Նկարագրություն

Ծեփուկաբորբը առնանդամի գլխիկի մաշկի բորբոքում է: Այն սովորաբար ուղեկցվում է ծայրային թլիպի ներսային թաղանթի բորբոքմամբ` թլիպածեփուկաբորբով (բալանոպոստիտ):

Պատճառներ

Առավել հաճախ առաջանում է թլիպանեղացման (ֆիմոզ) ժամանակ` մեզով գրգռվելու, քայքայվող թլպաճարպի (սմեգմա) կուտակման հետևանքով: Հաճախ նկատվում է նաև միզուկաբորբի, շաքարախտի ժամանակ:

Պաթոգենեզ

Ծեփուկաբորբի և թլիպածեփուկաբորբի դեպքում առնանդամի գլխիկի շրջանում առաջանում են քոր և այրոց, որոնք ուժեղանում են միզելուց հետո: Այդ շրջանում մաշկը և ծայրային թլիպը կարմրում են, այտուցվում, ծածկվում մակերեսային մանր խոցերով: Ծայրային թլիպի սեղմված բացվածքից արտադրվում է թարախ: Նկատվում է ընդհանուր թուլություն, երբեմն` աճուկային ավշահանգույցների մեծացում: Սուր բորբոքման շրջանում հարկավոր է ընդհատել սեռական հարաբերությունները: Եթե ծեփուկաբորբն առաջացել է թլկիպանեղացման հետ կապված, ապա չի կարելի առնանդամի գլխիկն ինքնուրույն մերկացնել, քանի որ այն կարող է առաջացնել առնանդամի գլխիկի ճողվածք (նեղացած ծայրային թլիպով) և բորբոքային տարածում, այնուհետև` առնանդամի փտախտ: Անհրաժեշտ է դիմել ուռոլոգի:

Բուժում

Բուժումն իրականացվում է պոլիկլինիկայում կամ հիվանդանոցում:

Կանխարգելում

Կանխարգելման համար կարևոր են անձնական հիգիենայի կանոնների պահպանումը և թլիպանեղացման ժամանակին բուժումը: Առավոտյան և քնելուց առաջ հարկավոր է տաք ջրով և օճառով առնանդամը լվանալ, գլխիկը բացել և թլպաճարպը մաքրել: Լվանալուց հետո գլխիկը ծածկել ծայրային թլիպով: Եթե առնանդամը չի մերկանում ծայրային թլիպի խիստ սեղման պատճառով, կատարում են լոգանք կալիումի գերմանգանատիթույլ լուծույթով: Թլիպանեղացման դեպքում անհրաժեշտ է վիրահատական բուժում: