Նկարագրություն
Տրիխոմոնոզը (տրիխոմոնիազ) մարդու և կենդանիների միզասեռական օրգանների բորբոքային հիվանդություն է, որով հիվանդանում են տղամարդիկ և կանայք:

Պատճառներ
Հիվանդությունն առաջացնում են միաբջիջ օրգանիզմները` տրիխոմոնասները: Հարուցիչը փոխանցվում է սեռական ճանապարհով, երբեմն` հիվանդի անձնական օգտագործման առարկաների միջոցով: Նորածին աղջկա օրգանիզմի առանձնահատկություններից ելնելով` հնարավոր է նրա վարակվելը ծննդաբերության ժամանակ (տրիխոմոնոզով հիվանդ մորից): Հեշտոցային տրիխոմոնոզներն անկայուն են շրջակա միջավայրի տարբեր գործոնների (օրինակ` արևի ճառագայթների) ազդեցության նկատմամբ և արագ ոչնչանում են:

Պաթոգենեզ
Տղամարդկանց տրիխոմոնոզը, որպես կանոն, ընթանում է աննկատ: Միզուկաբորբը կարող է ուղեկցվել աննշան լորձային արտադրությամբ, և հիվանդը, չկասկածելով տրիխոմոնոզի առկայության մասին, չի բուժվում` դառնալով վարակի մշտական աղբյուր: Տրիխոմոնոզը չբուժելիս բորբոքումը կարող է տարածվել ամորձիների հավելումների վրա և հաճախ անպտղության պատճառ դառնալ: Հնարավոր է հիվանդության անցումը քրոնիկական ընթացքի, որը դժվար է բուժվում:
Կանանց տրիխոմոնոզը հիմնականում արտահայտվում է հեշտոցաբորբով: Նկատվում են թարախային, փրփրոտ, տհաճ հոտով առատ արտադրություն, հեշտոցի և ամոթույքի շրջանի քոր և այրոց: Հազվադեպ, օրգանիզմի դիմադրողականության անկման շրջանում (որևէ հիվանդության հետևանքով), ինչպես նաև դաշտանի ժամանակ, բորբոքումը կարող է տարածվել արգանդի և հավելումների վրա: Կնոջ օրգանիզմում տրիխոմոնոզ հայտնաբերելիս պետք է բուժել նաև ամուսնուն:

Բուժում
Բուժումը տևական է, որն ինքնուրույն, ոչ ժամանակին դադարեցնելիս (հիվանդության դրսևորումներն անհետանալիս) կարող է հանգեցնել կրկնությունների (ռեցիդիվների) և դեղանյութերի նկատմամբ կայուն տրիխոմոնասների առաջացման:
Բուժման ընթացքում անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Ամեն օր փոխել սպիտակեղենը (տաք արդուկով արդուկած), լողանալ ցնցուղի տակ և այլն: Բուժումից հետո 2-3 շաբաթ պարբերաբար հետազոտվել:

Կանխարգելում
Տրիխոմոնոզի կանխարգելման նպատակով կարևոր է անձնական և սեռական հիգիենայի կանոնների պահպանումը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը` Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին