Հարթ մաշկի խրոնիկական տրիխոֆիտիան, որը գերազանցապես դիտվում է կանանց մոտ, ոչ հազվադեպ զուգորդվում է գլխի մազածածկ մասի (սև-կետային տրիխոֆիտիա) և եղունգների ախտահարման հետ։ Տեղակայվում է ամենից հաճախ սրունքների, հետույքի, նախաբազուկների, ծնկային և արմնկային հոդերի մաշկի վրա, հաճախ համաչափորեն։ Ախտահարման օջախներն ունեն առողջ մաշկից խիստ սահմանագծված վարդամանուշակագույն բծերի տեսք՝ չափահաս մարդու ափի և ավելի մեծությամբ, մակերեսի վրա շատ թե քիչ արտահայտված թեփոտումով։ Թեփերը՝ մերթ մանր-թերթիկավոր, մերթ ալրանման, ծածկում են բծի կամ ամբողջ մակերեսը, կամ նրա ոչ մեծ տեղամասերը։ Երբեմն թեփոտման հետ մեկտեղ կարելի է նկատել խմբավորված կամ օղականման դասավորված մանր, կարմիր գույնի հանգույցիկների ցանավորում։ Սուբյեկտիվ խանգարումները բացակայում են, երբեմն արտահայտվում են թեթև քորով։ Չբուժելու դեպքում հիվանդությունը կարող է շարունակվել շատ տարիներ, առողջացումից հետո հաճախ դիտվում են կրկնումներ։

Հարթ մաշկի խրոնիկական տրիխոֆիտիայի զարգացման պատճառը օրգանիզմի համար արդեն սովորական դարձած սնկի նկատմամբ մաշկի խիստ թույլ ռեակցիան է, որը առավել հաճախ պայմանավորված է էնդոկրին խանգարումներով (կանանց սեռական գեղձերի հիպոֆունկցիա), Իցենկո-Կուշինգի հիվանդություն և այլն), հիպովիտամինոզով (A, C), ծայրամասային արյան շրջանառության խանգարումով (ակրոցիանոզ)։ Բուժման նկատմամբ համառությունը և հակումը դեպի կրկնումները կարող են մասնակիորեն բացատրվել աղվամազերի ախտահարումով։

Բուժումը։ Ֆունգիցիդ միջոցների երկարատև, համառ օգտագործում, յոդի 5%-անոց սպիրտային լուծույթ, նիտրոֆունգին, Կաստելանիի ներկ, 10-15 %-անոց ծծմբա-ձյութային օծանելիք կամ Վիլկինսոնի օծանելիք։ Միաժամանակ տարվում է գրիզեոֆուլվինով բուժում մինչ սնկիկների լրիվ անհետանալը աղվամազում (միջինը 30-40 օր)։

Դրա հետ մեկտեղ կիրառվում է ընդհանուր բուժում։ էնդոկրին խանգարումների ժամանակ նշանակվում են համապատասխան հորմոնային պրեպարատներ (սինեստրոլ, ֆոլիկուլին՝ կանանց սեռական գեղձերի հիպոֆոլեկցիայի դեպքում) ակրոցիանոզի ժամանակ՝ նիկոտինաթթու։ Հանձնարարվում էէ նաև վիտամինների օգտագործում (A, C):

Ափերի ու ներբանների խրոնիկական տրիխոֆիտիան բնութագրվում է մաշկի գերեղջերացումով ու թեփոտումով՝ գերազանցապես օղականման օձիքների և ոչ մեծ թեփոտվող կետերի, այսպես կոչված "օդային բըշ֊ տիկների" ձևով։ Հաճախ զուգորդվում է եղունգների ախտահարման հետ, որը հեշտացնում է ախտորոշումը։

Բուժում։ Սկզբում կատարում են եղջերաշերտի շերտազատում եղջերալուծող օծանելիքներով (Ac. Salicylici 3,0; Ac lactici 1,5; Ung. Diachylon 30,0 և այլն), որից հետո անցնում են ֆունգիցիդ միջոցներին, գերազանցապես ծծմբաձյութային օծանելիքներին (մասնավորապես Վիլկինսոնի օծանելիք)։ Միաժամանակ նշանակում են գրիզեոֆուլվին։

Գլխի մազածածկ մասի խրոնիկական (սև-կետային) տրիխոֆիտիա։ Դիտվում է գրեթե բացառապես կանանց մոտ։ Ընթանում է առանց բորբոքային երևույթների և բնութագրվում է ալրանման թեփոտման ոչ մեծ օջախներով, որոնց վրա հայտնաբերվում են կոտրված մազեր, մազապարկերի մուտքի մակարդակին՝ սև-կետերի ձևով։ Երբեմն հայտնաբերվում են միայն կոտրված մազեր։ Ախտահարման օջախները կարող են ցրված լինել ամբողջ դեմքի մազածածկ մասի վրա, ամենից հաճախ տեղակայվում են ծոծրակային և քունքային շրջաններում։ Շատ անգամ կարելի է նկատել ցրված, մանր, ատրոֆիկ սպիներ։ Սև-կետավոր տրիխոֆիտիան ընթանում է հիվանդների համար աննկատ և կարող է գոյություն ունենալ տասնյակ տարիներ։ Շատ անգամ այն զուգորդվում է հարթ մաշկի ու եղունգների խրոնիկական տրիխոֆիտիայի հետ, որը և սովորաբար առիթ է տալիս նրա ճանաչման համար։ Հայտնաբերվում է ամենից հաճախ դիսպանսերային հետազոտությունների ժամանակ, որոնք անց են կացվում տրիխոֆիտիայով երեխաների վարակման աղբյուրները հայտնաբերելու նպատակով։

Բուժումը՝ ինչպես գլխի մազածածկ մասի մակերեսային տրիխոֆիտիայի սովորական ձևի ժամանակ։

Եղունգների տրիխոֆիտիա։ Դիտվում է ինչպես մեկուսացած, այնպես էլ տրիխոֆիտիայի այլ ձևերի հետ զուգորդված։ Հաճախ ախտահարվում են ձեռքերի մատների եղունգները։ Ախտահարումն սկսվում է եղունգների ազատ ծայրից, հազվադեպ՝ կիսալուսնաձև շրջանից ։ Եղունգաթերթիկի հաստության մեջ ի հայտ են գալիս մոխրա-սպիտակ բծեր ու զոլեր։ Հետագայում եղունգաթերթիկր հաստանում է, դառնում է փխրուն ու կոտրվող։ Նրա մակերեսը կորցնում է ողորկությունը, ձեռք է բերում անհարթ, թմբիկավոր տեսք, եղունգը հեշտությամբ փշրվում է։ Աստիճանաբար ախտահարումը կարող է ընդգրկել ամբողջ եղունգաթերթիկը։ Բնորոշ է եղունգային գլանիկների բորբոքման բացակայությունը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին