Ծռավզությունը գլխի ոչ ճիշը դիրքն է պարանոցի մկանների և այլ փոփուկ հյուսվածքների միակողմանի ձգվածության, ողնաշարի պարանոցային հատվածի ծռումների կամ հիվանդությունների հետևանքով:

Պատճառներ
Առավել հաճախ ծռավզությունը բնածին` պտղի ներարգանդային անկանոն զարգացման հետևանքով: Այն հնարավոր է նաև ծանր ծննդաբերությունների ժամանակ երեխայի պարանոցի փափուկ հյուսվածքների վնասման, ինչպես նաև ցանկացած տարիքում` այրվածքներից , վերքերից, բորբոքային գործնըթացներից հետո պարանոցի վրա սպիների առաջացման հետևանքով: Հաճախ նորածնի գլուխը լինում է երկարած և կարծես կողքերից տափակած: Ծննդաբերությունների հետևանքով առաջացած գլխի այդպիսի ձևափոխությունը հետագայում շտկվում է: Սակայն այդպիսի երեխան պառկում է գլուխը մշտապես կողքի թեքած, ինչը կարող է ծռավզության պատճառ դառնալ:

Պաթոգենեզ
Բնածին ծռավզության հիմնական ախտանշանը գլխի սևեռված խոնարհումն է` ախտահարված մկանի ուղղությամբ, ծոծրակը մոտեցած է նույն կողմի ուսին, իսկ կզակը բարձրացրած է և շրջված դեպի հակառակ կողմը: Բնածին ծռավզության ժամանակ գլխի թեքումը երեխայի կյանքի առաջին իսկ օրվանից նկատելի է: Բուժումն ուշացնելիս ծռավզությանըկարող են միանալ երկրորդային ձևախախտումները` դեմքի անհամաչափությունը, ողնաշարի պարանոցային հատվածի ծռումը: Սպիների հետևանքով առաջացած ծռավզության ժամանակ գլխի խոնարհումը պայմանավորված է դրանց տեղադրությամբ և արտահայտվածությամբ: Երեխայի գլխի շարժումները սահմանափակված են, բայց ցավոտ չեն: Ախտահարված կողմի վրա, պարանոցի մաշկի տակ, շոշափվում է կծկված մկանի պինդ բարձիկը:

Բուժում
Վաղ սկսած և նպատակասլաց բուժումն արդյունավետ է: Ծռավզություն նկատելիս ուղղումն սկսում են 2 ամսականից: Մորը սովորեցնում են ձևախախտումը շտկող բուժական մարմնամարզություն և պարանոցի մերսման կանոնները: Բուժական մարմնամարզություն կատարում են հետևյալ ձևով. աջակողմյան ծռավզության ժամանակ աջ ձեռքը դնում են երեխայի կզակին, ձախը` ծոծրակին (ձախակողմյան ծռավզության դեպքում` հակառակը): Կզակը շրջում են դեպի կծկված մկանի կողմը, իսկ գլուխը թեքում ձևախախտման հակառակ կողմը: Այդ շարժումները պետք է կատարել թեթև ու նուրբ, և առավելագույն թեքած դիրքում գլուխը պահել մի քանի վայրկյան: Երեխան չպետք է ցավ զգա: Այդպիսի ձեռքային շարժումները պետք է կրկնել օրը 4-5 անգամ` 5-10 րոպե տևողությամբ:

Յուրաքանչյուր սեանսից հետո հարկավոր է երեխայի գլուխը սևեռել ձեռքբերած դիրքում: Դրա համար կապագլխարկին (առողջ կողմին համապատասխան) կապում են երիզ, որը քորոցով ամրացնում են երեխայի կրծքակալին: 1-ին վարժությունները մայրը կատարում է բժշկի ներկայությամբ: Բուժական մարմնամարզության սեանսից հետո ձեռքի բութ մատով կատարում են պարանոցի ախտահարված կողմի թեթևակի շոյող մերսում, իսկ հակառակ կողմում` ուժեղ մերսում: Մերսումից հետո օգտակար են ջրային բուժարարողությունները: Այդպիսի բուժումը երկարատև է` մինչև ձևախախտման լրիվ ուղղումը և շարունակվում է մի քանի ամիս: Այդ շրջանում, քնելիս երեխային հարկավոր է անկողնում պառկեցնել գլուխը դեպի առողջ կողմը թեքած: Մահճակալը սենյակում պետք է այնպես դրվի, որ երեխան նայի և գլուխը շրջի սենյակում գտնվող մարդկանց կողմը: Մահճակալի վրա` ախտահարման հակառակ կողմում, կախում են վառ գույնի խաղալիքներ: Որոշ դեպքերում ծռավզության ժամանակ կատարում են վիրահատություն, որից հետո ծնողները բժշկի հսկողությամբ շարունակում են բուժական մարմնամարզությունն ու մերսումը:

Կանխարգելում
Խորհուրդ է տրվում նորածին երեխաների ծոծրակի տակ դնել փափուկ թանզիֆի "օղաբլիթ", որպեսզի գլխի դիրքն ուղիղ լինի: Ուշադիր մայրը, նկատելով չնչին և նույնիսկ ոչ կայուն որևէ անհամաչափություն, պետք է անմիջապես դիմի բժշկի:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին