A.Մեծ ցնցումային նոպաներ
Մեծ ցնցումային նոպան (grand mal) ակնթարթորեն առաջացող վիճակ է։ Հիմնական ախտանիշը գիտակցության անջատումն է, որը կարող է հասնել ընդուպ մինչև կոմա։ Հիվանդը վայր է ընկնում այնտեղ, ուր նրան «գտնում է» նոպան։ Սկզբում դիտվում եմ տոնիկ բնույթի ցնցումներ (մինչև 30-50 վրկ տևողությամբ), այնուհետև՝ կլոնիկ ցնցումներ, որոնք կարող են դիտվել 2-3 րոպեի ընթացքում։ Նոպան ամբողջովին ենթարկվում է ամնեզիայի, և այդ վիճակի մասին հիվանդները տեղեկանում են կամ ականատեսներից, կամ էլ որոշակի պատկերացումներ են կազմում իրենց մոտ դիտվող և իրենց հետ կատարվող զանազան սոմատովեգետատիվ և մնացորդային խանգարումներից, նշում են մկանային արտահայտված թուլություն, քնկոտություն, ցավեր հոդերում, բերանի խոռոչում, հատկապես՝ եթե նոպայի ընթացքում հիվանդը կծում է շրթունքները, լեզուն։ Նոպայի ժամանակ և դրանից հետո բնորոշ են հաճախասրտությունը, դիսպնոեն, գունատությունը կամ ցիանոզը, հիպերհիդրոզը և սալիվացիան (թքարտադրությունը)։
Մեծ ցնցումային նոպային, երբեմն, նախորդում է աուրան։ «Աուրա» բառը նշանակում է հովիկ՝ շատ դեպքերում հիվանդը նոպայի սկզբում զգում է «սառնավուն հովիկ»։ Աուրան կարող է արտահայտվել ամենատարբեր ձևերով՝ զգայական, շարժողական, վեգետատիվ, հոգեկան և այլն։ Զգայական աուրան կարող է լինել տեսողական (շրջապատը ընկալվում է վառ գունավորված, տեսնում են բոց ու կրակ, լույս և այլն), լսողական (լսում են աղմուկ, երաժշտություն), համի և հոտի (ունենում են տհաճ համի զգացում, ծխի, փոշու, խանձվածի հոտ են առնում) և այլն։ Հնարավոր են նաև պարեսթետիկ բնույթի աուրաներ՝ սառնության, ջերմության, մրջյունների սողալու զգացում և այլն։

Շարժողական աուրան դրսևորվում է զանազան, երբեմն՝ տարօրինակ, շարժումներով՝ պտույտով սեփական առանցքի շուրջը, իմպուլսիվ քայլվածքով։

Վեգետատիվ աուրան, հիմնականում, արտահայտվում է կրծկոսկրի հետևում, սրտագդալի շրջանում տհաճ զգացումներով, հաճախ են նաև որովայնային ցավերը, սրտխառնոցները։

Հոգեկան աուրան դասվում է այլ ախտաբանական վիճակների շարքին և դիտվում է որպես գիտակցության մթագնում, օնեյրոիդ, դեպրեսոնալիզացիա, deja vu և jamais vu երևույթներ, տագնապներ և այլն։

Աուրան (եթե այն նախորդում է մեծ ցնցումնային նոպային) հիվանդի համար ազդանշան է հերթական նոպան սկսվելու մասին։ Ընդ որում յուրաքանչյուր հիվանդի մոտ աուրան միշտ միևնույն բնույթի է։ Եթե աուրան չի նախորդում նոպային, ապա այն դիտվում է որպես ոչ ցնցումնային նոպա։

Ցնցումների և աուրայի կլինիկական կառուցվածքը շատ կարևոր է էպիլեպտոգեն ֆոկուսի (օջախի) տեղակայումը որոշելու հարցում։ Այդ օջախը կարող է տեղակայվել գլխուղեղի կեղևում և ցողունում, ինչն էլ պայմանավորում է նոպայի կլինիկական առանձնահատկությունները։

Մեծ ցնցումային նոպան ավարտվում է հետնոպային վիճակով՝ սկզբում դիտվում է սոպորոզ վիճակ, որն աստիճանաբար անցնում է սոմնոլենցիայի, հետո շշմածության և գիտակցության պարզման։ Երբեմն կարող են դիտվել գիտակցության կարճատև մթագնումներ։ Նոպաների ժամանակ հիվանդները կարող են վնասվածքներ ստանալ (այրվածքներ, կոտրվածքներ), որոնց հետևանքով մարմնի վրա առաջանում են սպիներ և հետքեր, խեղումներ։

Կախված ցնցումների բնույթից առանձնանում են մեծ ցնցումային նոպաների հետևյալ տեսակները՝

* Դասական ցնցումային նոպան սկսում է ուժեղ ճիչով, հիվանդի վայր ընկնելով և գիտակցության սրընթաց անջատումով։ Միաժամանակ սկսում են ցնցումները, որոնք ընթանում են երկու փուլով՝ տոնիկ և կլոնիկ։ Առաջին փուլը տևում է մինչև 1-1.5 րոպե, որի ժամանակ տեղի է ունենում լեզվի կամ այտերի կծում, դիտվում են կլոնիկ բնույթի ցնցումներ։ Երկրորդի ժամանակ, որը տևում է մինչև 3 րոպե, տեղի է ունենում ակամա միզաարձակություն կամ դեֆեկացիա։
* Աբորտիվ ցնցումային նոպան տարբերվում է նախորդից փուլերից որևէ մեկի բացակայությամբ, հաճախ՝ կլոնիկ։ Որպես օրենք, չեն դիտվում ակամա միզարձակություն և դեֆեկացիա, լեզուն և շրթունքները ավելի հազվադեպ են կծում։
* Ատիպիկ ցնցումային նոպա։ Ցնցումային մեծ նոպաները երբեմն դրսևորվում են, այսպես կոչված, ատիպիկ ձևերով, հատկապես երեխաների մոտ՝ նոպան ընթանում է կամ տոնիկ, կամ կլոնիկ փուլով, երբեմն ել ուղղակի ամբողջ մարմնի մկանների թուլությամբ կամ միակողմանի ցնցումների ձևով։
* Էպիլեպտիկ ստատուսը (status epilepticus) վիճակ է, երբ մեծ ցնցումային նոպաները հաջորդում են մեկը մյուսին և նրանց միջև ընկած ժամանակահատվածում հիվանդի գիտակցությունը չի վերականգնվում։

B. Փոքր ցնցումային նոպաներ
Փոքր ցնցումային նոպաների (petit mal) ժամանակ՝ ի տարբերություն մեծ նոպաների, գիտակցության անջատումը շատ կարճատև է (մինչև մի քանի վայրկյան), բացակայում են աուրան, հետնոպային փուլը (վիճակը) և մկանների ցնցումները։ Սովորաբար հիվանդները վայր չեն ընկնում։ Տարբերում ենք փոքր նոպաների չորս տեսակ։

* Աբսանս (հասարակ փոքր նոպա). բառացիորեն աբսանսը (absence) նշանակում է բացակայել։ Այն բնութագրվում է գիտակցության հանկարծակի անջատումով առանց ցնցումների և հիվանդի վայր ընկնելու։ Արտահայտվում է ընթացիկ կատարվող գործողությունների և խոսքի դադարումով կամ ընդհատումով։ Հիվանդն անշարժանում է այն դիրքում, որում վրա էր հասել նոպան։ Երբեմն նոպան զուգորդում է պարանոցի մկանների տոնուսի թուլացումով, ինչի արդյունքում գլուխը «ընկնում է» առաջ։
* Միոկլոնիկ փոքր նոպաները տարբերվում են աբսանսներից առանձին խումբ մկանների (վերջույթների, դեմքի) ռիթմիկ, փոքրածավալ ցնցումներով։
* Պրոպուլսիվ փոքր նոպաներն ընթանում են պարանոցի և մարմնի ծալիչների կարճատև տոնիկ սպազմերով, ինչի արդյունքում հիվանդը թեքվում է առաջ (պրոպուլսիա)։ Սրանց տարբերակն է, այսպես կոչված, «սալամ-նոպան»՝ արտաքնապես շատ նման ավանդական արևելյան ողջույնին. գլուխն ու մարմինը մի փոքր թեքվում են առաջ, ձեռքերը տարվում են դեպի կրծքավանդակը։
* Ռետրոպուլսիվ փոքր նոպաները բնութագրվում են գլխի և մարմնի մկանների տոնիկ կծկումով, դեպի հետ։ Հաճախ, նման նոպաներն ուղեկցվում են տեղում դոփելով, իր առանցքի շուրջ պտույտներ կատարելով, թեքումներով՝ աջ կամ ձախ։

Փոքր նոպաների հաճախականությունը բազմազան է։ Սրանք կարող են լինել եզակի ողջ կյանքի ընթացքում, կարող են լինել պարբերաբար և կրել կանոնավոր բնույթ։ Երբեմն դրանք կարող են անընդհատ հաջորդել մեկը մյուսին։ Այն դեպքում, երբ իրար հաջորդող նոպաներից հետո գիտակցությունը չի պարզվում, խոսք է գնում էպիլեպտիկ ստատուսի մասին։ Գիտակցության պարզվելու դեպքում կարող ենք խոսել սերիական նոպաների մասին։
Վերը նշված բոլոր նոպաները դիտվում են էպիլեպսիայի, գլխուղեղի օրգանական հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև՝ սուր ինֆեկցիաների և ինտոքսիկացիաների ժամանակ։

 

Սկզբնաղբյուրը՝  Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին