Ծննդաբերությունը բարդ ֆիզիոլոգիական գործնթաց է, որով ավարտվում է հղիությունը: Ծննդաբերության ժամանակ տեղի է ունենում արգանդի խոռոչից պտղի և ընկերքի արտամղում ծննդաբերական ուղիներով: Ֆիզիոլոգիական ծննդաբերությունը վրա է հասնում 10 մանկաբարձական (9 օրացույցային) ամիս անց, երբ պտուղը դառնում է հասուն և արտարգանդային գոյությանն ընդունակ: Առավել հաճախ ծննդաբերությանը նախորդում են նախանշաններ, որոնք ի հայտ են գալիս սովորաբար ծննդաբերությունից 1 շաբաթ առաջ. արգանդի հատակը խիստ թեքվում է դեպի առաջ, որովայնն իջնում է, և շնչառությունը դյուրին է դառնում, մարմնի քաշը թեթևակի նվազում է` օրգանիզմից հեղուկների ուժեղացած արտազատման հետևանքով, արգանդն արագորեն կծկվում է, պնդանում, քանի որ մկանների գրգռականությունը բարձրանում է:

Ծննդաբերությունից առաջ` հղիության ամենավերջին օրերին, արգանդից նկատվում է թանձր, մածուծիկ, հաճախ արյունախառը լորձային արտադրություն (դուրս է մղվում հղիության ընթացքում արգանդի վզիկի խողովակը փակող լորձային խցանը), առաջանում են սրբոսկրի, ազդրերի, որովայնի ստորին հատվածի ցավեր: Ծննդաբերության նախանշաններն ի հայտ գալիս կինը չպետք է վախենա, այլ պետք է զգույշ լինի, երկար ժամանակ չպետք է տնից բացակայի, քանի որ ցանկացած պահի կարող են սկսվել արգանդի կանոնավոր կծկումներ. նման դեպքում հարկավոր է կնոջն անհապաղ տեղապոխել ծննդատուն: Նախանշանների ժամանակ կարող է նաև սկսվել պտղաջրերի արտահոսք, որն անգույն բծերի տեսքով հայտնաբերվում է սպիտակեղենի վրա: Դա հղի կնոջը ծննդատուն տեղափոխելու ազդանշան է, քանի որ պտղաջրերի հետ հեշտոց կարող է դուրս գալ նաև պորտալարի հանգույցը կամ պտղի ձեռքը: Բացի այդ, մինչև ծննդաբերությունը պտղաջրերի արտահոսքը նպաստում է արգանդի խոռոչ վարակի ներթափանցմանը:

Ծննդաբերության սկիզբ համարվում են կանոնավոր երկունքի ցավերը: Սկզբում դրանք թույլ են լինում և հղի կնոջն առանձնապես չեն անհանգստացնում, սակայն աստիճանաբար դառնում են ավելի ուժգին, երկարատև և ի հայտ են գալիս 5-6 րոպեն մեկ` 30-40 վայրկյան տևողությամբ: Առաջնածին կանանց ծննդաբերությունը տևում է 15-20 ժամ, կրկնածիններինը` 10-12 ժամ: Ծննդաբերության տևողության վրա մեծ ազդեցություն ունեն կնոջ տարիքը (28-30 տարեկանից բարձր առաջնածինների ծննդաբերությունը տևում է ավելի երկար), պտղի մեծությունը, արգանդի կծկումների ուժը և այլն: Ծննդաբերությունն ընթանում է 3 շրջանով. առաջնածինների 1-ին առավել երկարատև շրջանը տևում է միջին հաշվով 13-18 ժամ, կրկնածիններինը` 10-11 ժամ: Երկունքի ցավերն սկսվելիս արգանդի կծկումների հետևանքով խոռոչը փոքրանում է, պտղապարկի ստորին բևեռն սկսում է սեպաձև խրվել արգանդի վզիկի խողովակի մեջ` նպաստելով դրա կարճանալուն և բացմանը:

Այդպիսով վերանում է ծննդաբերական ուղիներով պտղի շարժման խոչընդոտը: 1-ին շրջանի վերջում պտղապարկը պատռվում է և պտղաջրերը արտահոսում են: Երբեմն պտղապարկը չի պատռվում, և պտուղը ծնվում է պտղապարկով հանդերձ (<<ծնվում է շապիկով>>): Արգանդի վզիկի բացումը և պտղաջրերի արտահոսքը արգանդի մկաններին հնարավորություն են տալիս սկսելու պտղի արտամղումն արգանդից (ծննդաբերության 2-րդ շրջան): Այդ ժամանակ ռիթմիկ կրկնվող կծկումներին միանում են որովայնի և ստոծանու մկանների կծկումները (ծննդաբերական ճիգեր): Վերջիններիս ժամանակ ծննդաբերը լարվում է, սկսվում է պտղի տեղաշարժը ծննդաբերական խողովակով: Պտուղը կատարում է ծննդաբերությունը թեթևացնող իրար հաջորդող և որոշակի շարժումներ:

Ծննդաբերական ուղին, որով առաջ է շարժվում պտուղը կազմված է փոքր կոնքի ոսկրերից, արգանդի վզիկի, հեշտոցի, կոնքի հատակի փափուկ հյուսվածքներից և ունի ծռված խողովակի տեսք: Ծննդաբերական խողովակի մուտքը փոփոխության չենթարկվող ոսկրային օղ է, որի բնականոն լայնական չափը 13 սմ է, ուղիղ չափը` 11սմ: Այդպիսի չափերն անհրաժեշտ են ծննդաբերության ժամանակ պտղի գլխի անցման համար: Փոքր չափերը խոչընդոտում են գլխի անցմանը, ձգձգում և դժվարացնում ծննդաբերությունը, իսկ երբեմն անհրաժեշտ դարձնում մանկաբարձական վիրահատությունները: Ծննդաբերական ուղիների փափուկ հյուսվածքները կարող են ձգվել: Պտղի գլուխը հարմարվում է կոնքի ամենամեծ չափին, որի հետևանքով ծննդաբերության 2-րդ շրջանի սկզբում այն խոնարհվում է, և կզակը մոտենում է կրծքին, իսկ դեմքը նայում է աջ կամ ձախ: Ծննդաբերական խողովակով առաջ շարժվելով` պտուղը կատարում է պտույտ այնպես, որ ծոծրակը շրջվում է դեպի առաջ, իսկ դեմքը դեպի հետ` դեպի մոր սրբոսկրը: Պտղի գլուխն սկսում է ճնշել կոնքի հատակի, ուղիղ աղիքի և հետանցքի վրա: Այնուհետև ճիգերի ժամանակ գլուխն սկսում է սեռական ճեղքից երևալ (կարծես մխրճված լինի դրա մեջ): Ճիգերի ավարտից հետո գլուխը նորից անհետանում է, և շուտով վրա է հասնում այնպիսի պահ, երբ գլուխը երևում է նույնիսկ ճիգերի միջև ընկած ժամանակամիջոցում: Այդ ժամանակ ծնունդն ընդունող մանկաբարձը ձեռնամուխ է լինում նորածնին ընդունելու:

Պտղի արտամղման շրջանում կինը կարող է կարգավորել ճիգերը` այն արագացնել կամ դանդաղեցնել` անպայման հետևելով մանկաբարձի խորհուրդներին: Դա հնարավորություն է տալիս պտղի գլուխն ազատել ծննդաբերական ուղիներից` առանց փափուկ հյուսվածքները վնասելու: Մարմնի երևալով` ավարտվում է ծննդաբերության 2-րդ շրջանը, որն առաջնածին կանանց մոտ տևում է 1,5-2 ժամ, կրկնածինների մոտ` 30 րոպեից մինչև 1 ժամ: Պորտալարը, որով նորածինը միացած է ընկերքին, կտրում են և կապում: Ծնվելուց անմիջապես հետո երեխան սկսում է շնչել և ճչալ:

Երեխայի ծնվելուց հետո սկսվում է ծննդաբերության 3-րդ` ընկերքային շրջանը: Այդ շրջանում, որը տևում է 30 րոպե, ընկերքն անջատվում է արգանդի պատերից և ծնվում: Ընկերքը կազմված է պլացենտայից (մանկան տեղ), պորտալարից և պտղաթաղանթներից: Երբ անջատված ընկերքն իջնում է հեշտոց, ծննդաբերը ցանկություն է ունենում ճիգեր գործադրելու և այն արտամղելու, որի հետևանքով ծնվում է ընկերքը: Վերջինիս անջատումն ուղեկցվում է չնչին (մինչև 250 մլ) արյունահոսությամբ:Բժիշկը մանրամասն դիտում է ծնված ընկերքը` պլացենտայի և պտղաթաղանթների ամբողջականությունը որոշելու համար. դա անհրաժեշտ է հետծննդյան արյունահոսության կանխման համար, որը կարող է սկսվել արգանդի խոռոչում ընկերքի մասնիկների առկայության հետևանքով: 3-րդ շրջանով ավարտվում է ծննդաբերությունը, և սկսվում է հետծննդյան շրջանը: Ծննդաբերության ավարտից հետո կինը 2 ժամ պետք է գտնվի ծնարանում` բժշկի և մանկաբարձի խիստ հսկողության տակ, քանի որ հնարավոր է կյանքին վտանգ սպառնացող արյունահոսություն: Բարդությունների բացակայության դեպքում ծննդկանին տեղափոխում են հետծննդյան հիվանդասենյակ: Նորածնին 1-ին օգնություն (կշռում, մարմնի չափումներ, պորտալարի մշակում և այլն) են կազմակերպում ծնարանին կից հատուկ սենյակում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին