Նկարագրություն
Տրիխոցեֆալոզը ճիճվային հիվանդություն է, որն առաջացնում են մարդու աղիքներում մակաբուծող կլոր որդերը` մազագլուխները: Մարդու օրգանիզմում կարող է լինել 1-ից մինչև մի քանի հարյուր, նույնիսկ հազար մազագլուխ: Մակաբուծման տևողությունը մինչև 5 տարի է:

Պատճառներ
Որդի ձվերն արտաթորանքի հետ ընկնում են արտաքին միջավայր և զարգանում (2 շաբաթ և ավելի) հողի մեջ, որից հետո այդ ձվերն արդեն կարող են վարակել մարդկանց: Վարակի միակ աղբյուրը հիվանդ մարդն է, որն աղտոտում է հողը մազագլխի ձվերով: Առողջ մարդը վարակվում է չլվացած բանջարեղեն, հատապտուղներ կամ աղտոտված ջրամբարների ջուր օգտագործելուց:
Սովորաբար տրիխոցեֆալոզի օջախներն առաջանում են այնտեղ, որտեղ բնակելի շենքերի մոտ կան մարդու արտաթորանքով ախտոտված խոնավ և մութ տեղեր:

Պաթոգենեզ
Հիվանդը կարող է գանգատներ չունենալ, բայց մեծ մասամբ նկատվում են ախորժակի վատացում, գլխացավեր, գլխապտույտ, դյուրագրգռելիություն, փորկապություն, ընդհանուր թուլություն և այլն: Ախտորոշումը հաստատվում է արտաթորանքում մակաբույծի ձվերի հայտնաբերմամբ:

Բուժում
Տրիխոցեֆալոզը բուժում է բժիշկը:

Կանխարգելում
Տրիխոցեֆալոզի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հողը և ջուրը պաշտպանել ախտոտումներից, խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները (ուտելուց առաջ ձեռքերը լվանալ), օգտագործումից առաջ բանջարեղենի և հատապտուղների վրա եռացրած (ապա անմիջապես սառը) ջուր լցնել, բաց ջրամբարների ջուրն օգտագործել միայն վարակազերծելուց (եռացրած) հետո:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին