Ծծմբային խցանը իրենից ներկայացնում է արտաքին լսողական անցուղու աճառային հատվածի գեղձերի կողմից արտադրվող ծծումբի և եղջերացած էպիդերմիսի կուտակում:

Ծծմբային խցանի առաջացմանը նպաստում են`

- արտաքին լսողական անցուղու նեղ և ճյուղավորված լինելը
- գեղձերի գերֆունկցիան
- ծծմբային արտադրուկի բարձր մածուցիկությունը

Կլինիկա.Կարող է կլինիկորեն երկար ժամանակ չարտահայտվել, կամ կարող է արտահայտվել ականջում փակվածության զգացումով, երբեմն ռեֆլեկտոր հազով: Լսողության իջեցում լինում է, երբ խցանը ամբողջովին փակում է արտաքին լսողական անցուղու լուսանցքը, իսկ դա լինում է, երբ ականջում հեղուկ է լցվում / օր. լողանալուց հետո/, որի արդյունքում ծծմբային խցանը ուռչում է:

Բուժում. Կատարվում է ծծմբային խցանի հեռացում, կամ արտաքին լսողական անցուղու լվացման ճանապարհով, կամ չոր եղանակով:Եթե լվացման ճանապարհով է կատարվում խցանի հեռացումը, պետք է նախապես ճշտել , թե արդյոք հիվանդը նախկինում չի ունեցել ականջի հիվանդություն, քանի որ պերֆորացիայի առկայության դեպքում` հեղուկը լցվելով թմբկախորշ, կարող է հիվանդության սրացման պատճառ դառնալ:Այդ դեպքում ցուցված կլինի խցանի չոր եղանակով հեռացումը: Նաև կարևոր է հեղուկի ջերմաստիճանը (36-37 C),որպեսզի խուսափենք լաբիրինթի կալորիկ գրգռումից:

Աղբյուրը՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան