքեր: Իսկ մ. թ. ա. 18-րդ դարում, եթե կինը հիվանդ էր տուբերկուլյոզով, ապա օրենքով թույլատրում էին ամուսնալուծվել: Հիպոկրատը, Մխիթար Հերացին և այլոք իրենց աշխատություններում նկարագրել են տուբերկուլյոզի ախտանշանները: Դեռ այն ժամանակ էլ հայտնի էր, որ հիվանդության առաջացմանը մեծապես նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները: Այնպես որ բնակչության կյանքի նյութական և հիգիենային պայմանների բարելավումը, ինչպես նաև բժշկական նվաճումները նվազեցրեցին հիվանդացությունը և մահացությունների թիվը կրճատվեց:

Տուբերկուլյոզն ուսումնասիրող գիտությունը կոչվում է ֆթիզիատրիա:
Տուբերկուլյոզով հիվանդանում են նաև ընտանի կենդանիները, հիմնականում` խոշոր եղջերավոր անասունները և ընտանի թռչունները:
Տարբերում են`
- թոքային տուբերկուլոզ,
- արտաթոքային տուբերկուլոզ:

Պատճառներ
Մինչ 1890-ականները մարդկությանը դեռեւս հայտնի չէր տուբերկուլյոզի առաջացման պատճառները` միայն 1892թ. գերմանացի գիտնական Կոխը հայտնաբերեց, որ տուբերկուլյոզի տարածման պատճառը ցուպիկ է, որը հիվանդից կարող է փոխանցվել շրջապատող աշխարհին: Ի դեպ, այդ բացիլները մինչ օրս էլ կրում են գիտնական Կոխի անունը:
Տուբերկուլյոզը փոխանցվում է հիվանդ կենդանիների կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև հիվանդ հավերի ձվի միջոցով: Հարուցիչը կարող է փոխանցվել կթվորուհիներին և հիվանդ կենդանիներին խնամող անձնակազմին:
Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ մարդն է` բացիլավոր հիվանդը, ում խորխի հետ արտադրվում են տուբերկուլյոզի բազմաթիվ միկոբակտերիաներ: Տուբերկուլոզի բաց ձևի ժամանակ հիվանդը կարող է վարակել շրջապատողներին, եթե չպահպանի հիգիենային նախազգուշական միջոցառումները: Ի տարբերություն սերտ շփման` պատահական և կարճ շփման ժամանակ վարակումը հազվադեպ է լինում: Փակ ձևի սկզբնական շրջանում հիվանդներն այնքան էլ վտանգավոր չեն շրջապատի համար, բայց հիվանդության խորացման դեպքում հիվանդները սկսում են արտադրել հարուցիչներ:
Տուբերկուլյոզը ժառանգաբար չի փոխանցվում: Սակայն երեխան կարող է վարակվել ծնողներից, եթե նրանք խախտեն հիգիենայի պահպանման կանոնները: Այն առավել հաճախ տարածվում է օդակաթիլային ճանապարհով. հազալիս, փռշտալիս միկոբակտերիաներ պարունակող խորխի և թքի մանր կաթիլներն ընկնում են օդի մեջ, սենյակի հատակի և պատերի, ինչպես նաև կենցաղային առարկաների վրա: Հատկապես թույլ լուսավորված տեղերում մանրէները երկար պահպանում են իրենց կենսունակությունը:
Օրգանիզմում միկոբակտերիաների ներդնումը կարող է հանգեցնել վարակման, սակայն հիվանդությունը կարող է չառաջանալ: Այն ի հայտ է գալիս օրգանիզմում առկա այլ հիվանդությունների պատճառով, քանզի այդ հիվանդությունները նպաստում են դիմադրողականության անկմանը:

Պաթոգենեզ
Առաջին հերթին տուբերկուլյոզի հարուցիչն ախտահարում է թոքերը: Հյուսվածքներում, որտեղ տեղակայվում են միկոբակտերիաները, առաջանում են բորբոքային գործընթացներ` մանր թմբիկների կամ խոշոր օջախների տեսքով: Եթե օրգանիզմի դիմադրողականությունը բարձր է, այդ օջախները կարող են ներծծվել: Հաճախ դրանց շուրջն առաջանում է ամուր պատիճ, իսկ թմբիկները ձևափոխվում են շարակցական հյուսվածքի: Եթե պայմաններն անբարենպաստ են, օջախը քայքայվում է և նրա տեղում առաջանում է խոռոչ, որտեղ միկոբակտերիաները բազմանում են և ախտահարում են թոքերի մյուս բաժինները: Այդպիսի հիվանդների խորխի մեջ մշտապես հայտնաբերվում են բազմաթիվ միկոբակտերիաներ, իսկ եթե առկա է նաև խոռոչ, կարող է առաջանալ թոքային արյունախխում և նույնիսկ արյունահոսություն:

Տուբերկուլոզային միկոբակտերիաներն ախտահարում են ոչ միայն թոքերը, այլև արյան ու ավշի միջոցով կարող են տարածվել օրգանիզմում, խորխի հետ ընկնել բերանի խոռոչի, ըմպանի և կոկորդի լորձաթաղանթների վրա: Այս բոլոր օրգաններում նույնպես առաջանում են բորբոքային օջախներ:

Բուժում
Տուբերկուլյոզի բուժումն իրականացվում է խիստ բժշկական հսկողության տակ, սկզբում` հիվանդանոցում, այնուհետև` ամբուլատոր պայմաններում: Տուբերկուլյոզի բուժումը, որպես կանոն, կատարվում է հակատուբերկուլյոզային դեղամիջոցներով, որոնք նշանակվում են երկար ժամանակով (9-12 ամիս, երբեմն` նույնիսկ ավելի):Այս դեղամիջոցներն արագ վերացնում են հիվանդության ախտանշանները. ջերմաստիճանը դառնում է 

բնականոն, հազն ընդհատվում է, ընդհանուր ինքնազգացողությունը` լավանում: Բայց դա չի նշանակում, որ հիվանդը լրիվ բուժվել է: Հաճախ հիվանդները գերագնահատում են իրենց վիճակը և դադարում են հետևել բժշկի հրահանգներին: Դրանով նրանք անուղղելի վնաս են հասցնում իրենց, քանզի այդ դեղամիջոցների ոչ ճիշտ օգտագործման կամ բուժման ընդհատման դեպքում կարող է զարգանալ կայունություն այդ դեղամիջոցներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ, որի դեպքում կզարգանա դեղորայքակայուն տուբերկուլյոզ։ Բուժված լինելու փաստը կարող է հաստատել միայն բժիշկը:

Տուբերկուլյոզի բուման ժամանակ պարտադիր օգտագործում են օրգանիզմի պաշտպանական ուժերն ամրապնդող մեթոդներ: Առողջարանային ռեժիմը (ուժեղացված սնունդ, չափավոր ֆիզիկական բեռնվածություն) ունի էական նշանակություն: Որոշ դեպքերում վիրաբուժական ժանապարհով հեռացնում են թոքերի, երիկամների և տուբերկուլյոզով ախտահարված այլ հատվածներ:
Տուբերկուլյոզի բոլոր ձևերի հաջող բուժման նախադրյալներն են բժշկի սահմանած ռեժիմի պահպանումը, բազմատեսակ, վիտամիններով հարուստ սնունդը, ինչպես նաև մաքուր օդը (անհրաժեշտ է հիվանդի սենյակը մշտապես օդափոխել): Ժամանակին կիրառված համալիր բուժումը թույլ է տալիս բուժել հիվանդների ճնշող մեծամասնությանը:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի կողմից \\\"Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում\\\" դրամաշնորհային միջոցներով Երևանի մի շարք համայնքներում, ինչպես նաև հանրապետության մարզերում տուբերկուլոզի դեղակայուն ձևերով հիվանդների բուժման նպատակով բացվում են դեղակայուն հիվանդների բուժման կաբինետներ, հրավիրվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ, վերապատրաստվում են մասնագետներ, նախատեսվում է դեղակայուն հիվանդների ընդլայնված սոցիալական աջակցություն:

Կանխարգելում
Տուբերկուլոզի կանխարգելումը կատարվում է 3 եղանակով`
- սոցիալական կանխարգելում,
- սանիտարական կանխարգելում,
- առանձնահատուկ հակատուբերկուլյոզային կանխարգելում:
Տուբերկուլոզի սոցիալական կանխարգելումը միջոցառումների համալիր է, որի նպատակը բնակչության առողջության բարելավումն է: Այն նեռառում է ինչպես կյանքի նյութական պայմանների և կենցաղավարման մակարդակի բարելավումը, այնպես էլ սանիտարական գիտելիքների տրամադրումը:
Տուբերկուլյոզի սանիտարական կանխարգելումն իրենից ենթադրում է հիվանդության բաց ձևով հիվանդների շտապ հոսպիտալացում, ինչպես նաև բնակչության զանգվածային (հատկապես հանրակացարաններում ապրողների) պարբերաբար հետազոտությունների անցկացում:
Վարակման վտանգն առավել իրական է ընտանեկան սերտ շփման մթնոլորտում, ուստի հիվանդների հետ շփված բոլոր անձինք պետք է գտնվեն հակատուբերկուլոզային դիսպանսերի հսկողության տակ: Տեղամասային բուժքույրն ամեն ամիս պետք է այցելի հիվանդին և հետևի, որ նա ճշտությամբ կատարի բժշկի նշանակումները, ինչպես նաև նա պետք է ընտանիքի անդամներին սովորեցնի հիվանդության կանխարգելման անձնական միջոցառումները, հատկապես` անձնական օգտագործման առարկաների վարակազերծման մեթոդները:
Խորխը հավաքելու համար յուրաքանչյուր հիվանդ պետք է ունենա թքաման. խորխը հավաքում են մինչև թքամանի կեսը լցվելը, այնուհետև վրան ավելացնում են չոր քլորակիր (10 մլ-ին` 2 գ), խառնում են և 2 ժամ թողնում են թքամանի մեջ: Վարակազերծելուց հետո պարունակությունը թափում են կոյուղի, իսկ թքամանը լվանում են սովորական եղանակով:
Հիվանդի սպիտակեղենը (հատկապես թաշկինակները և սրբիչը) հարկավոր է հավաքել առանձին տոպրակի մեջ, լվանալուց առաջ գիշերը թրջել քլորամինի լուծույթով և 30 րոպե եռացնել: Հիվանդի համար առանձնացնում են ամանեղեն, որն առանձին են լվանում (ցանկալի է 15 րոպե եռացնել 2 %-անոց օճառասոդային լուծույթում):
Հիվանդի հագուստը հարկավոր է հաճախ արդուկել և օդափոխել արևի տակ: Հիվանդի սենյակը հարկավոր է պաշտպանել ճանճերից: Երբ հիվանդին հոսպիտալացնում են, սենյակում կատարում են վերջնական վարակազերծում. սենյակի հատակն ու պատերը լվանում են վարակազերծող լուծույթով, իսկ 2 ժամ անց բնակարանը մաքրում են ու չորացնում: Խորհուրդ է տրվում պատերն ու առաստաղը սպիտակեցնել կամ պաստառները փոխել:

Առանձնահատուկ հակատուբերկուլոզային կանխարգելումն իրականացվում է ԲՑԺ վակցինայով, որը ստացել են ֆրանսիացի գիտնականներ Կալմետը և Գերենը: Վակցինացումը կատարվում է պարտադիր կարգով բոլոր նորածիններին, եթե հակացուցումներ չկան: Պատվաստված երեխաների հիվանդացության մակարդակը մի քանի անգամ ցածր է: Վակցինայի ազդեցության տևողությունը 4-5 տարի է, որից հետո իմունիտետն աստիճանաբար մարում է: Դրա համար մինչև 30 տարեկանը պարբերաբար կատարում են կրկնակի վակցինացում:
Տուբերկուլյոզի բաց ձևով հիվանդների հետ շփվող երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև հիվանդության բարձր ռիսկով հակված անձանց նշանակում են քիմիականխարգելում` հակատուբերկուլոզային պատրաստուկների ներարկում 3 ամիս ժամանակով:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին